• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես տեսա ընդհարում, որտեղ բախվում էին երկու մշակույթներ

Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայից Հայաստան վերադարձած քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Արդեն մեկուկես տարի է նա վերադարձել է և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քանդակի դպրոցն է ղեկավարում

Իշխանությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որով օրենքի առջև պատասխան կտան քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները։ Այս օրինագիծը որքանո՞վ կարող է կանխել այդ ենթամշակույթը, դա օրենքո՞վ պետք է կանխվի, թե՞ շատ ավելի կրթական, մշակութային խնդիր է։

Նախ՝ օրենքի գերակա ուժով պետք է կարգի հրավիրվի դատական համակարգը, որը 70-80 տարի բոլշևիկյան, ԿԳԲ-ական համակարգը ներդրել է և Հայաստանում, և ամբողջ Խորհրդային Միությունում։ Ստալինյան փորձից ելնելով ամբողջ ԽՍՀՄ-ում ներդրվեց կրիմինալ մշակույթը։ Նրա նպատակն էր հսկել ոչ հսկելի տարածքները, որոնք ստեղծվել էին կոմունիստական հասարակարգի մութ անկյուններում։ Դրա համար ստեղծվեց այդպիսի մի մշակույթ, որը եկավ հասավ մինչև 2018 թվականը։ Մենք բոլորս էլ գիտենք, թե դա ինչպիսի բացասական հետք է թողել բոլորիս կյանքում, և դա դարձել էր մեր մշակույթի անբաժան մասը։ Վերջապես, քաղաքական ուժ գտնվեց, որ բարձրացրեց այդ հարցը։ Ես այդ ենթամշակույթը համարում եմ հասարակության քաղցկեղը, որից պետք է բուժվել ժամ առաջ։ Եվ դրա համար պետք է վիրահատական միջամտություն, պետք է վիրահատել հասարակությանը, որից հետո երկրորդ հարցն է բարձրանում, թե ինչպիսի հասարակությամբ պետք է փոխարինվի այդ հանցագործ տարրերի ներկայությունը։ Ես ուզում եմ մեր զրույցը մոտեցնել երկու օր առաջ կատարված իրականությանը, որին ներկա եմ եղել։ Մեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ ես դասավանդում եմ և քանդակագործության դպրոց եմ բացել, ես տեսա ընդհարում, որտեղ բախվում էին երկու մշակույթներ՝ մի կողմից հնացած քրեական ենթամշակույթի մնացորդներն էին, մյուս կողմից իրական մշակույթ կրողները, որոնք ատամներով պաշտպանում էին իրենց մշակույթը։ Այսինքն դա բախում էր նոր Հայաստանի, մարդկության, հաջողության, բաց լինելու և գողական, ճաղեր դնելու ցանկություն ունեցողների միջև։ Այսինքն՝ նրանք բանտի կարիքը ունեն ու չգիտես, թե ումից պաշտպանվելու համար են ճաղեր ուզում դնել։

Այդ մեր ընդհարումը վերաբերում է մեր բարձրացրած հարցերին։ Այսինքն հասարակության մեջ կան այդ ուժերը, որոնք ուզում են ամեն գնով պահպանել իրենց ներկայությունը մեր նոր Հայաստանի կյանքում։ Մեր ընդհարումը հենց այդ քրեական ենթամշակույթի և ճաշակի, ազնվության միջև էր, ազնվության և ուղղորդվածության ընդհարում էր։ 60-70 ծնողների, որոնց երեխաները հաճախում են մեր հարևանությամբ գտնվող մանկապարտեզ, չարացրել և ուղարկել էին մեզ վրա։ Դա նույնն է, որ քրեական ղեկավարը չարացնում է իր ենթականերին և ուղարկում է  դրամ շորթելու կամ վախեցնելու։ Նման ձևով այդ չարացած մայրերը եկել էին վախեցնելու, պարտադրելու իրենց ցանկությունը մեզ։ Մարդիկ փորձում են նորից Հայաստանում վախի մթնոլորտ տարածել և դա անում են կանանց միջոցով։ Նրանց մեջ տղամարդիկ կային, քրեական տարրեր, որոնք Էլի նույն գողական պահվածքով և բառապաշարով ուղղորդում էին այդ ընդհարումը։ Նրանք ընդհարում էին փնտրում ինձ հետ։ Եվ 2 օր առաջ ես ականատես եղա հենց այդ իրականությանը։

Այս ամենը պատմելով ես ուզում եմ, որ գանք մի եզրահանգման, որ, այո, հրատապ է հասարակության միջից վերացնել հանցագործ տարրի ներկայությունը։ Իսկ ինչո՞վ փոխել նրանց, մենք տալիս ենք հենց այդ հարցի պատասխանը։ Մենք առաջարկում ենք շփման, համակեցության նոր ձև, որտեղ կա համերաշխություն, հարգանք, կա գեղեցիկի ներկայություն, ոչ թե լինեն կրիմինալ, գողական, բանտային հին ձևերը, որը հիմնվում են վախի վրա։ 21-րդ դարում, մանավանդ մեր նոր Հայաստանում ոչ ոք ոչ մեկից չի վախենում։ Եթե ինչ-որ մեկը մյուսից պետք է վախենա, պետք է վախենա օրենքից, վախենա տգիտությունից, վախենա աղտոտելուց։ Այդ վախկոտությունը կլինի աղբը թափելուց։ Հիմա պետք է ոչ թե աղբը թափել, այլ պետք է այն հավաքել։ Դրա փոքրիկ մոդելը մենք տեսել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում, որտեղ երեխաներն իրենց ձեռքով հավաքում, մաքրում են իրենց շրջապատը։ Մենք  միասին արվեստի գործեր ենք ստեղծում։ Մենք սրանով ճաղավանդակները հանում ենք, մաքրում ենք, ճանապարհներ ենք ստեղծում։ Այս շարժումը, որ մենք սկսել ենք կրթահամալիրում, այդ մոդելով մենք տարածվելու ենք ամբողջ «Բանգլադեշ» կոչվող տարածքում։ Այդ տարածքում ամեն շենքի ամեն մի պուրակ բռնագրավված է, ամեն մի շենքի պուրակում մի ավտոտնակ է, որի շուրջ խոզանոցներ են բառիս բուն իմաստով։ Մեր այս քայլը հասնելու է նրան, որ աղբը մաքրվի Հայաստանի ամբողջ տարածքում։

