Մենթորության կարգ
Հաստատված է՝
Կրթահամալիրի տնօրենի 15․09․2023թ․ թիվ 10-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
Կրթահամալիրում իրականացվող Հեղինակային կրթական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ուսումնական օրացույցը հագեցած է բազմաթիվ, բազմաբնույթ առարկայական և մասնագիտական նախագծերով և նախաձեռնություններով, որոնց իրականացմանը պարտադիր է սկսնակ դասավանդողների մասնակցությունը։ Նախագծերի բազմազանությունը հնարավորություն է տալիս սկսնակ մասնագետներին ընտրել իրենց համար առավել հետաքրքիր ոլորտներ և սովորողների, ուսանողների կամ գործընկերների հետ իրականացնել։
Սկսնակ դասավանդողներն աշխատանքի առաջին երեք ամիսների ընթացքում (անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարել) ունենում են մենթորներ:
Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, ով ունի՝
կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահաստատմանը։
Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է:
Նա իր խորհրդատվությունն իրականացնում է՝
վիրտուալ միջավայրում՝ իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝ մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող դասավանդողի կաբինետում (դասարանում):
Մենթոր ուսուցչի ընտրությունը
Կրթահամալիրի տնօրենը դպրոցների, Քոլեջի ղեկավարների, կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ նշանակում է կրթահամալիրի տարբեր դպրոցներում, Քոլեջում մանկավարժական աշխատողների խմբի մենթոր ուսուցչի։
Փորձաշրջանով աշխատող, սկսնակ ուսուցչին (ուսուցիչ-ստաժոր) ծրագրային-մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար դպրոցի, Քոլեջի ղեկավարը փորձառու ուսուցչին առաջարկում է սկսնակի մենթորը լինել մինչև երեք ամիս ժամկետով (անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարել) ։
Մենթորությունը գրանցվում է դասավանդողի և մենթորի անհատական պլաններում, երբ երկու կողմերը անհատական ուսումնական բլոգներում հրապարակում են համագործակցության ծրագիր, աշխատակարգ, մենթորական աշխատանքի էջը։ Մենթորությունը համարվում է լրացուցիչ աշխատանք։
Դպրոցի, Քոլեջի ղեկավարը ավելի կարճ ժամկետով մենթոր կարող է նշանակել այն դասավանդողի համար, ով որևէ մանկավարժական խնդրի լուծումը միայնակ չի գտնում, և աջակցության կարիք ունի։