• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առանց մահանայի ուսուցման շրջան

Քանի որ հանրապետությունով մեկ ուսումնական հաստատությունները նորից փակվում են մի անորոշ շրջան՝ առնվազն մինչև մարտի 23-ը, մենք կրթահամալիրում՝ նախադպրոցական խմբերով, դպրոցներով, ուսումնական կենտրոններով, նորից անցնում ենք հեռավար ուսուցման։ Այսօր կրթահամալիրի մեդիակենտրոնում  ունեցանք մասնագիտական քննարկում, արձանագրեցինք, որ ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև ուզում ենք, որ հանրապետության ուսուցիչները, սովորողները միանան սեբաստացիների առցանց ուսուցմանը, օգտվեն մեր ստեղծած բաց համակարգից, ստեղծեն իրենցը։

Դրա համար այսօր-վաղը ուսուցիչներով, սովորողներով, ընտանիքներով զբաղվում ենք մարտի 2-6-ի՝ իրականացված հեռավար ուսուցման շաբաթի անհատական փորձի ամփոփումով, դպրոցների ղեկավարներն էլ ի մի են բերում, ամբողջացնում դրանք։ Պետք է ավելի բարեխիղճ աշխատենք, որովհետև տարածում ենք մեր փորձը, օգնում մյուսներին։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, սաներ, սովորողներ, ուսանողներ,  ստուգեք ձեր ինտերնետը, առցանց աշխատանքի գործիքները։ Արձագանքեք՝ ինչ մասնագիտական-տեխնիկական  աջակցության կարիք կա։

Անհոգնել կրկնում եմ, որ չմոռանաք մշտապես օդափոխել բնակարանը։ Կորոնովիրուսը գարունը չի տեղափոխում, ձեր պատշգամբներն ու այգիները խնամեք, անընդհատ դուրս եկեք պատշգամբ ու բակ՝ որպես ուսումնական, մարզական պարապմունքների ամենահարմար «մեկուսարանը»։

Մնացածը տեսեք կրթահամալիրի տնօրենի հրամանում, դպրոցների ղեկավարների, գրասենյակի ղեկավարների, կազմակերպիչների կարգավորումներում։

Աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգ։

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի, կինո-ֆոտո գործ