Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների միջոցով՝ դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, հայրենաճանաչողական-մարզական քայլքերի, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։

Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևեր են՝ առկա, հեռավար, այդ թվում՝ նաև առցանց։ Ուսուցման կազմակերպման մեջ առկա և հեռավար ուսուցման ձևերը կարող են համակցվել։

  • Առկա ուսումնական պարապմունքները կազմակերպվում են ինչպես կրթահամալիրի տարածքում` դպրոցների կաբինետներում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, սրահներում, մարզադահլիճներում, բացօթյա՝ կրթական պարտեզում, տանիքում, մարզադաշտերում, այնպես էլ կրթահամալիրից դուրս՝ արտագնա, փոխանակման ծրագրերի կազմակերպման նախագծով, թանգարանում-համերգասրահում, բնության-պատմության հուշարձանի տարածքում, այլուր:
  • Հեռավար պարապմունքները կազմակերպվում են սահմանված կարգով կրթահամալիրի դպրոցում հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողների հետ, նախագծային խմբերի, հետազոտական աշխատանք կատարող, ինքնակրթության նախագծեր իրականացնող սովորողների հետ:
    Կազմակերպվում են էլեկտրոնային ուսումնական հաղորդակցությամբ mskh.am ցանցում՝ դասավանդողների, սովորողների բլոգներում, ենթակայքերում, փոստային համակարգում, որպես նաև ինքնակրթության, ընտանեկան դպրոցներ:
    Դպրոցի անցումը ամբողջական հեռավար ուսուցման կիրառելի է համաճարակային, այլ արտակարգ պայմաններում:
    Առցանց պարապմունքները կազմակերպվում են դրանց համար նախատեսված համացանցային տարածքում՝ Teams, Zoom, Meet, այլ։  Առցանց պարապմունքները կազմակերպվում են հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողների հետ, ըստ աշխատակարգի։ 
  • Առկա և հեռավար ուսուցման համակցում սովորողի անհատական պլանում դպրոցի տնօրենի, սովորողի, նրա օրինական ներկայացուցչի համաձայնեցված փոփոխությամբ, մինչև մեկ ամիս ժամկետով։ 

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը, ձևը, տեղը որոշվում են դասընթացի ծրագրով, իրականացվող նախագծով, կրթահամալիրի, դպրոցի, դասընթացի օրացույցով։ Պարապմունքի, նախագծի, ճամփորդության, ծեսի, ակումբի ղեկավարն իր բլոգում նախօրոք հրապարակում է բովանդակությունը, տեղեկություն անհրաժեշտ ուսումնական նյութերի մասին կամ նյութերը՝ դասագրքի, ուսումնական այլ գրականության հատվածներ, կայքէջեր, ցուցադրվող-ուսումնասիրվող նյութեր, աշխատանքային այլ ուսումնական նյութեր, տնային աշխատանքի, լրացուցիչ աշխատանքի փաթեթներ։ 

Ուսումնական պարապմունքի մասնակիցները որոշվում են դպրոցի աշխատակարգով (դասացուցակով)` դասարան, խումբ, պարապմունքը վարող մասնագետ։ Պարապմունքին կարող են մասնակցել կրթական փոխանակման ծրագրի մասնակիցներ հանրապետության  այլ դպրոցներից, այլ երկրի սովորողներ։ Նրանց մասնակցությունը որոշվում է ընդունելության ծրագրով, իրականացվող ուսումնական նախագծով։

Պարապմունքը նախագծում և վարում է կրթահամալիրի դասավանդողը,  նախագծով որոշված այլ դասավանդող, հրավիրյալ մասնագետ, տվյալ բնագավառում հայտնի գործիչ, ծնող, սովորող սովորեցնող նախագծով՝ սովորող: 

Մասնակիցների համար պարտադիր է ուսումնական պարապմունքի ծրագրով որոշված աշխատանքը` նախագծի ղեկավարի որոշած աշխատակարգով կամ մասնակցի որոշած, նախագծի ղեկավարի հաստատած աշխատակարգով: 

Ուսումնական պարապմունքի ղեկավարը, մասնակիցները պատասխանատու են պարապմունքին անհրաժեշտ գործիքների, նյութերի, պայմանների առկայության համար։ Անհրաժեշտության դեպքում պարապմունքի ղեկավարը դիմում է դպրոցի ղեկավարին, նրա միջոցով հայտ ներկայացնում կրթահամալիրի տնօրենին։

Ուսումնական պարապմունքի, նախագծի արդյունքները գրանցվում են սովորողի բլոգում կամ՝ դասարանական բլոգում (1-3-րդ դասարաններ):

Ուսումնական պարապմունքները, այդ թվում՝ բացօթյա, կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում: Ուսումնական պարապմունքի տարածքը կրթական օբյեկտում պետք է լինի օդափոխված, հարմար սովորողի անհատական ուսումնական գործունեությունը կազմակերպելու համար: Ձմեռային ամիսներին ուսումնական կաբինետում ջեմաստիճանը պետք է լինի նվազագույնը 18 աստիճան: 

Ուսումնական պարապմունքի բացօթյա տարածքը` բակը, հասարակական վայր, հուշարձանի տարածք, պետք է պարապմունքից առաջ մաքրվի, խնամվի` դառնալով մաքուր և հիգիենիկ։ 

Պարապմունքին սովորողի մասնակցությունը գրանցվում է սահմանված կարգով։

MSKH