Աղավնաձորում ամեն տուն գինեգործարան է
Տիարի նվերը Մանվելին
Գինու դպրոցի 4-րդ կուրսի ուսանող Մանվելի ծննդյան նվերը տիար Բլեյանի կողմից՝ մասնակցություն մեծ, իսկական այգեկութին՝ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում, տիկին Մարինե Մկրտչյանի ներկայությամբ ու մասնակցությամբ դարձրինք ծիսական։ Հավաքվեցինք ուսանողներով, սովորողներով, 76 կմ ճանապարհ անցանք, որ կրթահամալիրի Գինու դպրոցի լավագույն բարեկամ Հովակիմ Սաղաթելյանի հետ քաղենք 2023 թվակականի վերջին Արենին։
08։00 Մայր դպրոցի կայանատեղիից շարժվեցինք․ Երասխի կանգառն էլ հետը, 10։30 Աղավնաձորում ծանոթանում էինք թե ինչպես ճիշտ քաղել Արենիի մեծ-մեծ, հյութալի, հասուն ճութերը։ Առանց այգին օրհնելու, Անդաստանի կարգ անցկացնելու ի՞նչ այգեկութ։ Ծիսական մասն ավարտելուց հետո երգելով ու պարելով խաղող քաղեցինք, անուշ արեցինք Աղավնաձորի աննման Արենին, նկարվեցինք, վայելեցինք (օրվա մանրամասներ instagram-ի ակտուալ stoy-ներից ԱՅԳԵԿՈՒԹ բաժնում)։ Խաղողաքաղը ուղեկցվեց տեղացի մարդկանց հետ զրույցներով, ծանոթություններով։ Բոլորը կարծես խաղողի ու գինու գիտակներ լինեին, բոլորը գինեգործներ․․․․ հասկացանք, որ Աղավնաձորում ամեն մի տուն գինեգործարան է երևի․․․
Բավականին մեծ քանակի խաղող քաղելուց հետո հյուրընկալվեցինք Հովակիմ Սաղաթելյանի հիմնադրած «Տրինիտի կանյոն» գինու գործարանում։ Գործարանը տան տարածքում էր, կառուցված հարմար ոճով, ներառված տան մեջ, ակտիվ աշխատանքային փուլի մեջ։
Տեսանք թե ինչպես են կալիֆորնիական որդերը գոմախբը 1-2 ամսում վերածում կոմպոստի, որը որպես պարարտանյութ տրվում է վազերին։ Նրանց մեծ ախորժակի շնորհիվ կարելի է կարճ ժամանակում ստանալ քիմիական որևէ տարր չպարունակող օրգանական պարարտանյութ, որը ապահովում է աճի համար կարևոր սննդանյութեր, բարելավում է ֆոտոսինթեզի գործընթացը, նպաստում է ավելի փարթամ և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ ավելի բարձր դիմադրողականություն ունենալուն։ Սա օգտակար է ոչ միայն խաղողի, այլև բոլոր տեսակի մշակաբույսերի համար։
Գործարանում շրջայցը ևս ուսուցողական էր․ սիրով կվերադառնանք նորից։
Վերդարձանք հայրենագիտական կանգառներ կատարելով։ Նորավանքում տեղացի ու արտասահմանցի զբոսաշրջիկների ունկընդրությամբ պատարագ կատարեցինք, ուսումնասիրեցինք Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա, Հովհաննես Օրբելյանի կարուցած Արենիի սբ․ Աստվածածին եկեղեցին։ Տարածքում գտանք 16-17-րդ դարերի խաչքարեր ու տապանաքարեր։
Երեկոյան, 18։00-ին մոտ հոգնած ու երջանիկ վերադարձանք Երևան, նորից միասին ճամփորդելու սպասումով։
Տեղադրում ենք Գինու դպրոցի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերը, որտեղ ակտիվորեն լուսաբանվում են մեր ամեն օրն ու ամեն ժամը։
wineschool.mskh instagram
«Սեբաստացի» խաղողի և գինու դպրոց facebook