• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում 2019, 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող հրաշալիներ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Զարգացման ծրագիր

Կրթահամալիրի 2020-2022թթ զարգացման ծրագիրը ներկայացվում է որպես կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթ։ Այս աշխատանքները զարգացման ծրագրով դիտում ենք որպես ուսումնական նախագծեր՝ բոլոր փուլերում՝ նախագծելու-մշակելու, նախագիծը հանրայնացնելու, գործընկերներ, միջոցներ գտնելու, իրականացնելու, արդյունքները ներկայացնելու։ Նախագծի դրամական միջոցները, այդ թվում՝ գործընկերների ներդրումներ, այլ նպատակային հատկացումներ, ուսումնաարտադրական աշխատանքի, ծառայությունների միջոցով նախագծային խմբի ստեղծած միջոցներ, հավաքվում և ծախսվում են «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով՝ թափանցիկ ու հաշվետու յուրաքանչյուրի համար։ Հիմնադրամն ստեղծվել է նաև ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին` իր կանոնադրական խնդիրներն իրագործելու համար, իր շենքային, գույքային պայմանների բարելավման, ուսումնական սարքավորումների ու գրականության ձեռք բերման հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով, իրականացրել է բազում ծրագրեր։ 2019, 2020-2022 թթ  հիմնադրամը կրթահամալիրի զարգացման ծրագրի աջակցությունը դնում է իր գործունեության հիմքում և այս յոթ ուղղությամբ սկսում է գործընկերներ, աջակիցներ, միջոցներ գտնել։ 

  • Հեղինակային կրթական բաց ցանց
  • Արատեսի դպրական կենտրոն
  • Խաղողի և գինու դպրոց
  • Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  • Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում
  • Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ
  • Կրթական պարտեզ բնակելի արվարձանում

Հավելվածներ 

  1. Հեղինակային կրթական ցանցի ստեղծում

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի այսօրվա վիճակով և ձեռբերումներով կրթահամալիրը հավակնում է իր փորձը տարածելու հեղինակային կրթական ծրագրի ցանցային կազմակերպմամբ՝ ցանցի մանկավարժական համակազմներին, ուսուցիչներին աջակցելով, որ իրենց գործի հեղինակը դառնան, կրթությունն ուղղեն համայնքային, հանրային խնդիրների լուծմանը։
Հեղինակային կրթական ծրագրի ցանցը կրթական ազատ ընկերակցություն է հանրապետությունով մեկ, Արցախում՝

  • մանկապարտեզների, դպրոց-պարտեզների, դպրոցների,
  • ուսումնական նախագծերով միավորված ուսումնական խմբերի,
  • կրթահամալիրում գործող մենթորական բաց լաբորատորիայով՝ դասավանդողների։

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացումը կրթահամալիրի կանոնադրական գործառույթներից է: Կրթահամալիրի աշխատողների ջանքերով տարիների ընթացքում մշակվել, փորձարկվել են նախադպրացականի կրթության բովանդակությունը, կրթության կազմակերպմանը ներկայացվող պահանջները, կազմակերպման ձևերը: Այս աշխատանքները իրականացվել են պետության՝ հանձինս ՀՀ ԿԳ նախարարության, պատվերով և ստեղծված արդյունքները ենթակա են կիրառվելու հանրապետության տարբեր նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Կրթահամալիրում մշակված հեղինակային ծրագրով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունները չեն փոխում իրենց իրավական կազմակերպումը: Կրթահամալիրը տրամադրում է բովանդակությունը, օգնում կրթական պայմանները պահանջվողին համապատասխանեցնելու հարցում, կազմակերպում նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների, դաստիարկների, երաժշտության դաստիարակների վերապատրաստման աշխատանքները, իրականացնում պարբերական մոնիթորինգ: Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում այս ծրագրով աշխատող գոնե երկու նախադպրոցական ուսումնական հաստատության՝ իրենց ցանկությամբ, կարիքը կա:   
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարիների իր փորձի արդյունքում ստեղծել է ուսումնական հաստատության նոր մոդել՝ դպրոց-պարտեզ: Դպրոց-պարտեզ մասնաճյուղը ամրագրված է կրթահամալիրի կանոնադրությունում (կետ 16, ենթակետ ա)։  Կրթահամալիրի կազմում գործում է չորս դպրոց-պարտեզ՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ:
Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդել է, որտեղ գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, 5 տարեկանների ուսուցման, 1-4-րդ դասարաններ, 5-րդ դասարաններ, լրացուցիչ կրթության խմբեր։ Միջավայրը տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար է դարձել իր բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր լաբորատորիաներով, կաբինետներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։ 
Այսպիսի մոդելը թույլ է տալիս համատեղել շահառուների միջոցները՝ պետություն, ծնող, կրթահամալիր:
Մենք մի օրինակով՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատի դպրոցի,  ներկայացրել ենք գյուղական դպրոցի համայնքային զարգացման կենտրոն դառնալու, զարգացման ծրագիրը, որը կարող է ոգևորել այլ դպրոցների, և մեր գործընկերների հետ պատրաստ ենք ստեղծելու այլ, կոնկրետ ծրագրեր։
Ցանցի ստեղծմամբ-զարգացմամբ կվերանա նախադպրոցական հաստատության պակասը Հայաստանում, մասնավորապես Երևանում, կապահովվի կրթության բովանդակության ու ձևի ընտրության իրավունքը՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ ծրագրի կազմակերպումը մոտեցնելով բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, Արցախում, ուսումնական գործունեությունը կկապվի համայնքի կյանքին, խնդիրներին։
ՀՀ ԿԳ նախարարությունն այս նախագծի պատվիրատուն և գործընկերն է՝ նկատի ունենալով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի խթանումը, հանրապետությունով մեկ ծավալումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված` «համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին նպատող, համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոն» դպրոցների ստեղծման մոտեցումների բազմազանության խթանումը, կրթական ծրագրի, ուսումնական գործունեության ընտրության ազատության ծավալումը։ 

