ՀՀ ԿԳՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
- Կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության (պետական գրանցման վկայական` N003153, սերիա` 01 Ա, տրված` 19.10.1994թ., ծածկագիր` 01804186) իրավահաջորդն է: Կրթահամալիր պետական ձեռնարկության գույքը պատկանում է կրթահամալիրին սեփականության իրավունքով: Կրթահամալիրն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` հիմնադիր): Լիազորված պետական մարմինը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
- Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
- Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆի 57:
- Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և անհատականացման այլ միջոցներ:
Կրթահամալիրի անվանումն է`
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն», կրճատ անվանումը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հապավումը` ՄՍԿՀ:
- Կրթահամալիրն ունի էլեկտրոնային կայք` www.mskh.am (այսուհետ` mskh.am), որը գործում է որպես կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է կրթական ծրագրերի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
- Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվներ:
- Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար կրթահամալիրը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից` օրենքով սահմանված կարգով:
- Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
- Կրթահամալիրում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
- Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`
- ՀՀ կառավարության 10.05.1990թ. N216 որոշմամբ հաստատված` ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
- երեխաների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
Կրթահամալիրի նպատակներից բխում են կրթահամալիրի` ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ խնդիրները`
- անհատականության զարգացման և ազատ գործունեության, փոխադարձ հարգանքի, վստահության ու գործընկերության մանկավարժության ստեղծում և կիրառում.
- նախադպրոցական, հանրակրթական, նախամասնագիտական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության հաստատությունների հնարավորությունների համախմբում` ընդհանուր, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) և լրացուցիչ կրթության ինտեգրացումը ապահովելու նպատակով.
- դպրոց-համալիրի պայմաններում անհատի ընդունակությունների առավելագույն դրսևորում և զարգացում` յուրաքանչյուր անձի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) ցանկալի գործունեության բավարարման ճանապարհով.
- մանկապարտեզի, դպրոց-մանկապարտեզի ու կրտսեր դպրոցի համար կրթահամալիրի մանկավարժությունը յուրացրած ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.
- այլոց մանկավարժական առաջավոր փորձի, կրթական գործի կազմակերպման որակապես նոր ձևերի ու մեթոդների վերաիմաստավորում ու ներդրում.
- սահմանված կարգով կրթական, տրամաբանական խաղերի հավաքում, դասակարգում ու տարածում, կրթահամալիրի մանկավարժությանն անհրաժեշտ նոր խաղերի, խաղալիքների, ուսումնական գույքի և պիտույքների մշակում, հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական այլընտրանքային ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, ուսուցման նոր մեթոդների փորձարկում.
- հաղորդակցության մանկավարժության մշակում, կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ:
- Կրթահամալիրը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար:
- Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա:
- Կրթահամալիրը պատասխանատու է պետական կրթական չափորոշիչներին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին, նրանց կյանքի անվտանգության, առողջության պահպանման և մանկավարժական պահանջներին համապատասխան հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրերի իրագործման, ուսուցման մեթոդների և ձևերի մշակման ու ընտրության համար:
Կրթահամալիրն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
- նախադպրոցական դաստիարակություն, միջին մասնագիտական և նախամասնագիտական, ընդհանուր միջնակարգ, ընդհանուր հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) կրթություն.
- նախապատրաստական դասընթացների կազմակերպում.
- մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում.
- կադրերի վերապատրաստում , վերաորակավորում և որակավորման բարձրացում.
- ուսումնաարտադրական գործունեության և սպասարկման ծառայությունների իրականացում.
- գրահրատարակչական գործունեության իրականացում.
- կրթական տեղեկատվական, մշակութային, մարզական գործունեություն և ծառայություններ.
- կիրառական արվեստի և արհեստների ուսուցում.
- ուսուցման միջոցների ու պիտույքների, մանկական խաղերի ու խաղալիքների, դպրոցական գույքի մշակում, փորձնական արտադրություն և վաճառք.
- ծաղկաբուծություն, հրուշակագործություն.
- լրացուցիչ հանրակրթական ծրագրերի և կրթական ծառայությունների իրականացում.
- արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
- համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
- սովորողների և ուսուցիչների սննդի կազմակերպում.
- ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կրթահամալիրը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կրթահամալիրը նախադպրոցական, հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների), նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` մասնաճյուղ) փորձարարական-հետազոտական միավորում է:
Մասնաճյուղը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: Մասնաճյուղը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
Մասնաճյուղը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
Կրթահամալիրի մասնաճյուղի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի, մասնաճյուղի կանոնադրություններով: Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի գործադիր տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտերի հիման վրա յուրաքանչյուր ուստարվա համար մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ ուսումնական շինություն (տարածքներ) և այլ գույք: Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
Կրթահամալիրի մասնաճյուղերն են՝
ա) Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-4 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Արևելյան դպրոց-պարտեզ (նախկինում՝ Բ-1 թաղամասի հիմնական դպրոց-մանկապարտեզ), Հյուսիսային դպրոց-պարտեզ (նախկինում՝ գեղարվեստի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոց), Հարավային դպրոց-պարտեզ (նախկինում՝ Մայքլ Գանյանի անվան հանրակրթական դպրոց), տեխնոլոգիական կրթության Միջին դպրոց (նախկինում՝ Արհեստագործական դպրոց), Ավագ դպրոց (նախկինում՝ Վարժարան) հանրակրթական ուսումնական հաստատությունները.
