Հյուրեր Ռուսաստանից. Սեբաստացի դպրոցը նպաստում է ստեղծարարությանն ու նորարարությանը

Լալայան Անահիտ․ ռուսաց լեզվի ուսուցչուհի
Մարտի
25-ին «Մխիթար Սեբաստացին» կրթահամալիրն ընդունեց
ռուսական մասնավոր դպրոցների 15 ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Հյուրերը
հիմնականում հետաքրքրված էին այլընտրանքային կրթությամբ, հատկապես գործող նորարարական մեթոդներով։ Մենք՝
սկսած կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանից, միշտ ուրախ ենք հյուրերին ընդունելու,
ինչպես նաև բաց ենք ծրագրերի, զրույցների ու
քննարկումների համար։
Այցելությունն
սկսվեց «Սեբաստացի» կենտրոնից, որտեղ կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը մանրամասն
պատմեց կրթական գործընթացի հիմնական առանձնահատկությունների մասին։ Կենտրոնի ղեկավար
Էլյա Սահակյանը ցուցադրեց մեր աշակերտների ձեռքով ստեղծված աշխատանքները։ Կարևոր է
նշել, որ մեր երեխաները մանկուց են սովորում իրենց ձեռքերով ինչ-որ բան ստեղծել և արդյունքի
են հասնում աշխատասիրության ու ստեղծականության շնորհիվ։
Այնուհետև
այցելեցինք Հյուսիսային դպրոց, որտեղ ծանոթացան կրտսեր դասարանների համար նախատեսված
կրթական ծրագրերին, որոնց մենք կոչում ենք
դպրոց-պարտեզներ։ Հյուրերին ներկայացրինք ուսուցման սկզբունքները, և նրանք անմիջապես
նկատեցին խորհրդային մոխրագույն բարձրահարկ շենքերի և մեր կանաչ օազիսների հակադրությունը․ ունենք յուրահատուկ մթնոլորտ հարմարավետ և ստեղծական գործընթացի համար։
Վերջում եղանք
քոլեջում, որտեղ հյուրերը զարմացած էին այն փաստով, որ մեր ուսանողները ոչ միայն սովորում
են տեսական նյութը, այլև իրենց ձեռքով աճեցնում են խաղող, պատրաստում այն սկզբից մինչև
վերջ և ուսումնասիրում գինու տեսակները։ Նրանք հիացած էին նաև ուսանողների կարուձևի
հմտություններով և Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործության վերաբերյալ խորը գիտելիքներով։
Հատկապես հյուրերին տպավորեց հիմնադիր տնօրեն
Աշոտ Բլեյանը, ով միշտ պատրաստ է անձամբ շփվել սովորողների և մանկավարժների հետ։ Կրթահամալիրում
ամեն ինչ այնպես է կազմակերպված, որ սովորողները ոչ միայն յուրացնեն տեղեկատվությունը,
այլ ապրեն դրանով ու ստեղծագործեն։
Ինչպես նշեց Աշոտ Բլեյանը. «Մենք չենք ընտրում սովորողներին, այլ նրանք են ընտրում մեզ և մեր դպրոցը․ «բլեյան» բառը փոքրատառով մենք բոլորս ենք, մեզնից՝ յուրաքանչյուրը»։