Հանրակրթական ծրագրի սովորողի ընդունելության կարգ
2026-2027 ուսումնական տարի
Հաստատված է կրթահամալիրի կառավարման
խորհրդի 2026թ. հուլիսի 16-ի նիստում։
Կրթահամալիրի բազային կրթության Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներ (այսուհետ՝ դպրոց-պարտեզ), տեխնոլոգիական հանրակրթության միջին դպրոց (այսուհետ՝ միջին դպրոց), հետազոտական վարժարան (այսուհետ՝ ավագ դպրոց) ընդունվողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ծանոթ են կրթահամալիրում ստեղծվող, իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը։ Ընդունելությունը տարածական սահմանափակումներ չունի։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը կրթահամալիրի ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով, դասարանում առավելագույնը 2 սովորողի հաշվարկով (ներառական ուսուցման կազմակերպման պահանջով կրթահամալիրի դպրոց ընդունվող ԿԱՊԿՈՒ երեխայի ընտանքի 1-11-րդ դասարանում սովորող անդամը սովորում է կրթահամալիրում)։ Սովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է, բացառությամբ 9-րդ, 12-րդ դասարանների: Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է կրթական համայնքի ընտանիքների անդամ երեխաներին։
Այլալեզու սովորողների ընդունելությունը կազմակերպվում է սույն կարգով։
Այլ երկրից եկած սովորողի դասարանը որոշվում է ՀՀ ԿԳ նախարարի 24.11.2010թ. N1640 Ն հրամանով (վերջին փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարի 19.05.2026թ. N 15-Ն հրամանով)։
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խմբերը գործում են դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբերը ձևավորվում են կրթահամալիրի 2-5 տարեկանների տարատարիք խմբերի և դիմող այն երեխաներից, որոնց 5 տարեկանը լրացել կամ լրանում է ընթացիկ տարում։ Խմբում սաների քանակը 25-30 է: Ընդունելության ժամանակ մատուցվող ծառայության համար սանի ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ համապատասխան դպրոց-պարտեզի կամ քոլեջի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել խումբը:
«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, որի վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարաններ՝ համապատասխան դասարանի, տարիքի երեխան։ Դասարանները գործում են դպրոց-պարտեզներում: Ազատ տեղերի առկայության դեպքում ծնողը (օրինական ներկայացուցիչը) կարող է ընտրել դասարանը: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար մարտին, հունիսին, օգոստոսին: Ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբարին մասնակցելը պարտադիր է։ Ուսումնական տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա տարատարիք ճամբարը, հանրապետության պետական ուսումնական ուսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Մուտքի ճամբարին մասնակցած, ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության, լրացուցիչ կրթական ծառայությունների մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ դպրոց-պարտեզի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր։ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով և ժամկետներում ծնողը (օրինական ներկայացուցիչը) 1-ին դասարան ընդունվողի հայտը լրացնում է նաև Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ առաջին դասարանցիների հայտագրման առցանց հարթակում։ Ուսումնական տարվա ընթացքում և 2-3-րդ դասարաններ ընդունվողների մասին փոփոխությունը ԿՏԿՀ-ում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։
4-6-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են դպրոց-պարտեզներում: Սովորողը, ծնողը կարող են ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Ընդունելության համար դիմողի համար մինչև մուտքի ճամբարը կազմակերպվում է առցանց աշխատարան, որի արդյունքում ստեղծվում է դիմողի ուսումնական բլոգը, դիմողը և նրա հետ աշխատողը կարողանում են գնահատել դիմողի հայտը։ Մուտքի ճամբարը կազմակերպվում է հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 17-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ուսումնառության, լրացուցիչ կրթական ծառայություններ մասին ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ դպրոց-պարտեզի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը ԿՏԿՀ-ում կատարում է համապատասխան դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարը։