Հեղինակային կրթական բաց ցանցը Երևան քաղաքում
Ցանցը Երևանում ներկայացված է Հարավարևմտյան զանգվածում գործող հանգույցներով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, Միջին դպրոց, Ավագ դպրոց, Քոլեջ, լրացուցիչ կրթության ուսումնական կենտրոններ, այդ թվում՝ Ուսումնական ագարակ, Մեդիակենտրոն։ Թաղամասում նոր կրթահամալիրի ստեղծումը՝ ներառելով Երևան քաղաքի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում գործող թթ 93, 95, 76 մանկապարտեզները՝ որպես դպրոց-պարտեզներ, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը, այդ կրթահամալիրում հանրակրթության կազմակերպումով, հնարավորություն կտա լուծելու թիվ 181 հիմնական դպրոցի խնդիրը: Դպրոցը այսօր գործում է երկու հերթով, երբ նույն թաղամասում կան նախադպրոցական ուսումնական հասատություններ, որոնց շենքերի ոչ ամբողջ հնարավորությունն է օգտագործվում: Առաջարկում ենք, որ այդ նախադպրոցական հաստատությունները գործեն որպես դպրոց-պարտեզներ՝ իրենց մեջ ներառելով թիվ 181 դպրոցի տարրական դասարանների սովորողներին: Այսպիսով, թաղում գործող բոլոր կրթական հաստատությունները ընդգրկված կլինեն միասնական կրթական պարտեզում՝ առանց ցանկապատերի, ազատ անցումներով, ուսումնական շենքերը կօգտագործվեն ամբողջությամբ, կրտսեր դպրոցականները կհայտնվեն ավելի հարմար միջավայրում, միջին դպրոցը ինքնուրույնանալու հնարավորություն կունենա:
Քաղաքի տարբեր վարչական շրջաններում այսպիսի մոդելը կարող է կիրառվել որպես առանձին դպրոց-պարտեզ, հնարավորություն կտա օգտագործելու թեբեռնված նախադպրոցական հաստատությունների, հիմնական, ավագ դպրոցների չօգտագործվող տարածքները, ստեղծելու նոր տեղեր նախադպրոցական տարիքի երեխաների համար և նոր աշխատատեղեր՝ մանկավարժական աշխատողների համար: Կրթահամալիրը ցանցում ընդգրկված հաստատություններին կցուցաբերի մեթոդական օգնություն, կկազմակերպի ղեկավարների, մանկավարժական աշխատողների վերապատրաստումը, կիրականացնի պարբերական մոնիթորինգ:

