Բենչմարքինգի այց

Բենչմարքինգի այց

Լիլիթ Սահակյան

2026թ. փետրվարի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց բենչմարքինգի այց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) քոլեջ։ Այցի նպատակը «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության կրթական ծրագրի համեմատական ուսումնասիրությունն էր՝ գործընկեր հաստատության փորձի, կազմակերպական մոդելի և որակի ապահովման մեխանիզմների վերլուծության միջոցով։

Սեբաստացի քոլեջի ներկայացուցիչները հանդիպեցին ՀԱՊՀ քոլեջի որակի պատասխանատուների և ծրագրի դասախոսների հետ։ Քննարկման առանցքում էին կրթական ծրագրի կառուցվածքը, ուսումնառության արդյունքների ձևակերպումը, դասավանդման մեթոդները, գնահատման համակարգը, ուսանողների պորտֆոլիոյի վարումը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի կազմակերպումը։ Ուսումնասիրվեցին նաև համապատասխան փաստաթղթերը՝ կրթական ծրագիրը, առարկայական նկարագրերը, գնահատման չափանիշները և ներքին որակի ապահովման ընթացակարգերը։

Այցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երկու հաստատությունների մոտեցումների տարբերություններին։ Եթե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում գերակշռում է նախագծային և մեդիակրթական ուսուցման մոդելը՝ բաց կրթական միջավայրով և հրապարակային արդյունքներով, ապա ՀԱՊՀ քոլեջում առավել ընդգծված է դասական, կառուցվածքային ուսուցման ձևաչափը՝ հստակ սահմանված գնահատման փուլերով և գործիքային հմտությունների խորացմամբ։

Փետրվարի 25-ին հրապարակվեց բենչմարքինգի գործընթացի տեսական և մեթոդական ամփոփումը, որտեղ ներկայացվեցին համեմատական վերլուծության արդյունքները և ձևակերպվեցին բարելավման ուղղությունները։ 

Իրականացված բենչմարքինգի այցը դարձավ ոչ միայն փորձի փոխանակման հարթակ, այլև ինքնավերլուծության հնարավորություն։ Այն հնարավորություն տվեց գնահատելու սեփական ուժեղ կողմերը, տեսնելու զարգացման ռեսուրսները և հստակեցնելու կրթական ծրագրի կատարելագործման հաջորդ քայլերը։


MSKH college