Միջին դպրոցի 7-8-րդ դասարաններ ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 6-րդ դասարանը ավարտած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է ելքի-մուտքի ստուգատես։ Այլ ուսումնական հաստատություններից դիմողի համար մինչև մուտքի ճամբարը կազմակերպվում է առցանց աշխատարան, որի արդյունքում ստեղծվում է դիմողի ուսումնական բլոգը, դիմողը և նրա հետ աշխատողը կարողանում են գնահատակել դիմողի հայտը։ Մուտքի ճամբար կազմակերպվում է հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 17-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև երկարօրյա տարատարիք ճամբարը, ուսումնական օրացույցով որոշված հունվարյան, ամառային ուսումնական ճամբարները։ Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած, ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության, լրացուցիչ կրթական ծառայությունների մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ միջին դպրոցի տնօրենը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը ԿՏԿՀ-ում կատարում է միջին դպրոցի գրասենյակի ղեկավարը։
Մասնագիտական կողմնորոշման մեկամյա ուսուցման 9-րդ դասարան ընդունվում է 8-րդ դասարանն ավարտած սովորողը, ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ուսումնական երրորդ շրջանը դիմող 9-րդ դասարանցի սովորողը, ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով: Ընդունվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի 29-ից հուլիսի 8-ը, օգոստոսի 17-ից։ Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային արձակուրդների օրերին: Մուտքի ճամբար է նաև արտագնա 3-5-օրյա ճամբարը, ստեղծագործական հավաքը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած և ընդունվել ցանկացող սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ ծրագրի ղեկավարը կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը ԿՏԿՀ-ում կատարում է միջին դպրոցի գրասենյակի ղեկավարը։
Հետազոտական վարժարանի (Ավագ դպրոցի) 10-րդ դասարան դիմում է 9-րդ դասարանն ավարտած սովորողը, 11-րդ դասարան՝ համապատասխան դասարանի սովորողը, հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողը, ԿԳՄՍՆ սահմանած կարգով: 12-րդ դասարանում առկա ուսուցման ծրագրում ընդունելություն չի արվում։ Կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշման ծրագրի 9-րդ դասարանն ավարտած սովորողը 10-րդ դասարան դիմում է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով գրանցված առաջադիմության հիման վրա (ուսումնական պլանի պարզաբանումներ, կետ 24)։ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով և ժամկետներում 10-րդ դասարան ընդունվողի հայտը լրացվում է նաև ԿՏԿՀ ավագ դպրոցների հայտագրման առցանց հարթակում։
Սովորողի ընդունելությունը կազմակերպվում է մուտքի ճամբարով։ Մուտքի ճամբարը կազմակերպվում է հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, երկու փուլով՝ հնգօրյա երևանյան, եռօրյա արշավային։ Կրթահամալիրի մասնագիտական կողմնորոշման ծրագրի 9-րդ դասարանն ավարտած սովորողի ընդունելությունը կազմակերպվում է ճամբարի երևանյան փուլով։
Ուսումնական տարվա ընթացքում դիմողի համար մուտքի ճամբար կազմակերպվում է հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներին։ 11-րդ դասարան ընդունվելու համար սովորողը կարող է դիմել մինչև 2026թ. հունվարի 16-ը. նման դեպքում նրա համար մուտքի ճամբարը կազմակերպվում է դպրոցի հունվարյան ուսումնական ճամբարում։ Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է:
Սովորողը երևանյան ճամբարում իր ընտրությամբ մասնակցում է ըստ ուսումնական բնագավառների կազմակերպվող աշխատարաններից մեկին, յուրացնում է բլոգավարության համար անհրաժեշտ նախնական հմտություններ, մասնակցում է շրջակա միջավայրի խնամքին, երաժշտության պարի, մարզական պարապմունքների, ծանոթանում է հեղինակային ծրագրի ուսումնական պլանին, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, ուսումնառության պայմանագրին, կազմում իր անհատական ուսումնական պլանի նախագիծը։ Աշխատարանի բովանդակությունը և աշխատակարգը ավագ դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է մասնաժողովը։ Անհրաժեշտության դեպքում ճամբարում մի բնագավառից կարող է գործել մեկից ավելի աշխատարան։ Սովորողը կարող է մուտքի տարբեր ճամբարներում մասնակցել տարբեր աշխատարանների։
Արշավային ճամբարում մասնակցում է վերելքի, 5-10 կմ քայլարշավի, միջավայրի խնամքի աշխատանքներին, երկրագործական, բնապահպանական աշխատանքներին, ճամբարային օրացույցի մարզական, երաժշտական, տեխնոլոգիական բաղկացուցիչներին։
Ճամբարի արդյունքների հիման վրա սովորողի ուսումնառության և լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու մասին Ավագ դպրոցի տնօրենը սովորողի և նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ կնքում է սահմանված ձևի պայմանագիր: Ընդունվողի մասին փոփոխությունը ԿՏԿՀ-ում կատարում է Ավագ դպրոցի գրասենյակի ղեկավարը։