• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ինչո՞ւ են վախենում, ինչո՞ւ են փակ նիստեր անցկացնում, ի՞նչն է խանգարում, որ հավաքվեն մի ուրիշ հրապարակում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ խաղաղ ցույցների ավանդույթը Հայաստանում սկիզբ է դրվել 1988թ.։

«Նիկոլ Փաշինյանն էլ սեփական կենսափորձով ամենը վերլուծել էր, մեթոդի ընտրություն էր կատարել, ինչպես-ի վրա շեշտադրումը լավ արված էր։ Նիկոլին ընտրած երիտասարդները շատ արագ կարողացան բոլոր հարցերում գալ համաձայնության և ցույց տալ, որ երիտասարդները մեզ գերազանցում են ազնվությամբ, խիզախությամբ, չնահանջելով, չկաշառվելով։ Ես կուզեմ, որ ամբողջ ընթացքը լինի քաղաքացիական անհնազանդության շրջան. Համերաշխությունը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև անհնազանդությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում «գյոզալ» ձեռքբերումը կարող է հպատակության փոխվել։

«Շատ կարևոր էր, որ այս 30 տարվա ընթացքում պայքարող մարդիկ, որոնք եղել են փողոցում, շատ արագ նկատեցին այս հեղափոխական նոր շարժումը, և իրենց տեղը զիջեցին։ Դժվար էր իրենց համար, որովհետև մինչև Նիկոլի մտնելը՝ շատերն ամբիոնին էին արդեն, կային տեքստեր, և այլն, բայց իրենք արժանապատիվ հետ կանգնեցին, հասկացան, որ պատանիները հայտ են ներկայացրել՝ իրենց նոր առաջնորդի ղեկավարությամբ։ Եվ հիմա այս փուլում ավելի շատ պետք է խոսենք մեծահասակների դերի մասին, որովհետև մտնում ենք ամենակարևոր, ամենավճռական գործողությունների շրջան, և մեծերը պետք է շատ արագ գնահատեն իրենց անելիքները։ Նեղանալը, հավակնոտ երևալը, դասեր տալը պետք է մղվեն երկրորդ պլան, ամեն ինչ պետք է աշխատի երիտասարդների օգտին»,- նկատեց նա։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն ընդգծեց, որ քայլքը սրում է միտքը. «Երբ դու ճամփորդ ես, միտքդ սուր է, դու տեսնում ես բաներ, որ չէիր տեսնում, գտնում ես լուծումներ։ Անընդհատ քո դիրքն է փոխվում, կարող ես երևույթներին այլ կողմերից նայել։ Սա միջոցառում չէր, որն ավարտվեց, մենք հրաշալի հասկանում ենք, որ երկար ճամփա պետք է գնանք, իսկ դա պետք է անցնեն չհոգնած մարդիկ: Գործընթացը պետք է շարունակվի՝ անկախ որևէ ելքից»։

Նա չի ընկալում՝ ԱԺ-ի քվեարկություն ասվածը, որովհետև ԱԺ-ն շենքը չէ, ժողովրդի ներկայացուցիչներ են, և նորմալ է համարում, որ քվեարկությունը լինի հրապարակում. «Հիմա բոլորը դրսում են, ոչ ոք չի վախենում, մեկ էլ հանկարծ ՀՀԿ-ի պատգամավորը վախենո՞ւմ է. ինչո՞ւ են վախենում, ինչո՞ւ են փակ նիստեր անցկացնում, ի՞նչն է խանգարում, որ հավաքվեն մի ուրիշ հրապարակում, կանչեն իրենց ընտրողներին։ Դու ստեղծիր քո ամբիոնը, ՀՀԿ, եղիր ընդդիմություն, որովհետև դա շատ կարևոր է։ 1988թ. դա հրաշալի և ճիշտ օգտագործվում էր՝ պատգամավորին տնից դուրս հանելով։ Ընտրողները պետք է սկսեն պատգամավորներին ուղեկցել»։

Աղբյուրը՝ 168.am