«Մեկնարկի՛ր» ծրագրի 12 մասնակից կբացահայտի ստարտափ էկոհամակարգը
«Մեկնարկի՛ր» կրթական ծրագրով 12 դպրոցական գիտելիքներ կստանա ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ: Ծրագիրն իրագործելու են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ։
«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը Գորիսից է, վերջին մեկ տարում տեղափոխվել է Երեւան։ Մաթեմատիկայի ուսուցչի հորդորով է դիմել ծրագրին։ 2024թ. հուլիսին զորակոչվելու է բանակ, բայց մինչ այդ նպատակ ունի համալսարան ընդունվել ու Արատեսում իր աստղագետ ընկերների հետ աստղադիտարանի հիմքերը դնել։
«Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի ավարտական դասարանում։ Պարապում եմ առաջիկա քննությունների համար, ցանկանում եմ ընդունվել Ամերիկյան համալսարան ու դառնալ մեխանիկ ինժեներ։ Մեր դպրոցին կցված գյուղում՝ Արատես դպրական կենտրոնում, աստղադիտարան ենք ցանկանում հիմնել։ Այնտեղ ճամբարներ ենք ունենում եւ աստղագետների խումբ ունենք։ Իրականացնում ենք տարբեր հետազոտություններ, տվյալներ գրառում ու փորձեր իրականացնում։ «Մեկնարկի՛ր» ծրագրին դիմել ենք ու ներկայացրել մեր նախագծի ճանապարհային քարտեզը։ Ակնկալում եմ, որ այս նախագիծը կօգնի եւս մեկ քայլով մոտենալ մեր երազանքին»,- ասում է Տիգրանը։
Ավելին՝ itel.am կայքում: