• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք դեռ կհիշեցնենք քաղաքապետին, որ էսպիսի բան անել չէր կարելի. Աշոտ Բլեյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքը փորձում են ցանկապատել, ինչի հետևանքով երեկ իրավիճակը լարված է եղել կրթահամալիրի տարածքում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ բռնություն հողի նկատմամբ, կանաչի նկատմամբ է եղել. «Ուսուցիչների ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ է բռնություն եղել. սա ավելի մեծ բռնություն է, քան ֆիզիկական բռնությունը։ Ցանկանում են ցանկապատ կառուցել, որը դարձնելու է անհնարին մեր դպրոցներից մեկի սովորողների ամենօրյա անցումը, որովհետև մերը կրթահամալիր է՝ 7 դպրոցներից բաղկացած։ Այդ դպրոցները կապի մեջ են իրար հետ, քանի որ ուսումնական գործունեությունը այդպես է կազմակերպված։ Մենք ասում ենք՝ ցանկապատելուց առաջ ցույց տվեք այն անվտանգ ճանապարհը, որով մենք ամեն օր պետք է անցնենք, հետո նոր փորձեք ցանկապատ կառուցել։ Ցանկապատ փորձում են կառուցել թիվ 93 մանկապարտեզի և նրա անմիջական հարևանությամբ գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուսիսային դպրոց-պարտեզի միջև։ Խոսքը ներքին ցանկապատի մասին է։ Չեն փորձել ուժ կիրառել, ոնց կարող են ուժ կիրառել, ոնց մենք թույլ կտանք, մենք այդքան անօգնական չենք, մենք կարող ենք մեզ պաշտպանել»։

Հարցին՝ քաղաքապետարան դիմե՞լ եք՝ Բլեյանը պատասխանեց. «Ոչ միայն քննարկել ենք քաղաքապետարանի հետ, այլև քաղաքապետն անձամբ է այցելել»։ 

Անդրադառնալով լուրերին, որ բախումներ և բռնություն է եղել՝ Բլեյանը նշեց. «Այս պահին ամեն ինչ հանգիստ է։ Մեր կրթահամալիրի 30-ամյակն է, քաղաքապետարանը նման նվեր մատուցեց մեզ։ Մենք դեռ կհիշեցնենք քաղաքապետին, որ էսպիսի բան անել չէր կարելի, բայց մյուս կողմից էլ հնարավորություն տվեց, որ մեր սովորողները, մեր ուսուցիչները կրթության, հասունության ստուգատես անցնեն։ Մերոնք համերաշխ, իրենց իրավունքները պաշտպանեցին և կենդանի ցանկապատ դարձան, որքան էլ դիմացի կողմը փորձում էր հրահրել բռնություն և ամեն ինչ տանել առճակատման, բայց մենք իհարկե երբեք մեզ թույլ չենք տա և վստահ եմ կգտնենք համաձայնության ուղիներ»։
Բլեյանը հավելեց, որ տարածքը ցանկապատելը դեռևս գտնվում է ցանկությունների փուլում. «Սա երկրորդ դեպքն է, փորձում էին անօրինական փոսեր անել, թույլ չտվեցինք, փոսերը լցվեցին»։