բ) քոլեջ (նախկինում՝ մանկավարժական ուսումնարան) միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը.
գ) գեղարվեստի դպրոց, երաժշտության դպրոց, պարի ու թատրոնի դպրոց, մարզադպրոց, շախմատի դպրոց, բնագետի դպրոց, բնասեր-բնապահպանի դպրոց, բնության գրկում դպրոց լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոնները:
- Կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կառավարման խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կրթահամալիրն ստեղծում է կենտրոններ, ծառայություններ, ուսումնա-արտադրական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, կրթական փոխանակումների կենտրոն` իր կացարաններով, մանկավարժության կենտրոն, գրադարան, լրացուցիչ կրթության կենտրոններ, որոնց աշխատակարգերը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը:
- Կրթահամալիրի ավագ դպրոցում, նախասիրության դպրոցներում կարող են սովորել ինչպես կրթահամալիրի հանրակրթական դպրոցների, այնպես էլ այլ հանրակրթական դպրոցների համապատասխան դասարանների աշակերտները: Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրը կարող է ունենալ գիշերօթիկ պայմաններ (հանրակացարան ու հյուրատուն):
- Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների մանկապարտեզային խմբերը բազային են կրթահամալիրի քոլեջի ուսանողների համար. սովորողները, նրանց դասախոսները ուսումնական պլանով և աշխատակարգերով նախատեսված մեթոդական-հետազոտական աշխատանքներ են կատարում, ուսանողները` ուսումնական փորձառությունն են անցկացնում:
- Կրթահամալիրի նախասիրության դպրոցների հնարավորությունները լիարժեք ծառայում են նաև կրթահամալիրի հանրակրթական դպրոցների և քոլեջի ուսումնական պլանով նախատեսված առարկաներին և պարապմունքներին:
- Կրթահամալիրում ուսուցման լեզուն գրական հայերենն է: Նախարարության սահմանած կարգով ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
- Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մեթոդական - հետազոտական, որակավորման բարձրացման գործունեությունը կազմակերպում են կրթահամալիրի առարկայական ամբիոնները` մասնագիտական խմբերը (այսուհետ` մասնախմբեր):
- Մասնախմբերը ղեկավարում են կրթահամալիրի առաջատար ուսուցիչները: Մասնախմբերի և ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը: Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի կրթական հայեցակարգը: Կրթահամալիրի մասնաժողովի աշխատանքները ղեկավարում է կրթահամալիրի գործադիր տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը: Մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին ու մասնաժողովի կազմը, մասնախմբերի ու մասնաժողովի աշխատակարգը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
- Կրթահամալիրի աշակերտների բուժսպասարկումն իրականացնում են կրթահամալիրի բուժծառայությունը և առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը կառավարման մարմինների հետ համատեղ պատասխանատու է բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար:
- Ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի և դասացուցակների հիման վրա:
- Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։
- Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
- Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, կուրս, սովորողների ընտրությամբ գործունեության և դասընթացի ուսուցման խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելության խումբ, մասնագիտական փորձառության խումբ, և անհատական:
- Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
- Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով՝ ապահովելով ուսուցման անհատականացում, ուսուցման կազմակերպման (տեղ, ձև, ժամանակ, պայմաններ) հարմարվածությունը անհատին, ամբողջական ներառականություն։
- Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր` Սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
- Լրացուցիչ կրթական ծրագրերը, այդ թվում՝ Սովորողի տնային ուսումնական աշխատանքը, ուղղված են Սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը՝ որպես ծառայություն` իրականացվում է մասնաճյուղերում, ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
- Առանձին սովորողների համար կրթական ծրագրերի յուրացման նորմատիվ ժամկետները կարող են փոփոխվել նախարարության սահմանած կարգով:
IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինը` կրթահամալիրի խորհուրդը, (այսուհետ` խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` գործադիր տնօրենն ու իր աշխատակազմը (այսուհետ` գործադիր տնօրեն):
- Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդներ:
- Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով կրթահամալիրի մասնաճյուղերում, որպես խորհրդակցական մարմիններ ձևավորվում են ծնողական խորհուրդներ, կարող են ձևավորվել նաև հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
- Խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
- Կրթահամալիրի հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
- Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) կրթահամալիրի հիմնադրումը.
բ) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
դ) կրթահամալիրի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
ե) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.
զ) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը.
է) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
Սույն կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները հիմնադրի կողմից վերապահված են նախարարությանը
- Նախարարությունն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
Նախարարությունը`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կրթահամալիրի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի գործունեության նկատմամբ.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումներն ու որոշումները.
դ) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության արդյունքները.
