Դեպի ավելի խորացված ԱԲ կրթություն․ «STEP.ai» դասավանդողների վերապատրաստումն ու նոր հնարավորությունները Քոլեջում
Ելենա Օհանյան
Սեպտեմբերի 10-11-ը ՏՀՏ գործատուների միության գրասենյակում մասնակցեցի «STEP ai — Արհեստական բանականության և տվյալների վերլուծության հիմունքներ» առարկան դասավանդող ուսուցիչների երկօրյա վերապատրաստման դասընթացին։ Հանդիպումը, որն համախմբել էր ոլորտի առաջատար կառույցներին (UEICT, AGBU AVC, Synopsys Armenia), կարևոր հարթակ էր ինչպես ծրագրի մեթոդաբանական ու տեխնիկական նորություններին ծանոթանալու, այնպես էլ հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները քննարկելու համար։
Վերապատրաստման ընթացքում ինձ համար հատկապես առանցքային էր ԿԶՆԱԿ-ի ներկայացուցչի ելույթն ու դրան հաջորդած ակտիվ մասնագիտական քննարկումը։ Այդ քննարկումների արդյունքում արձանագրեցինք մի շատ կարևոր ու ոգևորիչ փաստ, որը վերաբերում է հենց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջին: Մեր Քոլեջի «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտության համար «STEP.ai»-ի 3-ամյա ծրագիրը դառնում է 2,5 տարի և արդեն հունվարից պաշտոնապես ներառվում է ուսումնական ծրագրում՝ որպես ՄԿՈՒ մասնագիտական կրթական առարկա։ Սա որակական մեծ առաջընթաց է, քանի որ այս տարվա 1-ին կուրսի ուսանողները ծրագիրը կանցնեն հաստատված մասնագիտական ձևաչափով, իսկ ուսումնառության ավարտին դասընթացը պաշտոնապես կարտացոլվի նրանց ավարտական դիպլոմներում։
Բացի այդ, ծրագրի շրջանավարտների համար բացվում է մասնագիտական աճի լուրջ հեռանկար․ նրանք հնարավորություն կունենան 50% զեղչով ուսումը շարունակելու Հայաստանում Ֆրանսիական համալսարանում (UFAR)։ Իսկ ավելի բարձր՝ 2-րդ և 3-րդ մակարդակների խմբերը կշարունակեն իրենց ուսումնառությունը որպես ընտրությամբ խմբակներ՝ նույնպես օգտվելով Ֆրանսիական համալսարանի ընձեռած այս արտոնությունից։
Ավելին՝ հղումով։