Բաց դաս լեզվակիր Բիանկա Գրելլայի հետ


Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր իտալերենի դասավանդող Մարիամ Սարդարյանը գործընկերային կապեր է հաստատել Հայաստանում Իտալիայի դեսպանատան աշխատակից Բիանկա Գրելլայի հետ, ով արդեն մի քանի անգամ այցելել է մեր կրթահամալիր և անձամբ վարել իտալերենի պարապմունքներ իտալերենի ընտրությամբ խմբերի հետ։ Այդպիսի օր էր նաև մարտի 14-ը։ Այդ օրը տիկին Գրելլան լեզվական խաղով իտալերեն սովորելու վարպետության դաս տվեց։ Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ նա բացատրությունները անգլերեն էր անում։ Տպավորությունն այն էր, որ անգլերենն էր մայրենիի դերը կատարում։ Բիանկա Գրելլան իր հետ տարբեր նկարների քարտային հավաքածուներ էր բերել։ Նա սեղանի վրա խառը ցուցադրեց քարտերը և ընտրելով մի նկար՝ խնդրեց երեխաներին որքան կարելի է այդ նկարին համապատասխանող այլ նկարներ ընտրել և դասավորել ըստ իմաստների։ Երբ որևէ լեզվական օրինաչափության էին հանգեցնում այդ նկարները, նա դա մարկերով արձանագրում էր գրատախտակի վրա ու սովորողներին խնդրում էր, որպեսզի նրանք նախադասություններ կազմեին՝ օգտագործելով այդ նկարներում պատկերված գոյականները, ածականները, բայերը և գրատախտակի վրա նշված լեզվական կառույցները։ Կարևորն այն էր, որ սովորողները հետաքրքրված էին, իսկ դասասենյակում անկաշկանդ, փոխհարգալից, ստեղծական և ակտիվ ու ուրախ մթնոլորտ էր։Նյութը ՝ Յուրա Գանջալյանի բլոգից

Ավելին ՝ Մարիամ Սարդարյանի բլոգում


highschool

Edit Delete