• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին «Ուրբաթս» կրթահամալիրում…

 

Նորից սկսել եմ հիշել… առաջին «Ուրբաթս» էր: Երևի հիշում եք՝ մի երկու տարի առաջ, ամեն ուրբաթ ինչ-որ նյութ էինք ներկայացնում: Դա մեր շաբաթվա մի մասն էր կազմում, առանց որի հա՛մ հետաքրքիր չէր անցնում շաբաթը, հա՛մ սովորողները ֆլեշկաներ նվեր չէին ստանում: Նյութեր էինք պատրաստում տարբեր առարկաներից, տարբեր թեմաների վերբաերյալ, ներկայացնում էինք մեր կատարած ճամփորդությունները… հիմա էլ ունենք «Ուրբաթբեր», բայց առաջ մի քիչ ուրիշ էին:
«Ի՞նչ պետք է ասեմ, ի՞նչ պետք է անեմ, վախենում եմ, ամաչում եմ, ա՜խր շատ եմ նեղվում». ինքս ինձ այնքան հարց էի տալիս, որ շփոթվում էի, իսկ պատասխանները կանգնած էին մի քանի քայլ այն կողմ՝ գրադարանի էլեկտրոնային գրատախտակի մոտ:
Պետք է ներկայացնեինք մեր էլեկտրոնային ամսագիրը… ինձ-ինձ ինչ-որ խոսքեր էի գրել, մտքումս կրկնում էի, որ չմոռանայի. զարմանում էի՝ ինչու ոչ ոք չէր անհանգստանում ու վախենում, ոչ ոք չուներ պատրաստած խոսքեր ու անգիր արած տողեր:
Եկավ մեր հերթը… Կանգնեցի այդ պատասխանաշրջապատված գրատախտակի մոտ ու մոռացա հարցերս… Մոռացա, որովհետև տեսա լիքը ժպտացող դեմքեր, խրախուսող հայացքներ… սկսեցի խոսել:
Էլ ինչ անգիր արած տողեր, էլ ինչ լավ մշակված խոսքեր… միայն անկեղծություն:
Այդ օրվանից սկսեցի «խոսել սովորել», սկսեցի ոչ թե սիրուն, այլ իմաստալից բառեր փնտրել, սկսեցի պատասխանատվություն կրել ամեն ասածս բառի համար, սկսեցի ոչ թե հիշել, այլ զգալ ասածներս: Այնքան շատ բան տվեց առաջին «ուրբաթս». վստահություն, լրջութուն, աշխատասիրություն, ուժ…
Ու այսպես շարունակվեցին… ուրբաթ, գրատախտակ, նոր նախագծեր: Խանդավառությունս ծնողներիս էի փոխանցում, զարմանում էին, որ այդքան շատախոս եմ դարձել, որ այդքան շատ եմ աշխատում ու, ամենակարևորը, որ կոտրվել էին այն բարդույթները, որ ինձ դարձնում էին շատ ամաչկոտ ու չխոսկան:
Երևի չեք հավատում կամ չեք պատկերացնում ինձ խոսել ամաչելուց, բայց այդպիսինն էի:
Ծնողներս ինձ տանում էին թատերական խմբակ, հաղորդավարության դասերի, պարի… Ուզում էին, որ ավելի ակտիվ մարդ լինեմ… ամեն ինչ ունեցավ իր ազդեցությունը, բայց առաջին ակտիվությունս ինձ տվեց առաջին «Ուրբաթս»…

Comments

Մանե ջան, մենք քեզ շա~տ ենք սիրում: Կարոտելու ենք քեզ...

Մանե ջան, քեզ կսպասենք նաև այս աշնան ուրբաթներին։ Դու հաստա՛տ ներկայացնելու բան կունենաս։

Բա ես ոնց եմ կարոտելու... չնայած դպրոց գալու առիթներ պետք շատ գտնեմ ... Համալսարանական կյանքս կներկայացնեմ, եթե իհարկե ներկայացնելու բան լինի: :)

Մանե ջան, ինչքա՛ն շատ բան ես հասկացել էսքան կարճ ժամանակում... ապրե՛ս դու:

Add new comment