• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Անգլերենի Հանրապետական օլիմպիադայի համար նախատեսված առաջադրանքները բոլորովին չեն համապատասխանում անգլերենի նոր չափորոշիչներին և ծրագրերին: Դրանք անհիմն բարդեցված են; 10 և հատկապես` 11-րդ դասարանների ընթերցելով ընկալելու համար առաջարկվող տեքստերը շարահյուսորեն և բառապաշարի բարդությամբ ավելի բարդ են, քան First Certificate-ի քննական առաջադրանքներինը: First Certificate-ի լեզվական մակարդակը B2-ն է, որը համապատասխանում է Եվրոպական և ամերիկյան շատ համալսարանների ընդունելության պահանջներին, մինչդեռ, մեր հանրապետության դպրոցների ավարտական մակարդակը անգլերենից ընդունված է B1-ը: Կարելի է ընդունել այն տեսակետը, որ օլիմպիադայի առաջադրանքները պետք է տարբերվեն ավարտական քննությունների առաջադրանքներից: Լավ կլիներ, որ այդ տարբերությանը չհասնեին որքան հնարավոր է ավելի շատ բառապաշար գործածելով, այլ զարկ տային ստեղծագործական տարրին: Վստահությամբ կարելի է ասել, որ նրանք չեն էլ կազմել այդ տեքստերը: Նրանք ինտերնետային ինչ- որ կայքից, կամ ինչ-որ գրքից արտատպել են` հաշվի չառնելով ո՛չ աշակերտների տարիքը, ո՛չ նրանց տեղեկացված լինելու սահմանները, ո՛չ դպրոցական ծրագրերը: Որքան դաժան պետք է լինել, որպեսզի 16 տարեկան հայ երեխաների համար ընտրել մի տեքստ` նանոտեխնոլոգիայի կիրառմամբ քաղցկեղի հնարավոր բուժման մասին, որի գաղափարները, մտքերն ու օգտագործված բառապաշարը նույնիսկ հայերենով շատ դժվար ու անհետաքրքիր կլինեին ընկալելու համար: Օրինակ`11-րդդասարանի համար նախատեսված տեքստում գործածված են այնպիսի բառեր(nanoparticle), որոնք բացակայում են նույնիսկ 53000 բառապաշար ունեցող Մյուլլերի բառարանում, ինչպես նաև`Հորնբիի “Oxford Student's Dictionary of Current English”-ում: Բայց այս ամենը բոլորովին չխանգարեց, որ 105 դպրոցի աշակերտներն իրենց դպրոցի պատերի "օգնությամբ"17 և ավելի բալեր հավաքեն: Կեղծիքներից ամենաանհեռանկարայինը դպրոցական կեղծիքներն են: Ես գոհեմ, որ մեր դպրոցի11-րդ դասարանի աշակերտները կարողացել են արդար ձևով բավարար գնահատականներ ստանալ, բայց բոլորովին գոհ չեմ այն բանից, որ մասնակիցներն ընկճված եկան օլիմպիադայից: Ո՞վ է առաջադրանքներ կազմողներին թույլատրել մի քանի րոպեում ընկճել Հանրապետության տարբեր դպրոցների լավագույն աշակերտներին:  

Աշակերտների համար ուսման տենչը ավելի է խթանվում, երբ գովում ենք նրանց նոր կարողություններ, գիտելիքներ ու ստեղծագործական ունակություններ ձեռք բերելու ջանքերը: Ես վստահ եմ, որ մեր կրթահամալիրի գարնանային բաց օլիմպիադայից հետո ոչ մի լավ սովորող աշակերտ ընկճված չի լինի, քանի որ այն ոչ թե ստուգելու է մինչև հիմա աշակերտների սերտածն ու չսերտածը, իմացածն ու չիմացածը, այլ  խթանելու է նորը իմանալու, ստեղծագործական աշխատանքից հաճույք ստանալու ձգտումը: