• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել

Մանկավարժներից շատերը երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց հիմա արդեն հարսանիքներում ու ծննդյան տոներին են երգում։

Արմենուհի Մխոյան «Տընգլ-մընգլ», «Ցորեն եմ ցանել արտը», «Բոբիկ ջուր մի էրա», «Տընգոզ է մայլի տղեն», և շիրակյան մյուս  երգերը սովորելու ու ազգայինը պահպանելու գաղափարը համախմբել է գյումրեցի մանկավարժներին:

«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

Սկզբում միայն մի քանիսն, երգերն  իմանալու  հետաքրքրությամբ համախմբվեցին խմբավար Անի  Նավասարդյանի շուրջ, ավելի ուշ`նրանց միացան մյուսները, շուտով մանկավարժների ոգևորությամբ վարակվեցին նաև աշակերտները:

«Գյումրու ուսուցչական երգչախմբի» անդամներից  քչերն ունեն երաժշտական կրթություն  ու նախկինում հանրության առջև  երբեք չեն երգել, բայց հիմա արդեն ծննդյան տոներին ու հարսանիքներում են երգում:

Ամեն ինչ սկսվեց, երբ «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը տեղափոխվեց Գյումրի, մինչ այդ  աշխատում էր «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչական երգչախմբում: Գյումրիում երգչախումբ  ստեղծելու գաղափարը տարբեր  հաստատություններում ներկայացրեց, ամենապատրաստակամը Գյումրու թիվ 10 դպրոցի ուսուցչական հանրույթն արձագանքեց:

«Անին իր առաջարկով եկավ դպրոց: Ես  էլ խոստացա  դպրոցում երգչախումբ հիմնելու դեպքում 10 մանկավարժ ներգրավել, սակայն ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ  մյուս մանկավարժների արձագանքն սպասվածից  ավելին էր: Հիմա  նույնիսկ թոշակառու «երգիչ» ունենք, որը մեզ հետ միասին  ամեն շաբաթ  հաճույքով  է գալիս երգի ուսուցման պարապմունքներին»,-պատմում է դպրոցի փոխտնօրեն Նարինե Մելքոնյանը: 

Ազգապահպան գաղափարին շուտով նաև այլ դպրոցներից միացան: «Ազգային երաժշտություն, ոչ պրոֆեսիոնալ  երաժիշտներ՝  սա  նոր հետաքրքրություն  է երգչախմբի անդամների համար, որն անպայման փոխանցվելու է աշակերտներին»,-նշում է Նավասարդյանը:

Գաղափարն այնքան գայթակղիչ է, որ գյումրեցի գործընկերներին միացել է նաև հարևան Ղարիբջանյան գյուղի դպրոցի պատմության ու  հասարակագիտության ուսուցչուհին` Կարինե Քոջոյանցը, որը, նույնիսկ  ծանրաբեռնված  գրաֆիկին, ժամանակ գտնում է Գյումրի հասնել և մասնակցել երգչախմբի պարապմունքներին:

«Խմբի մասին պատահական եմ իմացել, մեծ հաճույքով ու պարտաճանաչ հաճախում եմ բոլոր փորձերին։ Ազգայինը սովորելու միտքը ոգևորեց ինձ: Սա նաև իմ աշխատանքն  է մոտիվացնում»,- նշում է ուսուցչուհին, ու ավելացնում` նախաձեռնությանն  իրենց  դպրոցից ևս մեկ ուսուցչուհի է միացել:

Ավելի ուշ երգչախմբին միացել է «Հրայրք» ավանդական երգի, պարի խմբի անդամ Լարիսա Ժամակոչյանը, ում շնորհիվ էլ ուսուցիչները նաև  ազգագրական պարեր  են սովորում:

Սկզբում միացա երգեր սովորելու համար, հետո արդեն ուսուցիչների ոգևորությունը տեսնելով, մտածեցի` ես էլ ազգային պարեր սովորեցնեմ, և համատեղենք երգն ու պարը»,-նշեց Ժամակոչյանը, վստահեցնելով՝ ոգևորությունը հեշտացնում է աշխատանքը:

«Երեխաների քաղաքը» մեկուսացած և առանձնացված չի լինելու. «Հայկական Կարիտասի» հայտարարությունը

Գյումրու նորաստեղծ ուսուցչական երգչախումբը հասցրել է մասնակցել նաև Հառիճում անցկացված ոչ մրցութային փառատոնին: Առաջին բեմելը երգչախմբի համար ոչ  միայն իրենց կարողությունները ներկայացնելու, այլև դպրոցի համար որոշակի խնդիրներ լուծելու առիթ դարձավ. փառատոնին մասնակցելու համար տրամադրված  գումարով, վերանորոգեցին դպրոցի դահլիճի աթոռների մի մասը: Ի դեպ, դպրոցի ուսուցիչներից բացի, նախաձեռնությանը սիրով միացան նաև մյուսները:

Երգչախմբի անդամների թվի ավելացում, երգերի մաքուր կատարում ու ազգային երգն ու պարն ավելի  մեծ թվով աշակերտների փոխանցելու առաջիկա ծրագրեր ունի խմբի ղեկավարը:

Այսօր արդեն դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանն էլ վստահեցնում է՝  երգչախումբը  նոր փառատոնների ու համերգների մասնակցելու, և սեփական դպրոցի խնդիրները սեփական ուժերով հաղթահարելու հավակնոտ ծրագրեր ունեն, որոնք համախմբված ու  պատվախնդրությամբ առաջ կտանեն:

Նյութի աղբյուրը։