  1. Արատեսի դպրական կենտրոն

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:
Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով Արատեսի դպրական կենտրոնի շուրջտարին գործող տնակային ավանում շուրջ տարին կազմակերպվում են հայրենագիտական-բնապահպանական-ընթերցողական-ազգագրական բաց ճամբարներ, մանկավարժական, պատանեկան ստեղծագործական հավաքներ, որոնք հետաքրքրում են նաև Եղեգիսի կիրճի, Վայոց ձորի, հանրապետության այլ մարզերի, Արցախի սովորողներին, ուսուցիչներին, կրթական փոխանակումների ծրագրով մեր գործընկերներին այլ երկրներից՝ Վրաստանից, Ստամբուլից, Ֆրանսիայից, Իտալիայից։
Վրանային կայանը նախատեսվում է հունիսի 1-ից մեկնարկող ամենամյա առաջին ռազմամարզական-արշավախմբային-վրանային ճամբարի համար, որին մինչև ուշ աշուն եռօրյա-հնգօրյա հերթափոխներով կմասնակցեն Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի հանրակրթական դպրոցների պատանիներ, մանկավարժական աշխատողներ։ Կարևորում ենք, որ ճամբարի պայմանները մոտ լինեն դաշտային-զորանոցային պայմաններին։
Ռազմամարզական գոտին ապահովում է շուրջտարյա մարզական գործունեության պայմաններ Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվող ճամբարների, հավաքների մասնակիցների համար՝ մեկօրյա քայլարշավների, արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտությունների յուրացման հնարավորություն։
Ուսումնաարտադրական տնտեսությունը՝ պտղատու այգի, խաղողի այգի, բանջարանոց, մառան, գոմ, ախոռ, արհեստանոցներ, կսպասարկի դպրական կենտրոնին, և դպրական կենտրոնի սովորողները, աշխատողները գործուն մասնակցություն կունենան տնտեսության աշխատանքներում՝ որպես ուսումնական գործունեություն։ Այստեղ կիրականացվեն մասնագիտական-նախամասնագիտական դասընթացներ:
Ծիսական հարթակում՝ Արատեսի կիսավեր վանքի տարածքում կազմակերպվում են կրթահամալիրի, Արատեսի  դպրական կենտրոնի ուսումնական օրացույցներով որոշված ծեսերը, այդ թվում՝ հարսանյաց, տոները։
Պանդոկը նախատեսված է Արատես այցելող զբոսաշրջիկներին, Արատեսի վանքի ուխտավորներին ընդունելու, կրթահամալիրի սովորողների և աշխատողների ընտանեկան նախագծերի համար։
Կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոն մասնաճյուղը ներառվել է կրթահամալիրի 2019-2022 թթ զարգացման ծրագրի 7 հրաշալիների՝ ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթում։ Նախագծի դրամական միջոցները, այդ թվում՝ գործընկերների ներդրումները, այլ նպատակային հատկացումները, ուսումնաարտադրական աշխատանքի, ծառայությունների միջով նախագծային խմբի ստեղծած միջոցները, հավաքվում և ծախսվում են «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։

Դպրական կենտրոնի նյութական միջավայրի զարգացում

  • Անհրաժեշտ է կառուցել անավարտ 6 շինությունները, որոնք կլրացնեն տնակային ավանը, պանդոկը, ուսումնաարտադրական տնտեսությունը, կամ նոր նշանակություն կունենան։
  • Տնակային ավանի զարգացումը ենթադրում է արևային էլեկտրակայանի, արևային ջրատաքացուցիչ կայանի, կոյուղու կառուցում:
  • Ռազմամարզական-արշավախմբային-վրանային ճամբարին անհրաժեշտ են 40 մասնակցով դաշտային բացօթյա ճամբարի համար գույք՝ աղջիկների և տղաների համար ննջարանային վրաններ համապատասխան կահավորումով, շտաբային, դաշտային ճաշարանի վրաններ, դաշտային խոհանոց, դաշտային զուգարաններ, դաշտային ցնցուղներ, ճամբարի գործունեության համար անհրաժեշտ այլ գույք։
  • Ռազմամարզական գոտին պետք է ամբողջացնել մարզադաշտի, մարմնամարզական, խաղային մարզաձևերի բաց հրապարկի, լողափի, լեռնագնացության պարապմունքների, ռազմամարզական խաղերի-հնարքների, ազգային ավանդական խաղերի, բաց սահադաշտի, դահուկասպորտի կայանի և վազքուղիների, լեռնային հեծանվաուղիների, հնգամարտի, քայլքի համար միջկիրճային անցումների հատվածներով, ձիասպորտի պայմանների՝ ախոռի, վարժարան-մանեժի ստեղծմամբ։
  • Պանդոկը, բացի նոր կացարաններից, պետք է ունենա 2-6 տարեկանների համար պարտեզ-խաղահրապարակ։ 
     
  1. Խաղողի և գինու դպրոց

Կրթահամալիրում մշակվող-կազմակերպվող պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրով առաջին պլան է եկել նաև երկրագործությունը՝ որպես սովորողների ընդհանուր տեխնոլոգիական կարողությունների զարգացման կարևոր ուղղություն: Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար փոխանցված Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից է: Կրթահամալիրի կազմում գործում է խաղողի և գինու դպրոց ուսումնական կենտրոն մասնաճյուղը (այսուհետ՝ դպրոց)՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ: Դպրոցի կազմակերպման հարցում ունենք վստահելի գործընկերներ՝ փորձառու խաղողագետներ, գինի արտադրողներ։ Այսպիսով՝  «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով, Արատեսի դպրական կենտրոն, Ուսումնական ագարակ, Խաղողի և գինու դպրոց ուսումնական կենտրոններով կամբողջանա տեխնոլոգիական ուսուցման ֆիզիկական-մանկավարժական միջավայրը։ Դպրոցի խնդիրներից է նաև Երևանի հարավարևմտյան թաղամասում եղած խաղողի թառմաների խնամքի կազմակերպումը։ Երկրագործության, խաղողագործության և գինեգործության արտադրությամբ ուսուցումը պահանջում է ունենալ ուսումնա-արտադրական այգի-լաբորատորիա: Կրթահամալիրի քոլեջը խաղողի և գինու դպրոցի հետ 2019-2020 ուստարում սկսում է մասնագիտական կրթության «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն», «Այգեգործություն» մասնագիտություններով ընդունելությունը։

Դպրոցի արդյունավետ և համակարգված գործունեությունն ապահովելու, ուսումնաարտադրական ծավալ  ստեղծելու համար անհրաժեշտ կլինի համալիր պայմանների ստեղծում՝ խաղողի այգիների, խաղողի տնկարկների, գինու արտադրամաս-լաբորատորիայի, կախանի ծաղողի-գինու արտադրամասի, մառան-համտեսարանների։

ՀՀ վարչապետին դիմել ենք խնդրանքով, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի՝ Բաբաջանյան պողոտայի և երկաթգծի միջև, անմշակ, հին ավտոմեքենաների գերեզմանոցի վերածված հսկայական հողակտորից գնացքի գծին զուգահեռ մոտ 200մ լայնությամբ (մոտ 10 հա) մի կտոր հանձնվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ նպատակային օգտագործման: Մենք, մեր երկրագործ սովորողներով, ուսուցիչներով, մասնագետ-աջակիցներով կմաքրենք տարածքը, կհիմնենք խաղողի այգի՝ այլ պտղատու հատվածով։

  1. Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը (այսուհետ՝ դպրոց) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Դպրոցի ղեկավարը ժամանակակից հայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, որ տարիներ շարունակ ապրել, ստեղծագործել է Իտալիայում՝ Ֆլորենցիայում ունի հայրենիքում մշակույթի զարգացման, մշակութային կրթության հեռահար ծրագրեր։ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով դպրոցը շուրջտարի ծառայում է կրթահամալիրի տարատարիք սովորողներին, դասավանդողներին, կրթական փոխանակումների շրջանակում կրթահամալիր դիմած վերապատրաստվող դաստիարակների, դասավանդողների խմբերին։ Քանդակի դպրոցը, ինչպես կրթահամալիրի լրացուցիչ կրթության մյուս կենտրոնները, բաց է Երևանի, մոտակա բնակավայրերի սովորողների և մեծահասակների համար։ Դպրոցը ներառում է մի քանի դիսցիպլին՝ քանդակագործություն, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն, ճարտարապետություն։
Դպրոցի գործունեության խնդիրներ են նաև քանդակի, ոսկերչության, խեցեգործության ցուցահանդեսների, վարպետաց դասերի և բաց դասընթացների, պլեներների կազմակերպումը, որ նաև հեղինակային կրթական ծրագրի, տեխնոլոգիական հանրակրթության զարգացման ճանապարհ է։ Դպրոցը բաց է միջազգային կապերի համար։ Իտալացի գործընկերների հետ Վիգեն Ավետիսը նախաձեռնել է քանդակի և ճատարապետության ամենամյա ամառային միջազգային սիմպոզիումը, որի արդյունքները ուրիշ գեղագիտություն կմտցնեն կրթական պարտեզ։

Քանդակի դպրոցի նյութական միջավայրի զարգացում

  • Հյուսիսային դպրոց-պարտեզի նախկին նկուղի տարածքում քանդակի նոր արհեստանոցի, նախագծման ճարտարապետության արվեստանոցի, դիզայնի-ցուցադրության նոր արհեստանոցի, ոսկերչության արհեստանոցի ստեղծում
  • Դպրոցին կից բացօթյա հարթակ, սանհանգույց, լվացարան
  • Մայր դպրոցի խեցեգործության արհեստանոցի ներառում քանդակի դպրոցի կազմում՝ որպես կերամիկայի արվեստանոց. արվեստանոցի բարելավում, կից՝ քանդակի բացօթյա հարթակի ստեղծում

Նախագծեր

  • Քանդակի դպրոցի հանրային ներկայացում
  • Քանդակի-ճարտարապետության, հուշարձանների վերականգնման, կանաչ դիզայնի, բնակելի և ուսումնական հաստատությունների շենքերի նոր տեսքի ամենամյա ամառային հայ-իտալական փառատոն Երևանում, Արատեսում
     
  1. Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում

Ժամանակին Հայաստանը հայտնի էր նաև Իգոր Նովիկովի ղեկավարած հնգամարտի դպրոցով, որը բազմաթիվ անվանի մարզիկներ է տվել:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ձգտում է իր հեղինակային կրթական ծրագրում հնգամարտը ընդգրկել որպես հանրակրթության բաղադրիչ: Հնգամարտը՝ ձիավարություն, սուսերամարտ, լող, վազք, նետաձգություն կամ/և հրաձգություն այն մարզաձևն է, որը նպաստում է սովորողի ֆիզիկական բազմակողմանի պատրաստությանը, սովորեցնում է համապատասխան կարողություններ, ասպետի որակներ է փոխանցում, սովորողին պատրաստում է արտակարգ իրավիճակներում գործելուն, այսպիսով կազմում է նախաբանակային կրթության մաս:

Կրթահամալիրի ուսումնական ագարակ մասնաճյուղը հեղինակային կրթական ծրագրի՝ տեխնոլոգիական հանրակրթության զարգացման արդյունքն է։ Այն ամբողջությամբ ստեղծվել է կրթահամալիրի աշխատողների, սովորողների ջանքերով, մեր ոչ բյուջետային միջոցներով և դառնում է հարավարևմտյան բնակելի զանգվածում մեր կրթական պարտեզի կարևոր հանգույցներից մեկը։ Ագարակի կազմում են գոմը՝ ձիերի համար առանձնացված վանդակներով, ձիավարժության բաց հրապարակը: Կրթահամալիրն արդեն վեց ձի ունի:

Կրթահամալիրի մարզադպրոցի կազմում են նետաձգության, սուսերամարտի, հրաձգության բաց մարզական ակումբները:
Հնգամարտի մարզական ակումբի սաները ձիավարության իրենց պարապմունքները ձմռանը չեն կարողանում կազմակերպել: Կրթահամալիրի ունեցած փակ լողավազանը հարմար է կրտսեր դպրոցականների լողուսուցման համար, բայց չի բավարարում հնգամարտի պայմաններին: Կրթահամալիրում  հնգամարտի պարապմունքների ամբողջացման համար կրթահամալիրին անհրաժեշտ են բաց և/կամ փակ լողավազան, ձիավարության փակ հրապարակ, նետաձգության, սուսերամարտի մարզասրահներ:
Կրթահամալիրի ուսումնական ագարակի հարևանությամբ կան չօգտագործվող շինություններ՝ «Սուրբ Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնի՝ շուրջ 30 տարի չօգտագործվող, լքված կաթսայատունը, որը համար ենք համարում ծածկած ձիավարժարանի համար,  ԲԿ-ի չօգտագործվող-լքված օժանդակ շինությունը՝ լվացքատունը կարող է վերակառուցվել որպես նետաձգության, սուսերամարտի մարզասրահ։ Ագարակին կից չօգտագործվող տարածքում կարող է կառուցվել պատանիներին հարմար բաց կամ փակ լողավազան՝ օժանդակ հարմարություններով։

Կրթահամալիրը դիմել է ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին՝ այդ տարածքները կրթահամալիրին նպատակային օգտագործման հանձնելու համար:  

  1. Ուսումնական նոր միջավայր. կրթական օբյեկտի տանիք, նկուղ

Հեղինակային կրթական ծրագրի զարգացման պահանջով կրթահամալիրում ուսումնական նոր տարածքների ստեղծման, հաստատությունների պահպանման ծախսերի կրճատման մեր աշխատանքները հայացքն ուղղեցին դեպի տասնամյակներ շարունակ հիմնանորոգման երես չտեսած մեր կրթական օբյեկտների նկուղներն ու տանիքները։

Կրթահամալիրում մեր ոչ բյուջետային միջոցներով, սովորողների, ուսուցիչների աշխատանքով նկուղները մաքրել-բարեկարգելը սկսել ենք, ուսումնական բոլոր մասնաշենքերում նկուղները շինարարական բարելավման աշխատանքներով բերված են օգտագործելի տեսքի, որոնք ուսումնական նախագծերով 2019-ին, 2020-22-ին կարող են գործել որպես ուսումնական, ուսումնաարտադրական արհեստանոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, օժանդակ ծառայություններ։ Արևելյան դպրոց-պարտեզում, Քոլեջում ընդարձակվում են ուսումնական նկուղները։ 

Հյուսիսի դպրոց-պարտեզի ոչ օգտագործելի ազբոշիֆերով տանիքները վերածվել են հարթ տանիքների, որոնք այսօր գործում են որպես անվտանգ հարթակներ-հրապարակներ՝ ապահովելով շենքի մի թևից մյուսը անցումները։ 

2019թ. հատուկ վերաբերմունքի կարժանանա Մայր դպրոցի հարթ տանիքը՝ որպես կրթական պարտեզի բաց և փակ արհեստանոց-ջերմատներով։ Ուսումնասիրվում է արևային էներգիայով հոսանքի և տաք ջրի ապահովման կայանի ստեղծման հնարավորությունները, այդ դաշտի ուսումնասիրությունները։ 

Սովորողների նախաձեռնությամբ ստեղծված նախագծային խմբերը ձևակերպում են իրենց նախագծերը տանիքներում և նկուղներում, ինչպես Հյուսիսային դպրոցի, խաղողի և գինու դպրոցում, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում, ուսումնական ագարակում։ Այս նախագծային խմբերը ոչ միայն կմասնակցեն հայ-իտալական միջազգային բաց փառատոնի առշխատանքներին, այլև ուսումնական ամառ նախագծով կդառնան աշխատանքային ճամբարների կազմակերպիչներ։ 

  1. Կրթական պարտեզ

Կրթական պարտեզ
1990-ից սկսած՝ տարբեր ատյաններում ու ձևերով մենք արծարծել ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կրթական պարտեզ ստեղծելու հարցը, առաջարկել ենք Բ-1 թաղամասի սրտում խմբված մանկական-կրթական հաստատությունները՝ անկախ նրանց պատկանելությունից, որպես մեկ ամբողջական կենսական տարածք դիտել և վերածել պարտեզի:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի՝ շինարարական անունով Բ-1 բնակելի թաղամասը (այսուհետ՝ թաղամաս), եզրափակված Րաֆֆի, Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան փողոցներով, կառուցապատված է 9-14 հարկանի բնակելի շենքերով: Թաղամասում այսօր գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 69), թիվ 76 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները, «Տարոն» գեղագիտական դաստիարակության տունը (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 54), ՀՀ ԿԳՆ ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող Արևելյան դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 47/1), Քոլեջը (հասցեն՝ ՀԱԶ, Զ Անդրանիկի 92/1), Հյուսիսային դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 57), Մայր դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 25): Թաղամասի բակերում կան տասնյակից ավելի պուրակներ ու մանկական խաղահրապարակներ:
Թաղամասի բնակիչները, թաղամասում գործող ուսումնական հաստատությունների սովորողները դժվարություններ են կրում թաղամասի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով հետիոտն, սայլակով, հեծանվով միջթաղամասային առօրյա հաղորդակցության ժամանակ. թաղամասի կառուցապատման ժամանակ բնակչության համար այս կարևոր խնդիրը թերի է լուծվել, իսկ 1990-ականների հախուռն շինարարությունը վատթարացրել է վիճակը: Շուրջ 20000 բնակիչ, 1000-ի չափ նախադպրոցական սան, մոտավորապես 4000 տարատարիք սովորող ունեցող թաղամասը չի կարող հարմարեցված միջավայր չլինել, այնպիսին, որ բացառի խտրությունը և ապահովի հավասար հնարավորություններ ազատ տեղաշարժի համար։
Երևան քաղաքի ավագանին դեռ 2013թ. դեկտեմբերի 10-ի N 85-Ն որոշումով հաստատված Երևանի 2014-2017թթ. զարգացման ծրագրում (որոշման հավելվածում) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում որպես գերակայություն էր ընդունված.

  • բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
  • արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
  • հանգստի գոտիների ստեղծում
  • կանաչ տարածքների ընդլայնում
  • տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
  • անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում:

Այդ կոնտեքստում մեր առաջարկած ծրագիրը, որը ժամանակին հավանության է արժանացել քաղաքապետարանում և վարչական շրջանում, քաղաքացիական նախաձեռնություն է: Նախաձեռնությունն ունի իր ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/կրթական-պարտեզ-բնակելի-արվարձանում-1521185711527611/ ), որը ճանաչում է ունի։ Ծրագրին կցվող առաջարկ-սխեման մշակել են ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանը, Արամ Հարությունյանը: Կրթական պարտեզի նախագծի հետ ժամանակին, տեղում մանրամասն ծանոթացել են ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարները, քաղաքապետը, բոլորովին վերջերս՝ ՀՀ նախագահը, Սփյուռքի նախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Քաղաքացիական նախաձեռնության խումբը կազմակերպել է նախագծի բաց քննարկումներ։
«Կրթական պարտեզ» նախագծի տեսլականով ոգևորված ծնողների, բնակիչների, ուսուցիչների և սովորողների միջոցով արդեն իսկ բարեկարգվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզների տարածքները, վերացվել են բնակչության տեղաշարժը խոչընդոտող պարիսպներ ու ցանկապատեր, հիմնվել են խաղողի և պտղատու այգիներ: Ցանկապատերի վերացումը թիվ 181 և Մայր դպրոցների իրար նայող հողային տարածքներից, հնարավորություն տվեց ստեղծել թաղամասի բնակիչների համար կենսական նշանակության զբոսայգի:
«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն...
«Կրթական պարտեզ» նախագիծը, իհարկե, տարիների ծավալուն աշխատանք է, բայց, քաղաքապետարանի, վարչական շրջանի ղեկավարության գործուն հուսով ենք ապահովել ամբողջ տարածքի մատչելիությունն ու անցանելիությունը բոլորի համար: Ձեր օգնությամբ, պատրաստակամ ենք նաև վերջնականապես կառուցել ու բարեկարգել նախագծված «Սարալանջ» զբոսայգու առաջին և երկրորդ հատվածները:
Առաջարկ-սխեմայի հիմնավորում
Առաջարկվող «Կրթական պարտեզ» նախագիծը համահունչ է վարչական շրջանի գերակայություններին և ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բոլոր տարիքների և ֆիզիկական հնարավորությունների տեր բնակիչների ազատ–հարմար տեղաշարժիխնդիրը։
Ծրագրի իրագործումով թաղամասը կունենա նշագծված, անվտանգ հեծանվուղի, պատշաճ հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հատվածներն իրար կապող և շրջանաձև: Թաղամասի հետիոտն անցումները կբարեկարգվեն-կանաչապատվեն, կդառնան մշտապես խնամված: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում կստանան, կդառնան կանաչ տարածքներ, ավելորդ կդառնան մետաղե, բետոնե ցանկապատերը:
Կրթական պարտեզի շահառուն թաղամասի բոլոր բնակիչներն են, թաղամասում գտնվող ուսումնական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատությունների ամեն մի սովորող–սան, աշխատող, յուրաքանչյուրը, որը որևէ ձևով առնչվում է թաղամասին:
Կրթական պարտեզը որևէ ձևով չի վատթարացնի բնակչի, սովորողի, աշխատողի, հաստատության այսօրվա վիճակը. պարտեզի կառուցումով–գործարկումով բարելավվում է յուրաքանչյուրի կենսագործունեությունը։ Պարտեզի գործարկումով թաղամասը՝ որպես միջավայր կդառնա ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով ամբողջովին ներառական, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի պահանջին համապատասխան՝ «հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացում» (հոդված 10)
Իննսունութ աստիճաններով սանդուղքի, որ 2014-ին հիմնանորոգվել է քաղաքապետարանի միջոցներով, և խորհրդային շրջանի բետոնե, այժմ քիչ օգտագործվող, հարյուր քառասուներկու աստիճանով սանդուղքի միջև ընկած սարալանջը կարճ ժամկետում առանց մեծ միջոցների կարող է դառնալ թաղամասի հյուսիս-հարավ կասկադի «մեխ»-ը, կրթական պարտեզի չորս կողմերը շրջանագծով ևˊ հետիոտն, ևˊ հեծանվուղով հետաքրքիր-հուսալի կապող հանգույցը՝ պուրակ: Սարալանջի հյուսիսային ներկայում այլանդակ տեսք ունեցող պարիսպը, որն առաջացել է մոտակա շանքերի բնակիչների ավտոտնակների հետնապատերի շարքից, ամբողջությամբ կանաչապատվելու է մագլցող բույսերով:
Նախագծով կրթական պարտեզը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք կասկադների միակցում է, որի կենտրոնական հրապարակը փաստացի կա, գործում է՝ թիվ 181 և կրթահամալիրի Մայր (նախկին թիվ 183) դպրոցների գլխավոր մուտքերի հրապարակ-այգին և՛ թաղամասի, և՛ կրթական պարտեզի աշխարհագրական ու մշակութային կենտրոնն է: Այսպիսի լուծումը թույլ է տալիս «Սեբաստիա» մարզադաշտը, Մայր դպրոցի մարզամշակութային հայտնի-ձևավորված-գրավիչ մարզական մշակութային կրթական լրացուցիչ ծառայությունների սրահները բացել կրթական պարտեզը կազմող բոլոր ուսումնական-մշակութային հաստատությունների համար։
Մնացածը՝ ի տես, Կրթական պարտեզի ճարտարապետների նախագծում ակնհայտ է, ֆունկցիոնալ, մատչելի-արդար՝ ևˊ կրթական պարտեզի ուսումնական հաստատությունների սովորողների, ևˊ թաղամասի տարատարիք բնակիչների համար:
Առաջարկ-սխեմայի ֆինանսատնտեսական հիմնավորում
Ոչ մի թանկ-ցուցադրական-անհարմար ճոխություն՝ պարզ-հիգիենիկ-հարմար, կանաչ տարածքով ու յուրօրինակ լուծումներով, որում մեծ, հնարավորինս մեծ կլինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների «Սեբաստացի» հիմնադրամի ջանքերը, իսկ յուրաքանչյուր շահառուի ներդրումը՝ գնահատելի: Որքա՞ն գումար է անհրաժեշտ 2019-ին այս նկարագրված նախագիծը ավարտելու համար: Սխեմայում նշված են կատարելիք աշխատանքների ցուցանիշները՝ թվերով, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ աշխատանքներ արդեն իսկ կատարված են մեր ուժերով։ Քաղաքային ծրագրերով կատարվող նմանատիպ աշխատանքների միավորի գնով և առաջարկ-սխեմայում նշված ծավալով որոշվում է 2019թ. աշխատանքների համար անհրաժեշտ գումարը: Ասված է՝ «Կրթական պարտեզի» համար պահանջվող գումարի ուղիղ կեսը քաղաքացիական նախաձեռնության հոգսն է՝ մեր պատասխանատվությամբ:
Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: Երևանի քաղաքապետարանի նպատակային հատկացումներից բացի, կրթական պարտեզում 50/50 սկզբունքով կներառվեն կամավորական միջոցներ, ինչպես աշխատանքի, ծառայությունների, ապրանքների, այնպես և դրամական ձևով: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ոչ միայն գործուն մասնակցում է, այլև Կրթական պարտեզի աջակիցների մեջ ներգրավում է ոչ կառավարական այլ կազմակերպությունների, ինչպես «Մանուկներ Հայաստանի», «ԻԴԵԱ», «Կրթասեր», «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն», «Armenian Tree Project», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամ և այլն։ Կրթական պարտեզը ներառված է կրթահամալիրի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրում։

Կրթահամալիրին պատկանող և հարակից, չօգտագործվող տարածքներում ստեղծվում են դպրոց-պարտեզնիներին կից ֆուտբոլի նոր մարզադաշտեր, խաղահրապարակներ։ Մայր դպրոցի տարածքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերությամբ կստեղծվի մասնագիտացված մարզադաշտ պատանիների համար։ 
Նախագծի իրականացման արդյունքում կունենանք

  • «Կրթական պարտեզի» հյուսիս-հարավ ուղղությամբ կասկադի ճառագայթ՝ դեպի կրթահամալիրի Մեդիակենտրոն ու Հյուսիսային դպրոց-պարտեզ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 և 98 նախադպրոցական ուսումնական հաստատություններ,
  • կառուցապատվող սարալանջից (սանդուղքների արանքում) մինչև թիվ 181 և կրթահամալիրի Մայր (նախկին թ. 183) դպրոց գործող այգի-հրապարակներ, մանկական գործող խաղայգի։
  • Կրթական պարտեզի կասկադի արևելք-արևմուտքի ուղղությամբ ճառագայթ՝ երկու գծով՝ կրթահամալիրի Քոլեջի «Սեբաստիա» պտղատու այգի, «Մալաթիա Սեբաստիա» վարչական շրջանի թիվ 95 նախադպրոցական ուսումնական հաստատություն, «Վահան Ասատրյան» պուրակ, թիվ 181 դպրոցի խաղահրապարակ, Երևանի քաղաքապետարանի թիվ 181 հիմնական դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի գործող այգի-հրապարակ կամ զբոսայգի, կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտով մինչև Բաբաջանյան փողոցից երկրորդական փողոց ու թաղամաս մտնող փողոց: Կրթական պարտեզի մի մուտքը՝ այս փողոցից, մյուսը՝ Րաֆֆու փողոցից, երրորդը՝ Զորավար Անդրանիկից։
  • Կրթական պարտեզի հյուսիսային, արևմտյան, արևելյան մուտքերի շեշտում-բարեկարգում, մուտքերի և շրջանաձև հեծանվուղու նշագծումը, ավտոկայանատեղիների և հեծանակայանատեղիների որոշում։
  • Կրթական պարտեզի մուտքերի մոտ՝ հեծանվային կայանատեղերում, կգործեն հեծանվային ծառայություններ:

Կրթական պարտեզը՝ բնակչին ուղղված, բնակչի համար բաց կրթական միջավայրով, անվտանգ ու հարմար հեծանվուղիներով, հետիոտն անցումներով, խնամված կանաչով, ազդելու է բնակելի ողջ թաղամասի զարգացման վրա։

2016-2018