Ուսումնական օրացույցը կազմելու կարգ
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին
Կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցը մշակվում է մանկավարժության կենտրոնում՝ ուսումնական նախագծերի, դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Օրացույցը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական օրացույցում փոփոխություններն արվում են կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։ Կրթահամալիրի օրացույցը կրթահամալիրի կայքում հրապարակում է մանկավարժության կենտրոնի ղեկավարը։
Ուսումնական օրացույցի հավելվածներն են դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ամսական օրացույցները, որոնք ղեկավարների կողմից ձևավորվում են կրթահամալիրի տարեկան օրացույցի, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների՝ հրապարակված ծրագրերի-աշխատակարգերի, մանկավաժական աշխատողների, ստեղծագործական խմբերի, ակումբների հայտերի հիման վրա։ Կրթահամալիրի ամսվա օրացույցը կազմվում է այդ հավելվածների հիման վրա, մինչև նախորդ ամսվա վերջին երեքշաբթի օրը՝ կրթահամալիրի մասնաժողովի նիստը։ Օրացույցը կրթահամալիրի կայքում հրապարակում է մանկավարժության կենտրոնի ղեկավարը։ Դրանում հիմնավորված լրացումներ, փոփոխություններ արվում են ուսումնական շաբաթվան նախորդող ուրբաթ օրը, դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարների ներկայացմամբ։
Կրթահամալիրի օրվա աշխատակարգը կազմվում է ամսվա օրացույցի, դպրոցների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների օրվա աշխատակարգերի հիման վրա՝ հղումներով։ Աշխատակարգում արտացոլվում են նաև օրվա ուսումնական ճամփորդությունները: Օրվա աշխատակարգը հրապարակվում է ուսումնական օրացույցի բլոգում նախորդ աշխատանքային օրը՝ մինչև 13։00՝ որպես նախագիծ։ Դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի, ստուգատես-ստեղծագործական հավաքների ղեկավարները մինչև 15։00 դրանում լրացում առաջարկում են գրավոր՝ հղում-հիմնավորումով։ Նույն տարիքային խմբին, մասնագիտական խմբին ուղղված հանդիպումները չեն կարող միաժամանակ լինել. օրվա, ժամի փոփոխությունն արվում է համաձայնությամբ: Ժամը 15։00 աշխատակարգը հրապարակվում է նաև կրթահամալիրի կայքում. դրանից հետո աշխատակարգում փոփոխություն արվում է միայն կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ։