Աշխատանքի նոր տարի
Հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի տեսաուղերձը
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի տեսաուղերձը Ղազարավանի իր պատշգամբից։ Տիարը ներկայացնում է հեղինակային ծրագրի դասավանդողի աշխատանքային նոր տարին՝ որպես նոր մակարդակում խնդիր լուծելու, չօգտագործված հնարավորություններից օգտվելու, փոխակերպման հնարավորություն, յուրաքանչյուրիս համար փոխակերպում ունենալու պարտավորություն։
2026-ը սկսում ենք կարևոր գործով՝ տնօրենի ընտրությամբ, ուսումնական ճամբարներում կրթահամալիրի զարգացման ծրագրի նախագծային աշխատանքով։ Զարգացման ծրագրում դրվում են ֆինանսական և ԿԳՄՍՆ հետ հարաբերությունների խնդիրները, որոնք առաջնահերթ են դարձել ծրագրով առաջընթացը ապահովելու համար։
Հեղինակային մանկավարժության հեղինակը հենց կրթահամալիրն է՝ փորձարարական-հետազոտական միավորումը՝ հավաքանիով։ Կանոնադրական նորմ է, որ կանոնադրության մեջ փոփոխությունները արվեն, մեր կյանքի հարցերը լուծվեն կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների միջոցով, կրթական համայնքով, այնպես, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել դրանց մշակմանը, հաստատմանը։
Ժամանակը սահմանափակ է. պարտավոր ենք հունվարին ԿԳՄՍՆ ներկայացնել կրթահամալիրի պետական ֆինանսավորման մեր հաշվարկները, մինչև հունվարի 23-ը ներկայացնել զարգացման ծրագիրը։ Սա պարտադիր է դարձնում աշխատանքը այս պահից սկսելը։
Տեսանյութը՝ Էլյա Սահակյանի։