• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոն

Տեղեկանք

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպիչը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է։ Համակարգողները՝

  • հայկական կողմից՝ կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար, քանդակագործ Վիգեն Ավետիսը, կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը,
  • իտալական կողմից՝ քանդակագործ Մասիմո Լիպին, ճարտարապետ Ռոբերտո Ռավալին։

Փառատոնի ծրագրով հունիսին մշակվել և իրականացվել են «Գետը բնակավայրում», «Իսկական հարսանիք։ Ժողովրդական օպերա», «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծերը։ Հուլիսի 3-ից սկսել են «Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես», «Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում»  նախագծերը։ Փառատոնին մասնակցում են տարատարիք, տարազգի քանդակագործներ, ճարտարապետներ, այդ թվում՝ ուսանողներ, սովորողներ, դասավանդողներ։ 

Կրթահամալիրը, փառատոնի հայաստանցի համակարգողներն առավելագույն ջանքեր են գործադրել, գործադրում, որ փառատոնը երևանյան մշտական գրանցում ստանա։ Փառատոնի իտալացի մեր գործընկերները ընդգծված դրական վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանին և փառատոնը դիտում են հայ-իտալական արդյունավետ համագործակցության նոր խողովակ:
Փառատոնը դառնում է շրջակա միջավայրը փոխելու գործիք։ Նախագծերով ձևավորվում են՝

  • բնակելի արվարձանում ամբողջական ներառական կրթական պարտեզի անընդհատ զարգացման լուծումներ.
  • միջավայրի բարեկարգման նոր գեղագիտական, ճարտարապետական լուծումների առաջարկներ.
  • բնակավայրի, բնապահպանական խնդիրների նկատմամբ բնակչի հայացք. լուծումներ, առաջարկներ.
  • ժողովրդական ծեսը 21-րդ դարի կենցաղում ներառելու, արդիականացնելու նախագծեր։  

Փառատոնն արդյունավետ ուսումնական միջավայր է կրթահամալիրի դասավանդողների և սովորողների, Երևանի Թերլեմեզյանի անվան քոլեջի, Գեղարվեստի ակադեմիայի, ՃՇՀԱՀ-ի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Իջևանի մասնաճյուղի մեծ թվով ուսանողների համար, որ ընդգրկված են նախագծային խմբերում, մասնակցում են վարպետության պարապմունքների, իրականացնում իրենց մասնագիտական փորձառությունը։
Փառատոնի աջակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա, մարզպետարաններ, քաղաքային և գյուղական համայնքներ, «Սեբաստացիներ», «Դար», «Իմ քայլը» հիմնադրամները, անհատներ։ Քանդակագործներին իրենց ընտրությամբ քարեր է տրամադրել Բալահովիտի քարհանքի սեփականատեր Անդրանիկ Դավթյանը։
Փառատոնի ծրագրին, լուսաբանմանը, նյութերին կարող եք հետևել մեր բազմալեզու mskh.am-ում, փառատոնի բլոգում, սոցցանցում։

Հուլիսի 18-ին՝ փառատոնի պաշտոնական ամփոփման օրը, բացվել է փառատոնի կատալոգը, որը այս օրերին կլրացվի ուսանող, ուսուցիչ, սովորող մասնակիցների մասին տեղեկություններով, նյութերով։

Արձանագրություն
«Բողբոջը» (այսպես է անվանում Մասիմո Լիպին կրթական պարտեզը Երևանի հարավարևմտյան արվարձանում) մի նոր տարածք է Հայաստանում, որը բխում է իր արյունից, իր ստեղծական երևակայությունից։ Այս սքանչելի «Բողբոջը» այժմ արտահայտում է դպրոցի ստվերոտ և լուսավոր օրերը քանդակագործության միջազգային փառատոնի միջոցով։ Մասնակից արվեստագետները՝ եկած Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Վրաստանից, բարեկամություն և մշակույթ են բերում այս մեծ փառատոնին։ Հայաստանի քարերից ստեղծած նրանց  քանդակները Երևանի ուսումնական միջավայրը ու այգիները կդարձնեն էլ ավելի գեղեցիկ։
Պատմության մեջ գրվեց ևս մեկ էջ. «Արվեստը մի նոր բողբոջ է»։
Իտալացի քանդակագործ և բանաստեղծ Մասիմո Լիպի»

Հուլիսի 18-ին՝ ժամը 14.00-ից հետո, մասնակիցները կհրապարակեն փառատոնի ուղերձը։

Փառատոնի ուղերձը (նախագիծ)
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային առաջին փառատոնի մասնակիցները հայտարարում են.

  • «մաքուր» մշակութային փառատոնը կրթական միջավայրում ինքն էլ կրթական է դառնում, լրացնում կրթության բովանդակությունը, կրթական ծրագրի կազմակերպումը.
  • քանդակագործության, ճարտարապետության դերը հենց շրջակա միջավայրը փոխելն է, որը արդյունավետ ստացվում է, երբ շրջակա միջավայրը մասնակից է արարմանը.
  • Երևանի հարավարևմտյան կրթական պարտեզը՝ որպես փառատոնի իրական միջավայր իսկապես մասնակցային է դարձնում փառատոնը.
  • բնապահպանական, ազգագրական բովանդակությունը լրացնում է շրջակա միջավայրը փոխելուն ուղղված փառատոնը, կապում մասնակիցներին.
  • միջավայրի և մարդու կապն ու փոխազդեցությունը անընդհատ են, հետևաբար անընդհատ է նրանց զարգացումը՝ որպես ստեղծագործություն.
  • սա նշանակում է, որ այսպիսի կապերով փառատոնը չի կարող ավարտվել. այն  շարունակական է, շուրջտարյա՝ որպես մարդու և միջավայրի փոխներգործություն.
  • մասնակիցները շարունակում են կապի մեջ մնալ, հետևել իրենց գործերի և ազդեցությունների զարգացմանը.
  • փառատոնը Երևանում, այս կրթական պարտեզում ամենամյա է. փառատոնային հավաքներին մասնակիցներն  իրար փոխանցում են իրենց նոր գործերն ու դրանց ազդեցությունները, ներգրավում նոր մարդկանց.
  • քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային 2020թ. փառատոնի շրջանակում մասնակիցները միասին վերելք կհաղթահարեն և բարձր մի գագաթից միասին կնայեն Հայաստանին՝ որպես փառատոնի շրջակա միջավայր։