Ի՞նչ է COP-ը. Կլիմայական համաժողովի նպատակներն ու նշանակությունը
COP-ը (Conference of the Parties) թարգմանաբար նշանակում
է Կողմերի համաժողով։ Այն ՄԱԿ-ի տարբեր միջազգային կոնվենցիաների բարձրագույն կառավարող
մարմինն է։ Աշխարհում ամենահայտնին և ամենաշատ քննարկվողը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության
մասին համաժողովն է, որն անցկացվում է ամեն տարի։
Այս գագաթնաժողովներին տարբեր երկրների ղեկավարներ,
դիվանագետներ, գիտնականներ և ակտիվիստներ հավաքվում են՝ քննարկելու գլոբալ տաքացումը,
ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարը։
Կլիմայական COP-երի ամենակարևոր պատմական քայլերը
- COP1 (1995 թ., Բեռլին): Առաջին հանդիպումը, որտեղ
երկրները պայմանավորվեցին կանոնավոր կերպով հավաքվել արտանետումները վերահսկելու
համար։
- COP3 (1997 թ., Կիոտո): Ընդունվեց հայտնի Կիոտոյի
արձանագրությունը, որն առաջին անգամ զարգացած երկրներին պարտավորեցրեց կրճատել
վնասակար արտանետումները։
- COP21 (2015 թ., Փարիզ): Պատմական պահ, երբ ստորագրվեց
Փարիզի համաձայնագիրը։ Դրա գլխավոր նպատակն է թույլ չտալ, որ մոլորակի միջին ջերմաստիճանը
բարձրանա 1,5–2°C-ից ավելի։
- COP28 (2023 թ., Դուբայ): Երկրներն առաջին անգամ
պաշտոնապես պայմանավորվեցին հրաժարվել հանածո վառելիքից (նավթ, գազ, ածուխ) և
անցնել վերականգնվող էներգիայի։
- COP29 (2024 թ., Բաքու): Գլխավոր թեման դարձավ
կլիմայական ֆինանսավորումը՝ միջոցների հատկացումը աղքատ երկրներին՝ կլիմայի փոփոխության
հետևանքների դեմ պայքարելու համար։
Ի՞նչ են նշանակում COP-ի կողքի թվերը
Թիվը ցույց է տալիս, թե հանդիպումը որերորդն է հերթականությամբ։
Օրինակ՝ COP29-ը 29-րդ համաժողովն է 1995 թվականից ի վեր։
COP-ի այլ տեսակներ
Թեև ամենից հաճախ խոսվում է կլիմայի մասին, COP հապավումը
կիրառվում է նաև ՄԱԿ-ի այլ համաձայնագրերի համար.
- Կենսաբազմազանության COP (բնության, բույսերի և
կենդանիների պահպանություն)։
- Անապատացման դեմ պայքարի COP (հողերի և չորային
շրջանների պաշտպանություն)։
Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր։
2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17)։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձություններից մեկն է, որին սպասվում է ավելի քան 15,000 պատվիրակի ժամանում աշխարհի շուրջ 196 երկրներից։
Ավելին՝ կայքում։