Այսպիսի խնդիրները ձեզ համար օտա՞ր էին՝ հաշվի առնելով, որ 1,5 տարի է, որ վերջնականապես վերադարձել եք Հայաստան։ Առաջին անգա՞մ էինք բախվում նման խնդրի։

Անկեղծ ասած, ես երբեք չէի մտածի, որ մի օր կտեսնենք հայ կանանց նման իրավիճակում, նման կերպարում՝ չարացած, բայց տեսա, որն ինձ մտածելու տեղիք է տալիս, որ շատ գործ կա անելու Հայաստանում։ Ես վստահ եմ, որ այդ մշակույթը հենց գալիս է այն խնդրից, որի մասին խոսում ենք, այսինքն՝ հանցագործ ենթամշակույթի տարրերը մտել են մեր որոշ կանանց հոգեբանության մեջ։ Ցավալի է, որ նման մարդիկ կան, ու ժամանակն է դա բուժելը, որի համար ես եկել եմ Հայաստան, որ այդ ենթամշակույթը վերանա։ Մեր դպրոցում մենք կստեղծենք գեղեցիկը, և դրա միջոցով մենք շատ-շատ հարցեր կլուծենք։ Այսինքն՝ գեղեցիկով, ազնվությամբ, աշխատանքով, ոչ թե  սահմանազատելով։

Ձեզ համար ի՞նչ դժվարություններ կան Հայաստանում։

Հայաստանում դժվարություններ չկան, ինձ համար հետաքրքիր է այսպիսի իրավիճակում մասնակցություն ունենալը։ Դա դժվարություն չի, այլ իրականություն է։ Դա հենց այն տարածքն է, որտեղ ես ինչ-որ բան կարող եմ փոխել։ Ինձ համար նաև հետաքրքիր է իմ միջամտությունը, իմ պաշարը, որ հավաքել եմ ամբողջ աշխարհից, այդ պաշարի ներդրումը հասարակության մեջ, վստահ եմ, որ իր ազդեցությունը կթողնի։ Ես այսօր դասավանդում եմ նաև երկու բուհերում՝ Պոլիտեխնիկում և Ակադեմիայում, շփվում եմ և մեծերի, և փոքրերի, և երիտասարդների հետ։ Դա այս պահին իմ առաքելությունն է, որը ես սիրով եմ անում։

Հայտնի է, որ այս 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ արվեստի գործեր եք հասցնել անել։ Մասնավորապես, Փելեշյանն ավարտին հասցրեցիք։

Ես ուզում եմ այսօր մեր հասարակության ուշադրությունը հրավիրել մեր հասարակության մեծերի վրա։ Ցավոք, այսօր սոցիալական խնդիրները խամրեցրել են մեր իսկական աստղերին, իրական հոգևոր այրերին։ Ժամանակ առ ժամանակ պետք է ուշքի գալ։ Տեսեք Կոմիտասի, Թումանյանի 150-ամյակ ենք նշում, բայց ես չեմ զգում, որ սովորական հայ ընտանիքը ապրում է, զգում է իր մեծերի 150-ամյակը տոնելու հրճվանքը։ Սա երկար տարիների բացթողում է, որը պետք է կամաց-կամաց շտկվի։ Այսինքն պետք է ռեստարտ լինի Հայաստանում։

Այսինքն՝ հասարակության հետ աշխատելու հարցում դեռ անելիքներ կա՞ն։

Հասարակությանը բուժելու կարիք կա։ Սրանք առաջին հերթին պատերազմի հետևանքներն են, երբ այսպես կոչված «հերոսները» իրենց գեղեցիկ անձնական կյանքն ապահովեցին։ Ցավոք, դա հետագայում դարձավ ապրելակերպ նաև բոլորի համար։ Դրա հետ մեկտեղ եղան մեծահարուստ կրիմինալներ, օլիգարխներ, որոնք թալանեցին մեր երկիրը, Այդ օլիգարխները ապրելակերպ ու մտածելակերպ թելադրեցին մեր ժողովրդին։ Հիմա եկել է նրանցից ազատվելու ժամանակը, և որքան շուտ ազատվենք, այնքան շուտ կբուժվենք։ Այսինքն՝ անելիք շատ ունենք, ուղղակի ժամանակն է քիչ։ Ես ողջունում եմ նոր կառավարության որոշումը, որով նա ձեռնոց է նետել կրիմինալ մտածելակերպից ազատվելու համար։

Աղբյուրը։