• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Երեւանի թիվ 93 մանկապարտեզը փորձում է տարածքը ցանկապատել, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դեմ է. կխոչընդոտվի աշակերտների տեղաշարժը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը 7 դպրոց ունի, որոնք գործում են Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի տարբեր հատվածներում: Աշակերտները, ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում: Ճանապարհն անցնում է հարակից թիվ 93 մանկապարտեզի կողքով:

Մանկապարտեզի աշխատակազմը ցանկանում է տարածքը ցանկապատել եւ այն առանձնացնել հարեւան ուսումնական հաստատություններից, որովհետեւ այնտեղ մուտք են գործում նաեւ տեղի բնակիչներն ու անծանոթ մարդիկ:

Օրեր առաջ ցանկապատման աշխատանքները սկսվել են, սակայն կրթահամալիրի աշակերտները թույլ չեն տվել շարունակել. կենդանի պատ են կազմել: Աշխատանքները դադարեցվել են, իսկ սովորողները հեռացրել են գործիքները, տեղում ծառեր տնկել: 

Ինչպես նշեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, խնդիրը նոր չէ, արդեն տեւական ժամանակ հաստատություններն այս հարցով համաձայնության չեն գալիս: Նա հաստատության առաջ սկսված աշխատանքները բռնություն անվանեց, քանի որ ավիրվում, ոտնահարվում է շրջակա միջավայրը, այն կանաչը, որ ստեղծել են աշակերտները: Ըստ տնօրենի՝ ցավալին այն է, որ այդ ամենը կատարվում է ոստիկանների ներկայությամբ, ովքեր ակնհայտ է, որ տարածքը ցանկապատողների կողմից են, սակայն ստեղծված իրավիճակը լավ հնարավորություն էր՝ ցույց տալու համար, որ ուսուցիչները եւ սովորողները կարող են իրենց իրավունքները պաշտպանել:

«Այս պահին ես ցանկանում եմ հասնել մյուս մասնաշենք եւ մտնում եմ մանկապարտեզի տարածք, սակայն ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ, ստիպված եմ անցնել այդ ճանապարհով»,- մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով որ դա է այն անվտանգ, կարճ ուղին, որը տանում է դեպի մյուս դպրոց: Ճանապարհի ընտրությունը պարտադրված է:

Մանկապարտեզը տարածքը ցանկապատելու համար Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել, որը, սակայն, Աշոտ Բլեյանը անօրինական անվանեց, նրա խոսքով՝ գաղտնի են դիմել՝ թույլտվություն ստանալու, իրենց պետք է տեղեկացնեին, քննարկումներ կազմակերպեին, այս հարցով կրթահամալիրը նույնպես շահակիր է:

Բլեյանը եւս մեկ անգամ ընդգծեց. ճանապարհը չի կարող չանցնել մանկապարտեզի կողքով, քանի որ ընդհանուր տարածք է, նախնական այդպես է կառուցված եղել: Երկու հաստատությունների անձնակազմերի մեջ սկզբում կարծես թե համաձայնություն եղել է, բայց դա կարճ է տեւել:

«Օրը բացվում է, արդեն տարբեր մարդիկ՝  ձեռքներին գործիքներ, գալիս քանդում են, ցանկապատ դնում, որի կարիքը բացարձակ չկա»,- նշեց Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այդ մանկապարտեզը շատ այլ խնդիրներ ունի լուծելու․ «Չգիտեմ՝ որտեղից միջոցներ են ծախսել ու դա դարձրել առճակատման հարց»:

Նա խոսքը Երեւանի քաղաքապետին ուղղեց՝ եթե սխալվել է, թույլտվություն տվել, թող ուղղի իր սխալը եւ բոլորի՝ մանկապարտեզի, իրենց եւ տեղի բնակիչների համար ընդունելի տարբերակ առաջարկի, հակառակ դեպքում՝ թող ցույց տա ճանապարհը: «Բացառվում է, որ մենք ցանկապատի մեջ ապրենք»,- շեշտեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը:

Հարցի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ մանկապարտեզի տնօրենից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց:

Անի Ավագյան

Աղբյուրը։