• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցանկապատը մեր գլխում

Երեկ Երեւանի, մեր մայրաքաղաքի համար կարեւոր իրադարձություն էր. վառում էին Տոնածառի լույսերը, բայց պակաս կարեւոր իրադարձություններ չէին ծավալվում մայրաքաղաքի անկյուններից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ մանկապարտեզների մեկի տնօրենը որոշել էր օգտվել նախատոնական իրարանցումից, հանգստյան օրից եւ իրականություն դարձնել իր կպչուն մտքերից մեկը՝ ցանկապատել իր տնօրինած հաստատության տարածքը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այստեղ ինչ կարեւոր իրադարձություն է, որին անգամ անդրադառնում ենք: Ցանկապատելով մանկապարտեզի տարածքը` տնօրենը խաթարում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորաղների ազատ եւ անվտանգ տեղաշարժը հաստատության մասնաշենքների միջեւ: 

Վստահ ենք, որ մանկապարտեզի տնօրենը ցանկապատ կառուցելով չի ցանկանում վատություն անել հարեւան կրթահամալիրի երեխաներին, անգամ չի էլ մտածում մանկապարտեզի սաների անվտանգության մասին: Նա ընդամենը ցանկանում է ֆիքսել իր տիրույթները երկաթյա ձողերով, մետաղե ցանցով: Այդպես իրեն արդեն իսկական տնօրեն կզգա, իսկ առանց ցանկապատ այն չէ, հայավարի չէ:

Տնօրենը համոզված է, որ եթե իր մանկապարտեզի սաները սահմանն անցնեն եւ խաղան հարեւան կրթահամալիրի տարածքում, այնտեղից բողոքներ չի ստանա, բայց նա ուզում է կառուցել այդ ցանկապատը եւ անգամ դարձրել է իր կյանքի գլխավոր նպատակներից մեկը: 

Ցանկապատը նրա գլխում է, մեզնից շատերի գլխում, այն ծնողների գլխում, որոնց համոզել է, որ առանց այդ ցանկապատ իրենց երեխաներն անվտանգ չեն լինի:

Գործը հասել է կոնֆլիկտի: Երկու հաստատություններ բախումների մեջ են, իսկ պատճառը քաղաքապետարանի անգործությունն է, իսկ ավելի ճիշտ, առանց խնդիրների մեջ խորամուխ լինելու որոշում կայացնելը:

Անգլիայում որեւէ շենք, այգի կառուցելուց առաջ նախանշում են տարածքը եւ հետեւում բնակչության շարժին, իսկ հետո մնացածը անում են` հարմարվելով տարածքի բնակչությանը: Եթե մարդը քայլում է հենց այդ կածանով, ապա այնտեղ մնում է ճանապարհ: Պարզ եւ տրամաբանական լուծում:

Մեզ մոտ, որտեղ ապրում են մարդիկ, որոնց գլխում կիլոմետրանոց ցանկապատներ են, որոշում կայացնելու գործընթացը լի է թերություններով: Ո՞ւմ է պետք մեկ միլիոնանոց ծախսերը, երբ այն ոչ թե երեւանցու համար է, այլ շոու անելու եւ ... 

Աշոտ Բլեյանը բղավում է, բացատրում է, հասկացնում է, որ երկաթբետոնյա ցանկապատները միշտ չէ որ անհրաժեշտ են, միշտ չէ, որ դրանք պետք են, բայց լսող չկա: Մանկապարտեզի տնօրենը ցանկապատ է ուզում, քաղաքապետարանն էլ հավես չունի նման մանր գործով զբաղվել:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավարությունը, սովորողները, դասավանդողները, ծնողները որոշել են ստանդարտից դուրս գալ, ամեն ինչ անել ուսուցման գործընթացն անվտանգ եւ հետաքրքիր դարձնելու համար, բայց դա չի ներվում: Դրա դեմ հարձակվում են մետաղյա ձողերով եւ ցանցերով: Սահմանափակել ազատությունը, սահմանափակել մարդու մտածողությունը: Հենց այստեղ օգնության է հասնում ցանկապատը:

Սովետական անճաշակ ճարտարապետությամբ, իրար գլխի լցված շենքերի, հետխորհրդային տարիներին սնկի պես բազմացած գարաժների արանքում մի տեղ ազատության օազիս է հայտնվել, եւ դա շատերի մոտ գլխացավ է առաջացնում: 

Քաղաքապետարանը հարկ չի համարում տնօրենին կանչել եւ հարցնել՝ սիրելիս, ինչո՞ւ ես այդքան մեծ համառությամբ ուզում կառուցել այդ ցանկապատը: Մտածո՞ւմ ես երեխաների անվտանգության մասին, այդ դեպքում տես սեբաստացիների մանկապարտեզն ինչ լուծումներ է առաջարկում, ինչպես են ապահովում կրտսեր դպրոցի երեխաների անվտանգությունը:

Կարեւորը ոչ թե Տոնածառի բարձրությունն է, գինը, լույսերը, այն վառողը, այլ թե ինչ մտածողության տեր մարդիկ են հավաքվում դրանց շուրջը: Ո՞ւմ է պետք այդ թանկարժեք Տոնածառը, եթե դուք ուզում եք ցանկապատերով միմյանցից բաժանված հասարակություն:

Ահա թե ինչու է այսքան կարեւոր այս մի ցանկապատի հարցը: Հանեք ցանկապատները ձեր գլխի միջից, ստեղծեք ազատ մտածող մարդուն, եւ կդադարեն հիմար խոսակցությունները, եւ կվերանան հիմար որոշումները: