• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի բաց նամակ ամենքին…

Լավ է, որ վնասված աջս վերականգնվում է այնչափ, որ ես կարողանում եմ իմ այս դիմումն ուղղել՝ որպես բաց նամակ ամենքին։

Լավ է, որ մեր ուսումնական օրացույցով ամենամյա մեր «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնը կարողացանք դարձնել բաց-աշխատանքային. սեբաստացի սովորողով, նրա մանկավարժական աշխատողով, ծնողով, բարեկամով ներկայացրինք 30 տարվա մեր հեղինակային մանկավարժության, մեր կրթահամալիր հետազոտական-փորձարարական միավորման ձեռբերումները, զարգացումները, խնդիրները ուսումնական պարապմունքների և նախագծերի տեսքով։

Լավ է, որ սեբաստացիական համայնքով հաստատեցինք երեսուն տարվա մեր գործունեության գլխավոր կերտումը՝ մենք կանք որպես Կրթական պարտեզ բնակելի արվարձանում*: Սա մանկավարժական ստեղծագործություն է, մեր գլխավոր ձեռքբերումը՝ տարածելի Երևանով, Հայաստանով մեկ մեր հետագա գործունեությամբ:

Ուսումնական պլանով որոշված և ուսումնական օրացույցով կազմակերպվող սեբաստացիական ուսումնական պարապմունքները՝ սկսած 5 տարեկաններից, ուսուցման համար օգտագործում են կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների միջավայրը, հնարավորությունները, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաները, որոնք բնակելի արվարձանում են, և անվտանգ անցումներով է օրգանական դառնում միջավայրը։ Արևելք-Արևմուտք կրթական կասկադը արդեն վաղուց գործում է։ Անվտանգ է Հարավում։ 2020-2022 թթ զարգացման ծրագրով որոշված են Հարավ-Արևմուտք անցման մեր աշխատանքները։ Իսկ 2019-ի մեջ մեր որոշիչ աշխատանքը Հյուսիս-Հարավ անցումն է….

Լավ է, որ մենք կարողացանք կենդանի պատնեշով Կրթական պարտեզի աղճատման դեմն առնել՝ որպես մեր՝ քաղաքացի-իշխանության, մշտական բնակչի, մեր կանաչ շրջակա միջավայրի ինքնապաշտպանության կարողություն:

Լավ է, որ այցից, ծանոթությունից անմիջապես հետո Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Կրթական պարտեզում սկսվեց ու հնարավոր սեղմ ժամկետում ավարտին հասցվեց Սարալանջը՝ կարևոր ներառական-խնամված-բաց հանգույց մեր բնակելի արվարձանում:

Լավ է, որ կա ՀՀ քաղաքաշինական կոմիտեի առաջարկը՝ Կրթական պարտեզի գործը քննարկելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Լավ է, որ Կրթական պարտեզի հեռանկարով մտահոգ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն օրեր առաջ տեղում անշտապ ծանոթացել է բնակելի արվարձանում ձևավորված Կրթական պարտեզին՝ լուծման կարոտ խնդիրնեով։

Լավ է, որ այս ամենով իրական դարձավ «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնությունը, որի բարերար ազդեցությունը Հայաստանով մեկ, վստահ եմ, առաջիկայում կզգաք։

Երևան համայնքի 2020թ. բյուջեի նախագծի բաց քննարկումը լավագույն հնարավորություն է՝ անդրադառնալու Կրթական պարտեզի ամբողջականությանն ուղղված աշխատանքներին, անելիքներին։ Ես լիազորված եմ սեբաստացի կրթական համայնքի կողմից՝ առաջարկելու-խնդրելու.

  1. կասեցնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թ. 93 նախադպրոցական ուսումնական հաստատության (ՆՈՒՀ) և կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի (մեր Գեղարվեստի դպրոցի) սահմանով մեզ անհայտ նախագծով շինարարության թույլտվության գործադրումը.
  2. Սարալանջով ստեղծված անցուղին, որով մի ողջ բնակելի արվարձան դառնում է բանուկ, ամբողջական ներառական, շուտափույթ բարեկարգել մինչև Րաֆֆի փողոց և Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ դարձնելով սովորողների, մանկավարժների (անկախ պատկանելությունից), բնակիչների անցումը անվտանգ, կարճ, հարմար յուրաքանչյուրի, այդ թվում՝ սայլակավոր մարդու համար.
  3. վերացնել ինքնաշեն ճաղավանդակները համայնքային ենթակայության թիվ 93, թ. 76 մանկապարտեզների և կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի միջև (դրանք բնակելի արվարձանի կառուցապատման նախագծով եղել են անցանկապատ, առանց ներքին բաժանարար ճաղավանդակների, գործել են որպես մեկ միասնական տարածք)  հնարավոր դարձնելով արդիական միասնական պաշտպանության-անվտանգության գոտին

Հ. Գ.

  • Կրթահամալիրը պետական կազմակերպություն է։ Մեր հողի յուրաքանչյուր քառակուսի մետրը, մեր ամբողջ գույքը պետական են։ Մենք հող զավթել չենք կարող։ Եթե սա է անհանգստությունը, հանգիստ եղեք։
  • Մեր Բլեյան բաց ցանցի հետաքրքրությունները Բանգլադեշից դուրս են։ Որևէ կրթական հաստատություն կամ խումբ Բլեյան ցանցում կարող են ընդգրկվել միայն կամավորության սկզբունքով, որոշակի պայմանների համապատասխանության դեպքում։

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան

Նյութի աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգ։