• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հյուրեր ու էլի հյուրեր

«Դուք բախտավոր եք, որ սովորում եք այս դպրոցում ու ունեք լավ մասնագետ դառնալու բոլոր հնարավորությունները,- ահա ինչպես արտահայտվեցին Հոլանդիայից մեր կրթահամալիր այցելած հյուրերը կրթահամալիրում շրջելուց հետո:
 Կրթահամալիրն ապրում էր իր սովորական կյանքով, երբ եկան հյուրերը… սկսեցինք պարել ու երգել. զարմացած էին: Նույն բարձր տրամադրությամբ շարժվեցինք գրադարան, որտեղ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ կրթահամալիրի 11-րդ դասարանցիները պատմեցին կրթահամալիրի մասին ու ներկայացրեցին կայքը, խոսեց տիար Բլեյանն ու հյուրերին առաջարկեց հաջորդ անգամ մնալ մեր հյուրատանը` մեզ ավելի լավ ճանաչելու համար: Տիար Բլեյանը խոսեց մեր նախագծերի մասին, որոնք իրականացնում ենք Վրաստանի դպրոցների հետ, խոսեց կրթական փոխանակումների մասին, որոնք դեռ շարունակվում են: Հյուրերին հետաքրքրեց` ով է մեզ հովանավորում ու ստեղծում այդ կրթական կամուրջները, որովհետև չնայած նրան, որ իրենք էլ են կողմ նման փոխանակումների, չունեն համապատասխան հովանավորներ: Ժպտացին` իմանալով, որ ամեն ինչ տիար Բլեյանն է անում` համագործակցելով մարդկանց հետ, ովքեր պատրաստ են օգնել մեզ:
 Քննարկումից հետո կազմակերպեցինք փոքրիկ ճամփորդություն կրթահամալիրի ներսում: Քանի որ հյուրերի մած մասը կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի մասնագետներ էին, որոշեցինք առաջինը ցույց տալ մեր լաբորատորիաներն ու ջերմոցը: Հետո եղանք 8-3 դասարանում, որտեղ բոլոր սովորողներն աշխատում էին նոթբուքներով:
«Ճամփորդությունն» ավարտելուց հետո հյուրերին սպասվում էր հյուրասիրություն ճաշարանում: Հետո սկսվեց միջին դպրոցի ընդհանուր պարապմունքը, որի մի մասնիկն էին դարձել նաև մեր հյուրերը` երգում էին, պարում ու հիանում:
Հոլանդացի ուսուցիչների խումբը տպավորված էր: Նրանց շատ էին դուր եկել մեր դպրոցի առանձնահատկությունները, ազատությունը, ստեղծագործ սովորողների մեծ խմբերը: Նրանց զարմացրեց այն փաստը, որ կրթահամալիրում ազատ ստեղծագործում են բազմաթիվ հատուկ կարիք ունեցող երեխաներ:
Հյուրերից մեկն ասաց, որ իրենց դպրոցում երեխաները հարմարվում են ամեն ինչի հետ ու ոչինչ չեն ուզում փոխել: Հետո սիրով ավելացրեց, որ լավ կլիներ, որ մեզ հետ շփվեին ու դառնային ավելի ակտիվ:
Վերջում բոլորիս փոքրիկ նվերներ տվեցին ու բարձր տրամադրությամբ հեռացան:
Վստահ ենք, որ դեռ կշարունակենք համագործակցությունը… գիտեք` մեզանից պրծում չկա. քանի կա ինտերնետ` կա օնլայն համագործակցություն:

Մանե Գևորգյան, 11-րդ դասարան