• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Շքեղ ու հպարտ Անի…

Նկարագրություն: 
Նոր սահմանային անցակետից Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց դժվար ու ծանր է այդ կիլոմետրերը հաղթահարելը: Անհանգստություն, հպարտություն ու հետաքրքրություն. այս զգացողություններն են համակում այցելուներին Անիի ճանապարհին: Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն: Անին համարվում էր հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվում է արևելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվում, եկեղեցիներում խունկ չի ծխվում, աղոթք չի կարդացվում:Չնայած դարավոր ավերումներին՝ վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատակները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին: Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպներն ուր որ է կբացվեն, ու ինքը կտեսնի այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի ժողովուրդներին: Երբեմնի հզոր և գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները: Հազար ու մի եկեղեցիների քաղաք, ուր այսօր մնացել է ընդամենը 9 կիսավեր եկեղեցի…