«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի ամսական և տարեկան հաշվետվության կարգ

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի ամսական և տարեկան հաշվետվության կարգ

Հաստատված է

Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ թիվ 23-1087 հրամանով

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի, դաստիարակի օգնականի ամսական և տարեկան հաշվետվության կարգն ապահովում է կրթական գործընթացի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում: Հաշվետվությունների նպատակն է կրթական ծրագրերի, սաների առաջընթացի, ինչպես նաև դաստիարակի, դաստիարակի օգնականի մասնագիտական աճի հետևողական ներկայացումը ու վերլուծությունը:

Կարգը նպաստում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական գործընթացի շարունակական զարգացմանը, դաստիարակի, դաստիարակի օգնականի մասնագիտական աճին և կրթական ծրագրերի որակյալ իրականացմանը։

 

1.  Ամսական հաշվետվություն

 

1․1  Ամսական հաշվետվությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածում դաստիարակի կատարած աշխատանքը՝ հստակ, հակիրճ և ամբողջական ձևաչափով: Այն ընդգրկում է խմբի առաջընթացը, իրականացված նախագծերը, ուսումնական և այլ կրթական գործունեությունները, առաջացած խոչընդոտներն ու դրանց լուծումները:

1․2  Ամսական հաշվետվության մեջ պետք է ներառվեն հետևյալ հիմնական կետերը.

  • Ամսվա ընթացքում իրականացրած նախագծերի մասին տեղեկատվություն, ներկայացված արդյունքները, սաների ներգրավվածության մակարդակը, նախագծերի ազդեցությունը սաների զարգացման վրա, վերլուծություն, առաջարկներ:
  • Կրթական գործընթացում առաջացած խոչընդոտների նկարագրություն, դրանց լուծման առաջարկներ, ուղիներ:
  • Ծնողական համայնքի, տարբեր մասնագետների հետ համագործակցություն:
  • Նոր ծրագրեր, նախաձեռնություններ կամ նախագծեր հաջորդող ամսվա համար:

1․3  Ամսական հաշվետվությունը պետք է ներկայացվի յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային շաբաթվա ընթացքում:

1․4  Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով և տեղադրվում է դաստիարակի, դաստիարակի օգնականի բլոգում:

 

2. Տարեկան հաշվետվություն

 

2.1  Տարեկան հաշվետվությունը լայնածավալ և համապարփակ տեղեկություն է տալիս ամբողջ տարվա ընթացքում դաստիարակի, դաստիարակի օգնականի կատարած աշխատանքի, խմբի առաջընթացի և զարգացման մասին: Այն ընդգրկում է իրականացրած նախագծերը, կրթական գործունեությունը, դաստիարակի, դաստիարակի օգնականի մասնագիտական առաջընթացը, կազմակերպչական գործունեությունը:

2.2  Տարեկան հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ կետերը.

  • Տարվա ընթացքում իրականացրած բոլոր նախագծերի, միջոցառումների և կրթական ծրագրերի ամփոփում:
  • Դաստիարակի, դաստիարակի օգնականի մասնագիտական աճի և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Աշխատանքի կազմակերպման արդյունավետության, իրականացրած բարեփոխումների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:
  •  Ծնողների, գործընկեր ուսուցիչների և համայնքի հետ համագործակցության արդյունքների ամփոփում:
  •  Հաջորդ տարվա ծրագրերի, նախագծերի մասին տեղեկատվություն:

2.3  Տարեկան հաշվետվությունը պետք է ներկայացվի տարվա ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում:

2.4  Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով՝ PDF ֆորմատով, և տեղադրվում է լաբորատորիայի բլոգում:

 

3. Ընդհանուր պահանջներ

 

3.1 Հաշվետվությունների ներկայացումը նպատակ ունի ապահովելու կրթական գործընթացի թափանցիկությունը, դիտարկել արդյունավետությունն ու թերությունները։ Այն թույլ է տալիս գնահատել դաստիարակի, դաստիարակի օգնականի աշխատանքը, սաների առաջընթացը և ապահովել ուսումնական ծրագրերի զարգացումը:

3.2  Հաշվետվությանը ծանոթանում են աշխատողի անմիջական ղեկավարը (դպրոց-պարտեզի, քոլեջի ղեկավարներ), 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավարը, մանկավարժության կենտրոնի ղեկավարը, խմբի սաների ծնողները, այլ մարդիկ։

3.3  Հաշվետվությունների հիման վրա լաբորատորիայի ղեկավարը դաստիարակի, դաստիարակի օգնականի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված, կրթական միջավայրի բարելավման, այլ հարցերի վերաբերյալ առաջարկություններ է անում դպրոց-պարտեզի, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին, կրթահամալիրի տնօրենին, նախաձեռնում, մանկավարժության լաբորատորիա է ներկայացնում  ծրագրի լրամշակման աշխատանք։