• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Կներեք, որ ֆրանսերեն չեմ խոսում

Ամբողջական պատումը՝ Յուրա Գանջալյանի բլոգում․

–Կներեք, որ ֆրանսերեն չեմ կարողանում խոսել: Դուք անգլերեն խոսու՞մ եք:

Այս երկու ներածական նախադասություններով էին մոտենում Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներում ֆրանսախոս երկրների ներկայացուցիչներին մեր Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությունը սովորող ուսանողները՝ Անժելա և Միլենա Շամոյանները, Մարիաննա Սուլյանը , Նարինե Մանասյանը, Գոհար Ջհանգիրյանը: Իհարկե, այս հարցադրումով և խնդրանքով մոտենալը մի փոքր խախտում է Ֆրանկոֆոնիայի առաջնային գաղափարը՝ ‹‹Խոսել ֆրանսերեն››, բայց մեր բարեհամբույր ու անկեղծ ժպիտներով ցույց էինք տալիս, որ լիովին պահպանում և ընդունում ենք Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հիմնարար սկզբունքները՝ ‹‹տարբեր ժողովուրդների միջև բարեկամության, սիրո և հանդուրժողականության հաստատում, ժողովրդավարական արժեքների գնահատում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն››: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է աշխարհի 40 երկրներում, որոնցից 21-ը աֆրիկական են: Մեզ համար սկզբում դժվար էր գտնել տաղավար, որտեղ կընդառաչեին մեզ և կխոսեին անգլերեն: Մեր ճիգերն ապարդյուն անցան Կոնգոյի, Կոտ դ՛իվուարի (Փղոսկրյա ափի), Նիգերի տաղավարներում, իսկ մի տաղավարում էլ սկսեցին հայերեն խոսել: Պարզվեց, որ մենք Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնի տաղավարում ենք: