Ուսումնասիրություն-հետազոտություն կատարելու կարգ

                                                                                                                       Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի

                                                                                                                15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ  ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Մասնագիտական ուսումնասիրություն/հետազոտություն կատարելու սկզբունքներ, իրականացման կարգ

 

Մասնագիտական ուսումնասիրությունը Քոլեջում նախատեսված է երկրորդ, երրորդ  կուրսերի (ավարտական երրորդ կուրս) սովորողի համար, որով ուսանողն ամփոփում է իր ուսումնառության տարին, մեկտեղում մասնագիտական գիտելիքները, հմտությունները, կարողությունները, կազմակերպում դրանց հանրային ներկայացումը։

Մասնագիտական ուսումնասիրությունը վերջնարդյունքում պիտի դառնա ուսումնական նյութ, տեսական և գործնական արտադրանք։

Մասնագիտական ուսումնասիրություն-նախագիծը ուսանողի ուսումնական պլանով որոշված պարտադիր ուսումնական աշխատանք է։

Սեպտեմբերի 1-30-ը ուսանողը ծանոթանում է նախապես հրապարակված թեմաներին, ընտրում, գրանցվում էլեկտրոնային ձևաթղթում։ Հրապարակված թեմաների ընտրությանը մասնակցում են նաև ուսանողները։

Ուսանողը կարող է առաջարկել թեմա ուսումնական տարվա դասընթացների ծրագրերից իր նախընտրությամբ։

Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել մեկ թեմա՝ մասնագիտական ուսումնասիրություն կատարելու համար։

Ուսումնասիրության ընթացքում ուսանողին անհրաժեշտ են որոշակի տեսական և գործնական գիտելիքներ՝ տվյալ թեմայի վերաբերյալ մասնագիական վերլուծություններ,  ձևակերպումներ ներկայացնելու համար։

 Մասնագիտական ուսումնասիրությունը պետք է ունենա  ղեկավար: Աշխատանքն սկսելուց առաջ ղեկավարի խորհրդատվությամբ, աջակցությամբ մշակվում է կատարման, հանդիպումների նախագիծ-պլան, որը հաստատվում է Քոլեջի ղեկավարի կողմից։ Աշխատանքների ընթացքը որոշակի պարբերականությամբ պիտի երևա և՛ ղեկավարի, և՛ սովորողի բլոգներում։

Յուրաքանչյուր դասավանդող կարող է ղեկավարել 3-5 հետազոտական աշխատանք։

Դասավանդողն իրավունք ունի հրաժարվել ղեկավարել ուսանողի մասնագիտական ուսումնասիրությունը՝ հիմնավորելով պատճառը։

Ուսանողն իրավունք ունի փոխել աշխատանքի ղեկավարին՝ հիմնավորելով պատճառը։

Մասնագիտական ուսունասիրությունները հանրային ներկայացվում են ուսումնական առաջին շրջանի ավարտին։

Մասնագիտական ուսունասիրությունների ներկայացումների օրացույցը կազմվում և հրապարակվոմ է նախապես։

Մասնագիտական ուսումնասիրություն կատարելու պահանջներն են՝

·       Նոր բան սովորելու  ցանկություն

·       Թեմայի ընտրություն

·       Հետազոտության կոնկրետ շրջանակների մատնանշում

·       Նպատակների ձևակերպում

·       Խնդիրների ձևակերպում

·       Մեթոդաբանություն

·       Աշխատանքի բովանդակություն

Մասնագիտական ուսումնասիրության կառուցվածքը, սկզբունքներն ու տեխնիկական պահանջներն են՝

·       Տիտղոսաթերթ

·       Ներածություն՝ թեմայի և արդիականության հիմնավորում,  ուսումնասիրության իրականացման նպատակներ, խնդիրներ, մեթոդաբանություն, գործնական մաս։

·       Հիմնական մաս՝ գլուխներ, ենթագլուխներ

·       Եզրակացություն և առաջարկություններ

·       Օգտագործված գրականության ցանկ

·       Հանրային ներկայացում

Աշխատանքի տեխնիկական պահանջներ

1.     Մասնագիտական ուսումնասիրությունը հրապարակվում է բլոգում։

2.     Մասնագիտական ուսումնասիրությունը համակարգչային շարվածքով հրապարակային ներկայացվում է տպագիր, կազմված և էլեկտրոնային տարբերակներով: Թղթի չափսը՝ A4 (210 մմ x 297 մմ), լուսանցքները՝ ձախից 3.0 սմ, աջից, վերևից և ներքևից՝ 2.0 սմ: Նյութը տպվում է թերթի միայն մեկ երեսին: Տեքստը մուտքագրվում է «Յունիկոդ» (Unicode) կոդավորման համակարգի տառատեսակների կիրառմամբ՝ հայերեն տեքստերի դեպքում՝ GHEA Grapalat կամ GHEA Mariam, իսկ ռուսերեն և անգլերեն տեքստերի դեպքում՝ Times New Roman: Վերնագրերը և տեքստը շարվում են 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1.5: Գլուխների վերնագրերը գրվում են թավ (bold), մեջտեղից և գլխատառերով: Յուրաքանչյուր գլուխ սկսվում է նոր էջից, իսկ ենթագլուխները կարող են շարունակվել նույն էջում: Պարբերությունները հավասարեցվում են երկու կողմերից, սկսվում են 1սմ խորքից: Աշխատանքի բոլոր էջերը, ներառյալ հավելվածները, համարակալվում են ներքևում՝ աջ կողմից: Համարակալումն սկսվում է առաջին էջից, որի վրա առաջին էջը չի դրվում:

2. Աշխատանքում առկա աղյուսակները, նկարներն ու գծապատկերները, հավելվածները և այլն համարակալվում են, և դրանց դրվում են անվանումներ (անհրաժեշտության դեպքում տրվում են նաև ծանոթագրություններ): Նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները, նշանակումների բացատրությունները գրվում են դրանց ներքևում, մեջտեղում՝ 10 pt տառաչափով: Աղյուսակների անվանումները գրվում են դրանց վերևում աջ մասում, իսկ հավելվածներինը՝ նոր էջի վերին աջ անկյունում:

3. Աշխատանքի վերջում տրվում է օգտագործած գրականության ցանկը՝ ըստ օգտագործած գրականության հերթականության: Ցանկում գրականությունը ներկայացվում է բնագրի լեզվով: Նախ նշվում են հեղինակի (ների) ազգանունը (ները) և անվան սկզբնատառը (երը), այնուհետեւ նյութի՝ գրքի կամ հոդվածի ամբողջական անվանումը, ամսագրի լրիվ կամ ընդունված կրճատ անվանումը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, հրատարակման թվականը, հատորի և թողարկման համարները, հերթական համարը, էջերը կամ գրքի էջերի քանակը: Համացանցում տեղադրված նյութերի դեպքում կիրառվում են նույն սկզբունքները՝ վերջում նշելով համապատասխան նյութի հղման հասցեն և ծանոթանալու ամսաթիվը (օրինակ՝ http://www.aspu.am, 14.06.2017):

Աշխատանքի ծավալը չի սահմանափակվում։

Օտարալեզու աղբյուրների օգտագործումը խրախուսելի է։

Աշխատանքի ներկայացման համար տրվում է 20 րոպե։

Մասնագիտական ուսումնասիրության հանրային ներկայացման մասնակիցներն են՝

Քոլեջի ղեկավարը, ուսումնասիրության թեմայի ղեկավարը, գրախոսը, ուսանողների խմբից կազմված հանձնաժողովը, դասավանդողներ, ուսումնասիրությամբ հետաքրքրվող այլ անձինք։

Գնահատում

Մասնագիտական ուսումնասիրության ամփոփիչ գնահատումը ձևավորվում է գրախոսի և հանձնաժողովի անդամների համաձայնությամբ։ Գնահատումն իրականացվում է՝ նկատի ունենալով ավարտական աշխատանքի արդիականության հիմնավորումը, գրականության վերլուծությունը, ուսումնասիրության իրականացումը և արդյունքները, աշխատանքի շարադրումը, ձևավորումը, հրապարակային ներկայացումը, ընդհանուր գիտելիքների տիրապետումը։

Աշխատանքը գնահատում են հանձնաժողովի անդամները հանրային ներկայացումից անմիջապես հետո ուսանողի ներկայությամբ։

 


college

Edit Delete