Բարեվարքության կանոններ
Հաստատված է Կրթահամալիրի տնօրենի
15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան պատշաճ վարքագիծ։
Աշխատողի վարքականոնը ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ։
Հաստատության աշխատողների բարեվարքությունը ամրապնդում է վարքագծի սկզբունքների կիրառման միասնականությունը՝ սույն կարգում ամրագրված նպատակներին ու հիմնական սկզբունքներին չհակասելու պայմանով:
2. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ
Մանկավարժական աշխատողը պարտավոր է՝
գիտակցել իր դերը կրթական հաստատությունում՝ ապահովելով իր և սովորողի/ուսանողի միջև ուսումնական գործընթացում բարեխիղճ, ազնիվ, պարկեշտ, կարգապահ, գրագետ աշխատանքների կազմակերպում
հարգել ուսանողի անհատականությունը՝ անկախ նրա ազգությունից, տարիքից, ռասայից, սեռից, կրթության մեջ առանձնահատուկ պայմանների կարիք ունենալուց, կրոնական պատկանելությունից, ընտանեկան դրությունից և սոցիալական կարգավիճակից,
դրսևորել պարկեշտ վարքագիծ աշխատանքային հարաբերություններում,
օգտագործել հաստատության գույքը, ֆինանսական, ՏՀՏ միջոցներն ու ռեսուրսներն ըստ նպատակի,
խուսափել ֆիզիկական և մեդիահարթակներում կրոնական, քաղաքական քարոզչություն իրականացնելուց, հաստատությունը, գործընկերներին, ուսանողներին վարկաբեկող հայտարարություններ, լուսանկարներ հրապարակելուց, չպրոյեկտել անձնային հուզական վարքագիծը կրթական գործընթացում, ունենալ արտաքին պատշաճ տեսք՝ չհատելով ողջամտության սահմանները,
բացառել կոռուպցիոն ռիսկերը, խուսափել ողջամտության սահմաններն անցնող, որևէ կերպ մասնագիտական գործունեության որակի վրա ազդող նյութական, բարոյական ազդեցություններից:
3.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մանկավարժական աշխատողը պետք է՝
ձգտի ունենալ գործընկերների հետ փոխադարձ վստահություն, միմյանց աջակցելու, ակտիվ համագործակցային հարաբերություններ,
պաշտպանի ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը,
զերծ մնա ուսանողների, աշխատողների ներկայությամբ գործընկերներին քննադատելուց,
խուսափի աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց, վատաբանելուց՝ ցուցաբերելով կառուցողական մոտեցում։
4.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – ՍՈՎՈՐՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մանկավարժական աշխատողը պետք է՝
գիտակցի սովորողի/ուսանողի՝ որպես անհատի ձևավորման գործում իր առաքելությունը,
սովորողների/ուսանողների հետ ձևավորի հարգալից, հավասար միջանձնային հարաբերություններ, աջակցի ուսումնական գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները հաղթահարելուն, զարգացնի պատասխանատվության զգացում, ապրումակցման որակներ, համագործակցային հմտություններ,
գնահատելիս լինի անկողմնակալ, օբյեկտիվ և արդար,
հարգի յուրաքանչյուր ուսանողի անձնական կյանքը, գաղտնի պահի ուսանողի մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
սովորողի/ուսանողի մեջ բարձրացնի ուսումնական հաստատության և հանրային սեփականություն համարվող գույքի, ՏՀՏ միջոցների ու ռեսուրսների հանդեպ պատասխանատվության զգացումը,
սովորեցնի հարգել այլոց անհատականությունը՝ անկախ ազգությունից, տարիքից, ռասայից, սեռից, կրթության մեջ առանձնահատուկ պայմանների կարիք ունենալուց, կրոնական պատկանելությունից, ընտանեկան դրությունից և սոցիալական կարգավիճակից,
պահանջկոտ և հետևողական լինի բոլոր ուսանողների նկատմամբ, նվաճումները գնահատելիս ձգտի օբյեկտիվության և արդարության` ելնելով համընդհանուր շահերից:
5. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մանկավարժական աշխատողը պետք է՝
շահագրգռի, ներառի ծնողական համայնքի ակտիվ մասնակցությունը կրթական ծրագրերին,
հարգալից և փոխըմբռնումով վերաբերվի ուսանողների ծնողներին, ուսանողի կրթության իրավունքն իրացնելու գործում նրանց ընդունի որպես աջակից,
խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում իրազեկի ծնողին, հարցը պարզաբանի ուսանողի ծնողի հետ:
6. ՎԱՐՉԱԿԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ
Վարչական աշխատողը պարտավոր է՝
գիտակցել իր դերը՝ սովորողների/աշխատողների, ուսանողների միջև ապահովելով կարգապահ, հարգալից, անկողմնակալ աշխատանքային հարաբերություններ,
օգտագործել հաստատության գույքը, ֆինանսական, ՏՀՏ միջոցներն ու ռեսուրսներն ըստ նպատակի,
բացառել կոռուպցիոն ռիսկերը, խուսափել ողջամտության սահմաններն անցնող, որևէ կերպ մասնագիտական գործունեության որակի վրա ազդող նյութական, բարոյական ազդեցություններից:
Օժանդակ աշխատողը պարտավոր է՝
գիտակցել իր դերը՝ չխոչընդոտելով ուսումնական գործունեությանը,
ըստ նպատակի օգտագործել հաստատության գույքը,
կատարել մասնագիտական պարտականությունները հավուր պատշաճի։
7. ԲԱՐԵՎԱՐՔՈւԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆՆ Ու ՎԵՐԱՀՍԿՈւՄԸ
Կրթահամալիրի տնօրենը, դպրոցների, քոլեջի ղեկավարները մանկավարժական աշխատողների, օժանդակ անձնակազմի, ուսանողների վաքագիծը վերահսկելու նպատակով պետք է՝
իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում,
վերահսկել, կարգավորել աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները,
դրսևորել հավասար և արդար վերաբերմունք աշխատողների և սովորողների/ուսանողների հանդեպ,
իրականացնել աշխատողների գործունեության օբյեկտիվ գնահատում,
կատարել սովորողների/ուսանողների ուսումնական առաջադիմության օբյեկտիվ գնահատում,
կատարել աշխատողի, սովորողի/ուսանողի բարեվարքությունը չափի ստուգումների և հարցումների, գնահատման միջոցով,
բացառել գրագողությունը մանկավարժական աշխատողների և ուսանողների ուսումնական աշխատանքներում:
Բարեվարքության կարգից բխող բոլոր աշխատանքներն ուղղված են ուսումնական հաստատության մանկավարժական, վարչական, օժանդակ անձնակազմի աշխատողների, սովորողների/ուսանողների համար և պարտադիր են կատարման համար:
Պաշտոնական հրահանգ՝
Մանկավարժական աշխատողի
Մասնաճյուղի ղեկավարի
Գրասենյակի ղեկավարի
Վարչական, տնտեսական աշխատողներ․ պահակ-բակապահ, տնտեսուհի, այգեպան
Բարեվարքության կանոնների խախտման դեպքում հիմք ընդունելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, Աշխատանքային օրենսգիրքը, Երեխայի իրավունքների մասին օրենքը, «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Կանոնադրությունը, ներքին կարգապահական կանոնները՝ նախատեսվում են`
Նկատողություն
խիստ նկատողություն
Աշխատանքային պայմանագրի լուծում