ե) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
զ) օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
է) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
- Կրթահամալիրի գործադիր տնօրենն իրականացնում է կրթահամալիրի ընթացիկ գործունեության ղեկավարումը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ նախարարության հրամանների, որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- Գործադիր տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
դ) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կրթահամալիրի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների, աշխատակազմի և մասնաճյուղերի տնօրենների միջև, խորհրդի հաստատմանն է ներկայացնում իր աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակարգը.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.
ժ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
ժբ) աջակցում է կրթահամալիրի մասնաճյուղերի մանկավարժական, ծնողական և այլ խորհուրդների աշխատանքներին.
ժգ) կազմում է կրթահամալիրի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք, կրթահամալիրի խորհրդի հաստատմամբ, ներկայացնում նախարարություն.
ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կրթահամալիրի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
ժե) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
ժզ) ներկայացնում է կրթահամալիրը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում: Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:
- Գործադիր տնօրենի բացակայության դեպքում, սահմանված կարգով, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
- Նախարարությունը կրթահամալիրի կանոնադրության գրանցման պահից հետո 30 օրվա ընթացքում ձևավորում է կրթահամալիրի խորհրդի նոր կազմը (15 անդամ): Մինչև խորհրդի նոր կազմի ձևավորումը խորհրդի գործառույթներն իրականացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկության գործող խորհուրդը:
Խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`
1) կրթահամալիրի աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).
2) մասնաճյուղերի ծնողական խորհուրդները, որոնք փակ քվեարկությամբ, ընտրում են Խորհրդի իրենց անդամներին (2 անդամ` դպրոց-պարտեզներից, մեկական՝ Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).
3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):
Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):
Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:
Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:
- Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:
- Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո` 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ` խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:
- Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ,
բ) իր դիմումի համաձայն:
Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր անդամին:
- Խորհուրդը`
ա) նախարարության սահմանած մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է կրթահամալիրի գործադիր տնօրեն, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում տնօրենի վարձատրության կարգը.
բ) գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենի տեղակալներին, մասնաճյուղի ղեկավարի հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, սահմանում մասնաճյուղի ղեկավարի վարձատրության կարգը.
գ) որոշում է ընդունում կրթահամալիրի աուդիտն անցկացնելու մասին (կրթահամալիրի բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.
դ) հաստատում է կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, աշխատանքային ու ներքին կարգապահական կանոնները, կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը, ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունները և առաջարկություն ներկայացնում նախարարությանը.
ե) քննարկում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է կրթահամալիրի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և կարգը, առաջարկություններ ներկայացնում հիմնադրին` կրթահամալիրի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու.
զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ.
է) կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը, մասնաժողովի ներկայացմամբ հաստատում կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները.
ը) հաստատում է կրթահամալիրի մասնաճյուղերի ամենամյա ծախսերի նախահաշիվը, սահմանված կարգով գործադիր տնօրենի միջոցով նախարարություն է ներկայացնում կրթահամալիրի հաստիքացուցակը, քննարկում ամենամյա ֆինանսական և կրթական հետազոտական գործունեության հաշվետվությունները.
թ) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ ու մասնաճյուղերի կանոնադրություններով նախատեսված լիազորություններ:
- Նախարարության (նրա ղեկավարության) կամ կրթահամալիրի ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար:
- Խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
բ) նախագահում է խորհրդի նիստերը.
գ) կազմակերպում է խորհրդի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:
- Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:
- Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև նախարարության, գործադիր տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:
- Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
- Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են և հրապարակվում խորհրդի կայքէջում, mskh.am-ում:
Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:
- Նախարարությունը, կրթահամալիրի, մասնաճյուղերի տնօրենները, նրանց տեղակալները, խորհրդի անդամները կրթահամալիրի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող կրթահամալիրի (մասնաճյուղի):
- Կրթահամալիրի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
V. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կրթահամալիրի սեփականությունը ձևավորվում է կրթահամալիրի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կրթահամալիրի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
- Կրթահամալիրն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
- Հիմնադիրը սեփականության իրավունքով կրթահամալիրին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի:
- Կրթահամալիրի սեփականության պահպանման հոգսը կրում է կրթահամալիրը:
- Կրթահամալիրի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
- Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կրթահամալիրին ամրացված գույքը:
- Կրթահամալիրն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Կրթահամալիրն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, օրենքով սահմանված կարգով:
Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կրթահամալիրի ստացած եկամուտները կրթահամալիրի սեփականությունն են:
Կրթահամալիրին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
- Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները:
- Կրթահամալիրը ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից:
- Կրթահամալիրի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.
բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կրթահամալիրի կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
- Կրթահամալիրի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` նախարության կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ԾՆՈՂԸ
- Կրթահամալիրում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
- Կրթահամալիրի մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
- Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողի և Ծնողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
- Կրթահամալիրի մասնաճյուղի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
- Մասնաճյուղը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով Ծնողին` նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները Սովորողի կամ Ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:
VII. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Կրթահամալիրը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Կանոնադրությունում փոփոխությունները կատարվել են ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով։