• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը

Ամբողջական հարցազրույցը՝ Նունե Մովսիսյանի բլոգում․

Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը: Խաչքարերի, տաճարների, մաճկալների, հացթուխների, տպագրիչների, գորգագործների ցեղը մեզանում դարձյալ պիտի արթնանա, ուզենք թե չուզենք, այլապես աշխարհի վրա մեզ չեն պահի: Ուրեմն, ամբողջատիրության պայմաններում մեր կորցրած, դիմազրկված հայը իր դեմքը գտնելու է, և այլևս խանդով չենք նայելու, ասենք թե՝ Կիրակոսյան եղբայրներից նրան, ով Ամերիկայում ծաղկել ու դեմք է դարձել, որի մյուս եղբայրը էստեղ մուրացկանի վիճակում է, կարծես թե մեկ և նույն հոր զավակները չեն: Անկախությունը մեզ այն կտա, որ մենք մի երեսուն տարի հետո մեր նախկին հսկաներին՝ Աճառյանին, Լեոյին, Աբեղյանին առնչվող ազգակիցներ կհայտաբերենք:
– Այս հարցը Ձեզ վաղուց էի ուզում տալ և կուզենայի, որ Դուք պատասխանեք ձերավարի, Ձեր լեզվով, Ձեր բառերով, որպեսզի բոլորն իմանան, թե ինչու չէիք ամեն օր կանգնում Ազատության հրապարակում, միտինգներում 1988 և հաջորդ ժամանակներում…
– Ի սկզբանե, թերևս մանկությունից, գուցե այն պատճառով, որ հորենական իմ տունը գյուղից կտրված էր, գյուղամեջը, հրապարակը, ժողովը չեմ սիրում: Չեմ սիրել հեղափոխականներին՝ դա Ռոբեսպիեր կլիներ թե Պուգաչով, Ղաչաղ Նաբի, թե… և միայն իմոնց՝ դաշնակցականների վերաբերմամբ սիրո տաքուկ մի ալիք միշտ իմ մեջ եղել է, թերևս այն պատճառով, որ նրանք նահատակների և վտարվածների կուսակցություն էին: Հրապարակը, մեր հրապարակը, այո, հեղափոխությամբ էր հոտում, և ըստ այդմ էլ, որպես պահանջի արդարություն, ինձ համար համակրելի էր, որպես հեղափոխություն՝ արգահատելի: Առավել ևս, որ երբեմն ձախ ալեկոծումով արևելյան հեղափոխության էր ձգտում: Իսկ արևելյան հեղափոխությունը՝ կտրել, ջնջել, ոչնչացնել, պալատները քանդել: Եվ միայն ագզային մեր բնավորության իսկապես գուրգուրելի, իսկապես մարդկային ու համամարդկային հանդուրժողականությունը մեր հեղափոխությունը չվերաճեցրեց, չվերածեց ջարդարարության: Ես անձամբ գոհունակությամբ ընդունեցի այն, որ երկրի քաղաքական առաջնորդը ես՝ Հրանտ Մաթևոսյանս չեմ: Այդ ծանր մարզի պատասխանատվությունը վերցրել են մարդիկ, ովքեր ինձանից ավելի լավ կմանևրեին. մի խոսքով, դա մարզ է, որտեղ աշխատելու համար պիտի գլխովին նվիրվես: Եվ փառք ու պատիվ նրանց, ովքեր այս կամ այն չափով կարողանում են գլուխ հանել այս մարզից: Եթե ես և մյուսներս կարողանանք մեր պատվախնդրությունը ճնշել և անընդհատ չհիշել, որ երեկվա հրապարակի և ամբիոնների հերոսները մենք էինք, և մեր՝ օր կենդանությամբ ինչու են մեզ պատվանդաններից իջեցնում, շատ լավ կլիներ: Իսկ եթե ասենք թե էգոիզմս ինձ հաղթեց, և ես՝ դարձյալ որպես երեկվա հերոս, հրապարակ նետվեցի, և իմ որդին իմ դնչին եկավ, թե՝ գնա տուն, դա ինձ համար դաս է լինելու, և ես դրա համար ուրախ եմ լինելու: