«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի աշխատանքային բլոգի վարման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակի աշխատանքային բլոգի վարման կարգ

Հաստատված է

Կրթահամալիրի տնօրենի 15.09.2023թ թիվ 23-1087 հրամանով

 

 

Դաստիարակը պարտավոր է ակտիվորեն կիրառել իր ուսումնական բլոգը և սոցիալական ցանցերը՝ ապահովելով բաց հաղորդակցություն, թափանցիկություն և ծնողների ու հանրության տեղեկացվածություն սաների զարգացման, խնամքի և ուսումնառության վերաբերյալ։ Բլոգը պետք է դառնա ուսումնական գործունեության ներկայացման հիմնական հարթակ՝ հնարավորություն տալով ծնողներին հետևել խմբի կրթական ծրագրերին, դիտել սաների ամենօրյա գործունեությունը և տեղյակ լինել ծրագրերի առաջընթացին։

 

             1. Ուսումնական բլոգի նպատակը

 

1․1 Դաստիարակի ուսումնական բլոգը ծառայում է որպես դաստիարակի աշխատանքային գործունեության կազմակերպման, ներկայացման և հաշվետվության հարթակ: Այն ներառում է ոչ միայն աշխատանքային նախագծեր և ծրագրեր, այլև դաստիարակի ստեղծած ուսումնական նյութեր, հոդվածներ, աշխատանքի արդյունքներ, լուսաբանող մեդիանյութեր, այլ նյութեր։

1․2  Բլոգը պետք է պարունակի դաստիարակի կողմից կազմած և իրականացվող կրթական նախագծերը: Դաստիարակը պարտավոր է նախօրոք՝ առնվազն մեկ օր առաջ, հրապարակել ամսվա, շաբաթվա աշխատանքային նախագծերը:

1․3  Օրվա գործունեության արդյունքները, հետաքրքիր միջադեպերի նկարագրությունները, մեդիանյութերը (լուսանկարներ, տեսանյութեր) պետք է տեղադրվեն նաև դպրոց-պարտեզի ենթակայքում՝ ապահովելով բովանդակության հասանելիություն և թափանցիկություն:

 

            2. Բլոգի բովանդակության կազմակերպում

 

2.1 Բլոգի գլխավոր էջը պետք է պարունակի հետևյալ հիմնական տեղեկությունները

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, դպրոց-պարտեզի անունները, դաստիարակի անուն-ազգանունը,
  • «Իմ մասին» էջը, որտեղ պետք է ներկայացվեն լուսանկար, ինքնակենսագրություն, սոցիալական ցանցերի էջերի հղումներ (Facebook, LinkedIn և այլն),
  • Կրթահամալիրի կայքի, ենթակայքի, գրադարանի, «Դպիր» ամսագրի նյութերի հղումներ և այլն:

2.2  Պահոցներ (արխիվ): Բլոգի բովանդակությունը պետք է դասակարգված լինի ըստ տարիների և ամիսների, որպեսզի հին նյութերն ու նախագծերը հասանելի լինեն ընթերցողներին:


3. Բլոգի բաժիններ

 

3.1  Ճաշացանկ։ Շաբաթվա ճաշացանկի հրապարակում՝ ապահովելով ծնողների տեղեկացվածությունը երեխայի սննդի վերաբերյալ:

3.2  Անհատական պլան։ Դաստիարակի անհատական աշխատանքային պլանը կազմվում է ըստ ուսումնական շրջանների։ Այս պլանը ենթակա է փոփոխությունների՝ ըստ ուսումնական գործընթացի և խմբի կարիքների։ Պլանը պետք է հասանելի լինի բլոգում։

3.3  Ուսումնական նյութեր։ Բլոգում պետք է հրապարակվեն դաստիարակի կողմից ստեղծած ուսումնական նյութերը, որոնք ուղղված են սաների հմտությունների զարգացմանը:

3.4  Աշխատանքային նախագծեր։ Դաստիարակի կազմած և իրականացվող նախագծերի ներկայացում՝ ներառյալ շաբաթվա կամ ամսվա աշխատանքային ծրագրերը:

3.5  Դաստիարակի օրագիր։ Դաստիարակը պետք է ներկայացնի ուսումնական պարապմունքների վերլուծությունները, աշխատանքի ընթացքը, դիտարկումներ, սաների արտահայտած հետաքրքիր, զվարճալի մտքերը, ֆիլմերը, պատումները։

3.6  Հոդվածներ։ Բլոգում պետք է տեղադրվեն դաստիարակի կողմից գրված հոդվածները։

3.7  Թարգմանություններ- Դաստիարակի կատարած մասնագիտական թարգմանությունները, որոնք առնչվում են մանկավարժական կամ գիտական նյութերին:

3.8  Ճամփորդություններ։ Բլոգի այս բաժնում դաստիարակը կարող է ներկայացնել խումբով կազմակերպված ճամփորդությունները, լուսանկարները և տպավորությունները:

3.9  Դաստիարակի մասնագիտական զարգացման սեմինար։ Դաստիարակի մասնագիտական զարգացման միջոցառումների, սեմինարների և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվություն:

3.10  Ստուգատեսներ։ Ներկայացվում են կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսներին դաստիարակի, սաների, ծնողների մասնակցությունը, իրենց կազմակերպված ստուգատեսների մասին տեղեկատվություն:

3.11  Հաշվետվություններ։ Ամսվա, տարվա հաշվետվությունը դաստիարակի կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ:

3.12  Ընտանեկան առցանց ուսուցում։ Բլոգի այս բաժնում պետք է տեղադրվեն ընտանեկան ուսումնական նախագծերը՝ ապահովելով ծնողների և սաների համատեղ ուսուցումը առցանց:

3.13  Դաստիարակի գրադարան։ Այս բաժնում դաստիարակը կարող է ներկայացնել իր մասնագիտական գրքերը, հոդվածները, ինչպես նաև այլ ուսումնական նյութեր, որոնք ուղղված են իր ինքնակրթությանը և մասնագիտական զարգացմանը:

 
4. Սոցիալական ցանցերում ներկայացվածություն


Դաստիարակը պարտավոր է ակտիվորեն ներկայանալ սոցիալական ցանցերում՝ իր մասնագիտական բլոգի բովանդակությունը տարածելու, ծնողների և համայնքի հետ ակտիվ հաղորդակցություն ապահովելու նպատակով։ Սոցցանցերում դաստիարակի աշխատանքը պետք է ընդգծի խմբի կրթական գործունեությունը, դաստիարակական նախագծերը և երեխաների ձեռքբերումները։ Նա պետք է ստեղծի հարթակներ, որտեղ ծնողները կարող են հետևել իրենց երեխաների առաջընթացին, մասնակցել քննարկումներին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։

 

            5. Արձագանքման համակարգ

 

5.1  Դաստիարակը պարտավոր է ապահովել ծնողների և համայնքի հետ ակտիվ փոխգործակցություն՝ բլոգի հրապարակումների միջոցով, պատասխանելով ծնողների մեկնաբանություններին և հարցերին, ինչպես նաև առաջադրանքների վերաբերյալ խորհուրդներ տալով:

5.2  Բլոգի միջոցով դաստիարակը պետք է կազմակերպի նաև առցանց խորհրդատվություններ ծնողների համար, որտեղ կքննարկվեն սաների կրթական առաջընթացը, դժվարությունները, ինչպես նաև առաջարկություններ կտրվեն ընտանեկան ուսումնական նախագծերի իրականացման համար:

5.3 Դաստիարակի բլոգին հետևում են խմբի ծնողները, դպրոց-պարտեզի, դաստիարակների լաբորատորիայի ղեկավարները, գործընկերները, այլ մարդիկ։

 

            6. Մեդիանյութերի օգտագործման կարգ

 

6.1  Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։ Դաստիարակը պետք է հատուկ ուշադրություն դարձնի բլոգում տեղադրվող մեդիանյութերի որակին՝ ապահովելով, որ լուսանկարները և տեսանյութերը լինեն բարձր որակի, հասկանալի և պատումով:

6.2  Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը պահպանելու համար, դաստիարակը պարտավոր է նախապես ստանալ ծնողների համաձայնությունը մեդիանյութերը հրապարակելու համար:

 

             7. Պարբերական վերանայում և զարգացման նպատակ

 

7.1 Դաստիարակի բլոգի բովանդակությունը պետք է պարբերաբար վերանայվի և թարմացվի՝ համապատասխանեցնելով կրթահամալիրի նոր պահանջներին և կրթական փոփոխություններին:

7.2  Դաստիարակը պարտավոր է մշտապես զարգացնել իր մասնագիտական հմտությունները՝ ներառելով նոր տեխնոլոգիաներ և ուսումնական մեթոդներ բլոգի կառավարման և ներկայացման մեջ։

 

Դաստիարակների բլոգներ