«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի դաստիարակներին ներկայացվող պահանջներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խմբերի դաստիարակներին ներկայացվող պահանջներ

Հաստատված է

Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ թիվ 23-1087 հրամանով

 

 

Սույն կարգով սահմանվում են դաստիարակների աշխատանքին ներկայացվող պահանջները, աշխատանքային կանոնները, որոնց պետք է հետևեն դաստիարակները՝ ապահովելու սաների կրթական, ֆիզիկական և հոգեբանական լիարժեք զարգացումը:


1.   Դաստիարակը պետք է՝

  • ունենա մանկավարժական կամ հարակից ոլորտում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • մասնակցի կրթահամալիրի կողմից կազմակերպվող քառօրյա վերապատրաստումներին, կամավորական աշխատանքներին, մուտքի ճամբարին՝ ապահովելու իր աշխատանքային հմտությունների և կարողությունների զարգացումը  և նոր մեթոդների յուրացումը,
  • կարողանա կիրառել տեղեկատվական և համացանցային տեխնոլոգիաներն իր ամենօրյա աշխատանքում,
  • կարողանա վարժ օգտվել համակարգչից, համացանցից, վարել ուսումնական բլոգ,
  • կարողանա ներգրավել 5 տարեկաններին տեխնոլոգիական նախագծերում,
  • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի,
  • մասնակցի լաբորատորիայի աշխատանքներին, որոնք ուղղված են մասնագիտական զարգացմանը և նոր մեթոդների մշակմանը:

2.  Դաստիարակը իրականացվող ծրագրի հեղինակ է.

  • մշակում է խմբի գործունեության ծրագիրը, որը ներառում է ուսումնական նախագծեր, սաների առօրյա գործունեություն, ինքնասպասարկման, ինքնուրույն գործելու հմտությունների զարգացում և խաղային գործունեություն, կազմում է ամսվա աշխատակարգը,
  • կատարում է հետազոտական աշխատանք՝ ստեղծում է ուսումնական նյութեր մանկավարժական հոդվածներ գրում, թարգմանություններ կատարում, դիտարկումներ կատարում, օրագիր վարում.
  •  մշակում և իրականացնում է ուսումնական նախագծեր, որոնք նպաստում են սաների բազմակողմանի զարգացմանը,

o       ներգրավում է սաներին մարզական նախագծերում՝ ներառյալ մարմնամարզություն, էստաֆետային խաղեր, հեծանիվ, ինքնագլոր վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել և այլն,

o       մասնակից է դարձնում սաներին երաժշտական-պարային-ծիսական նախագծերին՝ երգել, պարել, երաժշտական գործիքներ կիրառել, կազմակերպում է երաժշտական-ծիսական խաղեր և այլն,

o       կազմակերպում է բնագիտական նախագծեր, որոնք ներառում են բույսերի և կենդանիների խնամք, շրջակա միջավայրի հետազոտում, զանազան բնագիտական դիտարկումներ,

o       նպաստում է սաների տեխնոլոգիական հմտությունների ձևավորմանը, զարգացմանը՝ ներգրավելով նրանց նկարչության, ծեփի, խոհանոցային գործունեության, տիկնիկագործության և այլ նախագծերում,

o       կազմակերպում է մշակութային նախագծեր, որոնք ներառում են տարբեր ազգագրական, բանահյուսական նյութերի, ծեսերի ուսումնասիրություն և կիրառում,

  •   սահմանված կարգով կազմում է սանի աճի զարգացման բնութագիր,
  •  կարողանում է անցնել հեռավար ուսուցման կազմակերպման ձևին համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների կամ սաների երկրից բացակայելու դեպքում։

3.  Դաստիարակը խմբի գործունեության կազմակերպիչն է.


  • ղեկավարում է սաների ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով նրանց անվտանգությունը,
  •  ապահովում է համապատասխան կրթական միջավայրի խնամքը, պահպանությունը, հիգիենիկ պահանջների կատարումը խմբասենյակում, բակ-պարտեզում, լողավազանում, սննդի կազմակերպումը, սաների ֆիզիկական ակտիվության անընդհատությունը, խաղային և ուսումնական նախագծային գործունեությունը,
  • հետևում է սաների առողջական վիճակին՝ ապահովելով համապատասխան գործողություններ, այդ թվում՝ անսպասելի կամ արտակարգ իրավիճակների դեպքում,
  • ներկայացնում է խմբի գործունեության լուսաբանում իր բլոգում, կազմակերպում է ստուգատեսների, փառատոների, ցուցահանդեսների մասնակցության ներկայացում-լուսաբանում
  • կազմում և ներկայացնում է հաշվետվություններ իր խմբի գործունեության, սաների առաջադիմության և կատարած նախագծերի վերաբերյալ՝ ապահովելով թափանցիկություն, ներկայացնելով  հաշվետվություններ:

4.  Դաստիարակը ծնողական համայնքում համագործակցության պատասխանատուն է.


  • կազմակերպում է ծնողական կրթական միջոցառումներ՝ ծնողներին տեղեկացնելու իրենց երեխաների ուսումնական գործունեության, առաջադիմության և այլնի վերաբերյալ,
  • համակարգում է ընտանեկան նախագծեր, որտեղ ծնողները և սաները համատեղ իրականացնում են ուսումնական կամ խաղային ծրագրեր,
  • իրականացնում է առցանց և հեռավար ուսուցման ծրագրեր՝ ապահովելով ծնողների ու սաների՝ ընտանեկան պարտեզում ուսումնական գործունեություն կազմակերպելու հնարավորությունը։

5.  Որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատող՝ դաստիարակը՝


  • հետևում է բարեվարքության կանոններին,
  •  գործունեության մեջ ուղղորդվում է կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով՝ իր աշխատանքում ապահովելով բարձր մակարդակի պատասխանատվություն,
  • դրսևորում է հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ
  •  համագործակցում է կրթահամալիրի 2-5 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի ղեկավարի, ծրագրի ղեկավարի, մանկավարժների և օգնականների հետ` ապահովելով թիմային և ներդաշնակ աշխատանքային միջավայր,
  •  մասնակցում է կրթահամալիրի մանկավարժական հավաքներին, քննարկում աշխատանքի ընթացքը, ներկայացնում առաջարկներ, նոր գաղափարներ, նախագծեր
  • կրթահամալիրում սահմանված կարգով կարող է խրախուսվել  կրթական գործընթացում նորարարություններ բերելու, նախաձեռնությունների,  նոր մեթոդներ, գործիքներ կիրառելու համար, արժանանալ պարգևատրման, ամենամյա անվանական մրցանակի։