Արձագանք ասուլիսի հրապարակումներին
Հարգելի՛ լրագրողներ
Կրթահամալիրում 2026թ. մարտի 26-ի ասուլիսն ունեցավ բուռն արձագանք։ Շնորհակալ ենք ձեր տեղեկատվական աջակցության և համագործակցության համար։ Արձանագրում ենք մի ազդեցություն։ Այսօրվա դրությամբ ունենք համաձայնություն ԿԳՄՍՆ հետ. մարտի 27-ին կնքվել է սուբսիդիայի մասին պայմանագիր 2026թ. հինգ ամսվա համար (հունվար-մայիս)՝ ըստ նախարարության հաշվարկների, կրթահամալիրն ըստ դրա նախահաշիվ է ներկայացրել ԿԳՄՍՆ։ Նախահաշվի հաստատմամբ կրթահամալիրի աշխատողները աշխատավարձ կստանան, երկու ամիս ժամանակ կլինի կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարության, լիազորված պետական մարմնի կողմից խնդրի վերջնական-ամբողջական լուծման, կրթահամալիրի պետական ֆինանսավորման 2006-2023թթ անխաթար գործած կարգը վերականգնելու համար։
Մեզ համար քննարկելի չեն կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման կանոնադրությունը, կւառուցվածքը, առնվազն 1991թ.-ից անընդհատ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների գոյությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025թ. N850-Ն որոշման պահանջով ուսուցչի՝ 2020թ-ից գործող դրույքաչափի (նվազագույն աշխատավարձի) պահպանումը։ 2026թ. պետական ֆինանսավորումը պիտի պահպանի կրթահամալիրի 2006-2023թթ ֆինանսատնտեսական վիճակը և բարելավի. չի կարող հակառակը լինել։ Սրան են ուղղված սեբաստացի կրթական համայնքի հայտարությունը, իրավական աջակցության խմբի գործունեությունը, արհմիութենական կազմակերպության, համայնքի ջանքերը։ Հուսով ենք՝ դուք կշարունակեք հարցին հետամուտ լինել։
Մենք ուժի մեջ ենք համարում կրթահամալիրի կառավարման խորհրդի՝ 2026թ. մարտի 10-ին հաստատած ծախսերի նախահաշիվը՝ ըստ ֆինանսավորման հայտերի, որ ներկայացրել են կրթահամալիրի դպրոցները՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնց վերաբերում է կառավարության 2025թ. N850-Ն որոշումը։ Ծնողական համայնքը չի կարող թույլ տալ, որ սովորողների-սաների ուսումնառության պայմանագրերով որոշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար լրավճարներով ձևավորված ոչ պետական միջոցներն ուղղվեն կրթահամալիրի դպրոցների օրինական հասանելիք պետական հատկացումների պակասը լրացնելուն։ Առանց այն էլ հունվար-մարտին դպրոցների գործունեության ամբողջ ծախսը արվել է ոչ պետական միջոցներով, ինչպես 2025-ի հունվար-մարտին։
Ի պատասխան ասուլիսից «Ազատություն» լրատվականի հրապարակման մեջ ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի հաղորդման, արձանագրում ենք երկու բան.
- հարգելի տիկին Սարգսյանի պնդմանը, որ նախարարությունում
2023թ. սեպտեմբեր-դեկտեմբերին, 2024թ. հունվարին նույնպես 140000 դրամով է հաշվարկված
ուսուցչի նվազագույն աշխատավարձը, հակասում են կրթահամալիրին սուբսիդիայի տրամադրման
2023թ. սեպտեմբերի, 2024թ. հունվարի պայմանագրերը, որոնք պահպանվում են նաև նախարարությունում.
- կրթահամալիրի 6 դպրոցների հաստիքացուցակները մինչև ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.08.2021թ. N 65-Ն հրամանով կրթության կառավարման միասնական համակարգի վարման կարգի հաստատումը և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրի ներդրումը, առանձին-առանձին հաստատվել (ստորագրվել-կնքվել) են նախարարության կողմից։ Այդ փաստաթղթերը նույնպես պահպանվում են նախարարությունում և կրթահամալիրում։ Ի՞նչն է փոխվել։
Եվ վերջապես՝ ոչ մեր կողմից առաջացած այս անհամաձայնության «իրեղեն ապացույցներ»։
- Մտեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, տեսեք՝ ինչ դպրոցներ են պարտադիր գրանցված Հայաստանի դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, ԿԳՄՍ նախարարի 2021թ. N 65-Ն հրամանով սահմանված կարգով։ Այդտեղ կհանդիպեք կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց, Ավագ դպրոց ուսումնական հաստատություններին։ Եկեք կրթահամալիր, անցեք գործող դպրոցներով։
- Գտեք կրթահամալիրում աշխատող մի ուսուցչի, որի աշխատավարձը
2021թ. սեպտեմբերին գրանցվել, հաշվարկվել է 140000 դրամով։ Չեք գտնի։ Կրթահամալիրի
կառավարման խորհրդի որոշումով 2020թ. փետրվարից ուսուցչի դրույքաչափը սահմանվել, հաշվարկվել
և վճարվել է 160000 դրամով։ Այդպես է եղել նաև 2021թ. սեպտեմբերի 1-ին։ Այդ դրույքաչափը
ենթակա է պահպանության, ինչպես պահանջվում
է ՀՀ կառավարության 2025թ. N850-Ն որոշմամբ։