• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի բաց նամակ ամենքին

Նոր կորոնավիրուս-թագավարակի պատճառով հանրապետությունում սկսվեց ուսումնական հաստատությունների դադարի երկրորդ շրջանը՝ այսօրվանից մինչև առնվազն մարտի 23-ը։ Ու չգիտենք՝ ինչքան կարող է տևել դա։ Այս անորոշության մեջ պահել հասարակությունը, այն էլ, իր հանրակրթությամբ, նշանակում է խոցելի դարձնել նրան։

Ելնելով մեր մանկավարժության փորձից, իմ անձնական կենսափորձից՝ առաջարկում եմ։

  • Քանի որ 12-րդ դասարանցիների միայն փոքր մասը չի հանձնել պետական ավարտական քննությունները, թող հանձնի, որպեսզի այս ուսումնական տարվա շրջանավարտների համար պայմանները հավասար լինեն։ Իսկ 9-րդ դասարանցիների հունիսի քննաշրջանից պետք է հիմա հրաժարվել։ Դրա փոխարեն մայիս ամիսը լիարժեք, իսկ հունիսը գոնե երկու շաբաթ դարձնել ուսումնական, ինչպես մենք ենք անում արդեն քանի՜ տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 1-11-րդ դասարանցիների համար։ Սրանով հասարակություն-իշխանություն կազատվենք մեղքի զգացումից, որ սովորողները բաց են թողել ուսումնական մի մեծ շրջան. և՛ ուսուցումը սահմանված ժամանակը կպահի, և՛ արտակարգ իրավիճակում սովորող անհատը պաշտպանված կլինի։
  • Ուսուցիչները, դպրոցները պետք է առցանց պարապմունքի հմտություններ ձեռք բերեն, որով ոչ միայն կապահովեն հանրակրթության մասին ՀՀ օրենք մտնող հեռավար ուսուցման կազմակերպումը՝ որպես ուսուցման եղանակ, այլ կօգտագործեն այդ հմտությունները առկա ուսուցման մեջ, նաև այսպիսի ակամա արձակուրդների շրջանում։ Սա առաջինն է, բայց ո՞վ է երաշխավորը, որ վերջինն է։

Մենք ունենք այդպիսի փորձ, որ սիրով կարող ենք փոխանցել։

Փոխանցման մի հարթակը։ Դիմում ենք այսօր հարկադիր պարապուրդի մեջ գտնվող սովորողներին, ընտանիքներին, հանրապետության ուսուցիչներին. միացեք մեր հեռավար ուսուցման կազմակերպմանը՝ օգտվելով կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների հեռավար ուսուցման հարթակներից, ուսւոցիչների ուսումնական բլոգներից՝ որպես լրացուցիչ կրթություն։ Ոչինչ չեք վճարում. ստանում եք։

Փոխանցման երկրորդ հարթակը։ Դիմում ենք հեռուստաընկերություններին. պատրաստ ենք հեղինակային մանկավարժության առցանց պարապմունքներ ներկայացնել տարբեր դասընթացների, ուսումնական գործունեության։

Նյութի աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգ։