• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշուն է, ոսկե աշուն…

Սուրհանդակ կրթահամալիրի հիմնադիր տնօրենի բլոգից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ հանրապետության դպրոցներում օրինակելի ուսումնական պլանով որոշված ուսումնական արձակուրդը հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 5-ը տեղափոխելու մասին ենթադրում է կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում հեղինակային կրթական ծրագրերով 1-12-րդ դասարաններում, քոլեջում ուսումնական պարապմունքների ընդհատումը։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով սովորողների աշնանային արձակուրդը  նոյեմբերի 2-6-ն է, անփոփոխ է։ Ահա ինչու, ապահովելու համար ուսումնական գործունեության անընդհատությունը 1-12-րդ դասարանցիների համար հոկտեմբերի 15-ից  30-ը հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոցների շրջան է, սեփական հետաքրքրություններն ավելի ազատ դրսևորելու, ուսումնասիրության, ստեղծագործական թեմաների ազատ ընտրության, անհատի կրթության համար ավելի մեծ պատասխանատվության շրջան։

Ինչքան էլ որ կրթահամալիրում 2020թ. գարնանը այդպիսի ուսումնական աշխատանքի անգնահատելի փորձ է կուտակվել, այս փուլում ֆիզիկականից մեդիամիջավայրում ուսուցման անցումը տարբեր է։ Ունենք նոր մանկավարժական աշխատողներ և նոր սովորողներ, որոնք հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցին նոր են առնչվում, ունենք մոտ երկու հարյուր տարատարիք արցախցի, ժամանակավոր սովորողներ 1-12-րդ դասարաններում. հատուկ կարևորություն է ստանում սովորող-սովորեցնող հեռավար նախագիծը։ Եվ մեր կյանքը այս փուլում այլ է. պատերազմը Արցախում, ռազմական դրությունը ՀՀ-ում, կորոնավիրուսի լայն տարածումը պահանջում են ավելի մեծ ուշադրություն իրար նկատմամբ, ավելի մեծ ինքնակազմակերպում, մշտական կապ, կարգապահ, ստեղծական, նախաձեռնողական աշխատանք։ Համաձայնեք, որ հեղինակային մանկավարժությամբ սրանց կարևորված, պահանջված են։ Դպրոցների, քոլեջի ղեկավարները, գրասենյակները, կազմակերպիչները, մանկավարժության կենտրոնը՝ իր նոր ղեկավար Արմինե Թոփչյանով, ապահովում են, որ ուսումնական աշխատանքից դուրս մնացող սովորող չլինի, կազմակերպում սովորողների բլոգների ուսումնասիրություն, դրանում ընդգրկում սովորողներին, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան՝ իր նոր ղեկավար Մարգարիտ Սարգսյանով, մշակում է այսպիսի պատվերի կազմակերպման գործիքները։

Կրթահամալիրի շենքերը, նրանց շրջակա միջավայրը` լանջերը, այգիները, Սասնալանջը, ամենօրյա խնամքի կարիք ունեն: Պահպանելով անհատական անվտանգության կանոնները՝ շարունակում են աշխատել շենքերի տնտեսուհիները, պարտիզպանները, աշխատողների, սովորողների կամավորական, փոքրաքանակ խմբերը: Մենք պաշտպանում ենք բացօթյա ֆիզիկական աշխատանքը՝ որպես հակաբացիլ։ Խաղողի և գինու դպրոցի, ուսումնական երկրագործական, պարտեզի և այգու աշնանային խնամքի, ուսումնական մառանի աշխատանքների ժամանակացույցը սահմանվում է բնության կողմից։

Հենց առաջին օրվանից պետք է վերականգնել մարզական ընտանեկան պարապմունքները, փոքր խմբերով բացօթյա մարզական պարապմունքները՝ օգտագործելով ոչ միայն տան պատշգամբի, բակի բացօթյա տարածքները, այլ նաև կրթահամալիրի մարզադաշտերը, պարտեզները, լանջերը, քաղաքի այգիները, մարզական պարապմունքներին հարմար, ոչ մարդաշատ այլ վայրեր։ Սա վերաբերում է նաև փոքր խմբերով «Հերոսապատում» համերգային նախագծերին, որին հատուկ պատրաստվում է Սյուզի Մարգարյանը։

Արատեսի դպրական կենտրոնը բաց է ընտանեկան ճամբարների համար: Արատեսում չքնաղ աշուն է։

Աշոտ Բլեյան
Գևորգ Հակոբյան
Սուսան Մարկոսյան