Եռօրյա բացահայտում Վրաստանում. ապագա ուղեկցորդների և մասնագետների փորձաշրջանը Թբիլիսիում։
Մարիամ Ասատրյան
Հուլիսի 7-9-ը Քոլեջի ուսանողական խմբով ձեռնարկեցինք անմոռանալի և խիստ նպատակային եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի Վրաստան։ Սա սովորական զբոսաշրջային այց չէր. մեր առջև դրված էր հստակ խնդիր՝ գործնական միջավայրում փորձարկել ապագա ուղեկցորդների լոգիստիկ հմտությունները, ուսումնասիրել նոր, ոչ ստանդարտ երթուղիներ և վերհանել Թիֆլիսի հայկական պատմամշակութային հետքերը։
Մեր ուղևորությունը, որը ղեկավարում էր Տիգրան Զոհրաբյանը, լի էր բացահայտումներով՝ սահմանային անցակետից մինչև հինավուրց բերդերի ու ժամանակակից ճարտարապետության սինթեզ։
Ճամփորդությունը ծառայեց իր նպատակին. ձևավորվեց նախաձեռնող ուսանողների կայուն կորիզ, ովքեր պատրաստ են ինքնուրույն հանդես գալ որպես ուղեկցորդի օգնական, ուղղությունը կազմելու նախագծի օգնական: Մեր ստեղծած բլոգային պատումներն ու մեդիանյութերը նոր ուղղության ուղեցույց կծառայի կրթահամալիրի հաջորդ խմբերի համար։
Մասնակիցների ամփոփումն ըստ իրենց մասնագիտական հայացքի՝
- Մարիամ Մկրտչյան «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող՝․․․․Որպես ապագա ուղեկցորդներ հասկացանք, որ յուրաքանչյուր վայրի մասին պետք է ոչ միայն ներկայացնել պատմական փաստերը, այլ նաև հետաքրքիր պատմություններով ներգրավել զբոսաշրջիկներին։ Հատկապես հայկական եկեղեցիների այցելության ժամանակ կարևոր էր քայլերթը կառուցել ժամանակագրական հերթականությամբ, որպեսզի այցելուները կարողանային ամբողջական պատկերացում կազմել Թբիլիսիի հայկական պատմության մասին․․․․․
- Նարե Արղության «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող՝․․․Թբիլիսիում հին և նոր ճարտարապետության համադրությունը շատ հետաքրքիր տպավորություն թողեց։ Ապակե կամուրջը, լինելով ժամանակակից կառույց, ներդաշնակորեն լրացնում է պատմական միջավայրը և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պահպանել հինը՝ միաժամանակ զարգացնելով նորը․․․ճարտարապետության մեջ. շատ եմ սիրում նման լուծումներ․․․․․․
- Էլեն Գրադլյան «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող՝․․․․Դրական կողմերը. Գլխավոր զբոսաշրջային վայրերում ցուցանակները երկլեզու են (վրացերեն և անգլերեն):Բացասական կողմերը. Հին քաղաքի նեղլիկ ու լաբիրինթոս հիշեցնող փողոցներում ֆիզիկական ցուցանակները երբեմն պակասում են, ինչը ստիպում է զբոսաշրջիկին հույսը դնել թվային քարտեզների (Google Maps, Yandex) վրա: Նաև տրանսպորտը ունի միայն վրացերենով գրված երթուղի, որն այդքան էլ հարմար չէ․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։