Կամավոր ատեստավորման հեղինակային մոդելը
Հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան
Կամավոր ատեստավորման հեղինակային մոդելը
Հանրապետությունում կամավոր ատեստավորում ձևակերպումը սկսեց շրջանառվել 2,5-3 տարի առաջ։ Ներկայացված կոնցեպտը քննարկվեց կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայում, դպրոցների խորհուրդներում, մանկավարժական աշխատողներն ակտիվորեն ներառվեցին քննարկումներում, արձագանքեցին հանրային քննարկմանը, հանդես եկան տարբեր հարթակներում։
Քննարկումների ընթացքում հստակեցվեց մեր դիրքորոշումը՝ հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողը պետք է հնարավորություն ունենա մասնակցել կամավոր ատեստավորման այլ տարբերակի՝ հեղինակային կրթական ծրագրի մոտեցումներով որոշված։ Անգիրին ուղղված, ակադեմիական խրթին առաջադրանքներով ողողված, բառարանային բացառություններով կազմված հարցաշարերը, դրանց մեթոդական, մանկավարժական մոտեցումը չեն կարող և չեն համապատասխանում հեղինակ ուսուցչին ներկայացվող պահանջներին։ Մասնագետը, որն արդեն ստացել է բարձրագույն մասնագիտական կրթություն (դրույթն ամրագրված է ՀՀ Հանրակրթության մասին օրենքում), պետք է իր հմտությունները զարգացնի արդեն կոնկրետ աշխատանքում՝ ներկայանա մանկավարժական իր հմտություններով ու նորարարությամբ, զարգացումը դա պետք է լինի։ Մանկավարժական հմտությունները, դրանց զարգացումն ու մասնագիտական՝ առարկայական գիտելիքի կիրառումը մանկավարժության մեջ, այլ հմտություններ են պահանջում։ Առարկայական այն գիտելիքը, որ, ենթադրվում է, պետք է ստացած լինի բուհի շրջանավարտը, պետք է դառնա կոնկրետ մանկավարժական հմտություն, փոխանցման, ուղղորդման կարողություն։ Ուսուցիչը պետք է կարողանա ստեղծագործել, ինքնակրթվել՝ մանկավարժական, մեթոդական մշակումներով, հոդվածներով, կարողանա նախագծել կրթական իր աշխատանքը, ձևակերպել առարկայական, միջառարկայական նախագիծ։ Ուսուցիչը պետք է կարողանա փաստաթղթեր կարդալ, դիտարկել, ստեղծել սեփական դասընթացի ծրագիրը, ստեղծել սեփական ուսումնական նյութերը, և այլն։ Կարևոր է, որ ուսուցիչը կարողանա հեղինակը դառնալ իր գործի և կոնկրետ աշխատանի ընթացքում ձեռք բերածը կարողանա ներկայացնել՝ ցույց տալով զարգացումը, աշխատանքը։
Այսպես ստեղծվեց Հեղնակային կրթական ծրագրով դասավանդողի դրույքաչափի բարձրացման կարգը։ Կարգը ստեղծվեց, մշակվեց կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայում, տարբեր քննարկումների միջով անցավ, հղկվեց, լրամշակվեց մանկավարժական խորհուրդներում, մասնագիտական խմբերում։
Արդեն քննարկված, ընդունելի տարբերակն ուղարկվեց ԿԳՄՍ փոխնախարարին․ նպատակը՝ կամավոր ատեստավորման այլընտրանքային տարբերակի գոյության իրավունքի հաստատումն էր։ Պատասխան դեռ չենք ստացել։
Կրթահամալիրում որոշում կայացվեց սեփական համեստ միջոցներով կազմակերպել ու իրականացնել հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման մեր հեղինակած տարբերակը։
Հեղինակային կրթական ծրագրի ուսուցչին հնարավորություն է տրվում ընտրել, թե որ տարբերակով է ուզում մասնակցել կամավոր ատեստավորման՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից կազմակերպվո՞ղ, թե՞ հեղինակային կրթական ծրագրի։
Կարգից առանձնացնենք մի քանի կարևոր կետեր, որոնք ուզում ենք շեշտադրել՝
- Ատեստավորման նպատակն է վերջին երեք տարում հայտատուի մանկավարժական գործունեության գնահատումը և դրա արդյունքում նրա դրույքաչափի փոփոխությունը:
- Ատեստավորմամբ հաստատվում է, որ հայտատուն իր գործի հեղինակն է, հեղինակային կրթական ծրագրի զարգացման պատասխանատուն, ստեղծագործող, հետազոտող մասնագետ, որ անընդհատ զարգացնում է իր աշխատանքային կարողությունները, մանկավարժական հմտությունները, առարկայական գիտելիքները, մտահորիզոնը։
- Հայտը ներկայացնելու համար հայտատուն իր անհատական ուսումնական բլոգում բացում է «Կամավոր ատեստավորում» բաժին՝ այնտեղ տեղադրելով ներկայացվող նյութերը։
Հեղինակային մշակման մեջ կարևորվում է ուսուցչի աշխատանքի բաց ու թափանցիկ ներկայացումը, որը տեսանելի է բոլոր շահառուներին։ Բլոգում բացվում է առանձին բաժին, որտեղ տեղադրված նյութերը հասանելի են բոլորին։ Սա կարևոր է և՛ դիտարկումների համար, և՛ փորձի փոխանցման, և՛ արված աշխատանքի գնահատման համար ։ Ներկայացվող նյութերին ներկայացվող պահանջները՝ կամավոր ատեստավորման բովանդակությունը հստակ է ձևակերպված՝ դրանք բավական բարդ են, խրթին։ Հաշվի են առնված հեղինակային կրթական ծրագրի բովանդակային բոլոր հիմնադրույթները։
Կարևորվում է դասավանդողի՝ իր աշխատանքի հանրային ներկայացումն ու այդ հանրային ներկայացման կազմակերպումը։ Այս մասով ևս պահանջները հստակ են և կոնկրետ․ տե՛ս մշակումը։
Մշակումների աշխատանքին հաջորդեց փորձարկման փուլը, որից հետո համապատասխան շտկումներ կատարվեցին։
Արդեն հաստատված տարբերակները շրջանառելուց հետո, տրվեց հայտարարությունը և եղան առաջին հայտադիմումները։ Կրթահամալիրի Մանկավարժության կենտրոնը կազմակերպեց կամավոր ատեստավորման հայտերի ընդունման, հանրային ներկայացումներին ուղղված աշխատանքը։
Առաջին հայտատուներից ընտրվեցին հասրակագետ Վարդան Կարապետյանը, հայոց լեզվի, գրականության դասավանդող Նունե Մովսիսյանը։
Նրանց հանրային ներկայացումները տպավորիչ էին՝
1․ Վարդան Կարապետյան, հանրայնացումը՝ հոկտեմբերի 27, ժամը՝ 11:00
2․ Նունե Մովսիսյան, հանրայնացումը՝ հոկտեմբերի 27, ժամը՝ 14:00
Առաջին հայտատուներից հետո հայտադիմումները շատացան․ սկսում ենք հանրային ներկայացումների, գնահատման հաջորդ փուլը։ Ե՛վ հանրային ներկայացումները, և՛ գնահատման-դիտարկման փուլը կոնկրետ ու զարգացնող մանկավարժական աշխատանք են։
Մեր հանրային ներկայացումները բաց են․ կարող են մասնակցել բոլոր շահառուները։
Այս փուլում համարում ենք, որ մեր մշակումները ստացված են, կարգը՝ աշխատող, և մեր փորձը կարող է հետաքրքիր լինել ու տարածվել։