Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հոբելյանական 70-րդ տարեդարձն ենք նշում:
Նշում ենք կրթահամալիրի 35 ամյակը և կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի 70 ամյակը
Մարդու
կյանքի յոթ փուլերը նկարագրելիս, դպրոցական փուլի մասին այսպես է գրել Շեքսպիրը իր
«Ինչպես կամենաք» պյեսում.
…Իսկ հետո նվնվացող
դպրոցականը` իր պայուսակով,
վաղորդյան ցոլացող
դեմքով, խխունջի նման ծանրաքայլ ,
իր կամքին հակառակ
դպրոց է գնում:…
Չափազանց դժվար է, ուղղակի անհնար է հակառակվել հանճարեղ Շեքսպիրի գրած որևէ մտքին: Այդուհանդերձ, այդ տողերը գրվելուց մոտ 400 տարի հետո Հայաստանի մայրաքաղաքում հիմնադրվեց անընդհատ զարգացող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր նախակրթարաններով, տարրական, միջին ու ավագ դպրոցներով և Քոլեջով, որը առաջին անգամ խախտեց մեծ իմաստասերի մարգարեական դարձած միտքը: Ավելի քան 4000 սովորող, որոնց մոտ 60%-ը 61 ավտոբուսներով Երևանի տարբեր մասերից ու մոտակա գյուղերից մեծ սիրով և ուրախությամբ են գալիս Կրթահամալիրի դպրոցները ու օրվա մեծ մասն էլ այստեղ անցկացնում: Կրթահամալիրի ամենամեծ առավելությունը որպես հանրակրթական ուսումնական հաստատություն այն է, որ այստեղ և՛ ուսուցանումը, և՛ ուսումնառությունը նպատակաուղղված են որքան հնարավոր է ճիշտ լուծում տալ մանկավարժության գերխնդրին՝ աշխատել բացահայտել յուրաքանչյուր սովորողի նախասիրությունները, ու դրանց հիման վրա էլ զարգացնել միայն իրեն հատուկ անհատական կարողունակությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր հեղինակային կրթական ծրագրով, մեր հանրապետության անկախության տարիների ընթացքում ստեղծված կրթական մեծ արժեք է:
Շնորհավոր «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի հիմնադրման 35 ամյակը:
Շնորհավոր «Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի 70 ամյակը: