• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է»:

Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ պետք է գալիք սերունդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի բարձր նպատակների և արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաև ձեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը: Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, կրթության որակի շարունակական բարձրացման հարցը:

Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ», - նշված է ուղերձում:

Աղբյուրը։

Լուսանկարը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից