Ուսումնական օրացույցի վարման կարգ
Կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։
Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում փոփոխություններն արվում են կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը հրապարակում է կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը «Ուսումնական օրացույց» բլոգում, կրթահամալիրի կայքի «Օրացույց» բաժնում։
Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները։ Դրանք կազմում և հրապարակում են դպրոցների, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների աշխատակարգերի հիման վրա։
Կրթահամալիրի ամսվա ուսումնական օրացույցը կազմվում է մինչև նախորդ ամսվա վերջին երեքշաբթի օրը՝ կրթահամալիրի մասնաժողովի նիստը։ Օրացույցը կազմվում է կրթահամալիրի տարեկան, դպրոցների, ուսումնական կենտրոնների ամսական օրացույցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի հիման վրա։ Օրացույցը հրապարակում է մանկավարժության կենտրոնը։ Օրացույցում հիմնավորված լրացումներ, փոփոխություններ արվում են ուսումնական շաբաթվա նախորդ ուրբաթ օրը։ Փոփոխություններն առաջարկում են դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարները՝ ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները։
Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմվում է ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա։ Օրվա աշխատակարգում գործերը ներառվում են հղումներով։
Օրվա աշխատակարգը ուսումնական օրացույցի բլոգում հրապարակվում է նախորդ աշխատանքային օրը՝ մինչև 13։00, որպես նախագիծ։ Դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները մինչև 15։00 դրանում լրացում առաջարկում են գրավոր՝ հղում-հիմնավորումով։ Դրանից հետո աշխատակարգը հրապարակվում է նաև կրթահամալիրի կայքում։ Ուսումնական օրացույցում փոփոխություն արվում է միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։
Ուսումնական օրացույցի օրվա աշխատակարգն ունի հաստատուն կետեր:
Աշխատանքային բոլոր օրերին՝
8:00-ից՝ ուսումնական երթ կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով.
9:00-ից՝ գործունեություն 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, Քոլեջում. ուսումնական պարապմունքներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, հետազոտական վարժարանում, քոլեջում.
9։00-9։15՝ ընդհանուր պարապմունքներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում, հետազոտական վարժարանում, քոլեջում.
13։30՝ երկարացված օրվա ճամբարներ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներում, միջին դպրոցում։
Օրվա երկրորդ կեսին՝ ուսումնական պարապմունքներից հետո, հաստատուն են նաև՝
- ստեղծագործական խմբերի հանդիպումները (երգչախմբեր, պարերգի, պարի խմբեր՝ շաբաթը երկու անգամ, Գրական ակումբ՝ շաբաթը մեկ անգամ, մանկավարժական ակումբ — ամիսը մեկ անգամ)․
- մանկավարժական խորհուրդների, մասնագիտական խմբերի հավաքները՝ ամիսը առնվազն մեկ անգամ.
- դասավանդողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներ՝ ըստ խմբերի ծրագրի.
- Առարկայական ֆլեշմոբները՝ ամիսը մեկ անգամ.
- ուսումնական ժամերգություն, ուրբաթ-համերգ՝ շաբաթը մեկ անգամ.
- աշխատողների ժողով՝ ամիսը մեկ անգամ.
- վարչական խորհրդի, մասնաժողովի հավաքներ՝ ամիսը 1-2 անգամ.
Բոլոր տեսակի հանդիպումները և հավաքները օրացույցում արձանագրվում են համակարգողների ներկայացրած աշխատակարգի հիման վրա, որում պիտի արտացոլված լինեն հավաքի, հանդիպման ամսաթիվը, վայրը, մասնակիցների ցուցակը, նպատակը, կազմակերպման ձևը, անհրաժեշտության դեպքում կցված լինեն տեղեկություններ մարդու, թեմայի մասին։
Նախաձեռնության տևողությունը չպիտի գերազանցի 60 րոպեն:
Օրացույցում ներկայացված նախաձեռնությունը պիտի հաստատված լինի դպրոցի ղեկավարի, մասնագիտական խմբի, ուսումնական կենտրոնի ղեկավարի կողմից:
Երկու և ավելի կարևոր նախաձեռնություն չեն կարող կազմակերպվել միևնույն օրվա միևնույն ժամին: Օրվա, ժամի փոփոխությունը արվում է համաձայնությամբ:
Ուսումնական օրացույցում արտացոլվում են նաև օրվա ուսումնական ճամփորդությունները:
Ուսումնական օրացույցի կատարողականը
Ուսումնական օրացույցում ընդգրկված նախաձեռնությունների կատարողականի պատասխանատուն դպրոցների, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարներն են:
Հավաքները, հանդիպումները, կլոր սեղանները, ընդունելությունները, ճամփորդությունները լուսաբանվում են կայքում: