• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Ուսումնական կենտրոնի ղեկավար

Առաջադրված է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի 2016 թվականի հունվարի 11-ի նիստում

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավարի պաշտոնի նկարագիր

ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կրթահամալիր) կրթահամալիրի կառուցվածքով որոշված ուսումնական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն)  ղեկավարը (այսուհետ՝ Ղեկավար) տվյալ բնագավառում կրթահամալիրի առաջատար ուսուցիչ է, որ ստանձնում է լրացուցիչ պարտականություններ: Նրան Կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է Կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):  

  1. Ղեկավարը պիտի ունենա բարձրագույն կրթություն, տիրապետի գրական հայերենին, առնվազն մեկ օտար լեզվի, ունենա անհրաժեշտ ՏՏ հմտություններ:
  2. Ղեկավարի շաբաթական աշխատաժամանակը 40 ժամ է:
  3. Ղեկավարը կարող է մինչև մեկ դրույք  ուսումնական ծանրաբեռնվածություն ունենալ:
  4. Ղեկավարը Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի աշխատող է:
  5. Ղեկավարի համար աշխատանքի վայրը նրա ուսումնական կաբինետն է կամ Տնօրենի որոշած ուրիշ վայր:
  6. Ղեկավարը պատասխանատու է Կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերով որոշված՝ Կենտրոնի կողմից սպասարկվող դասընթացների ծրագրերի, ձեռնարկների, ուսումնական նյութերի ստեղծման, արդյունավետ դասավանդման և տարածման համար:
  7. Ղեկավարը պատասխանատու է Կենտրոնի և Կրթահամալիրի գրադարանի, մեդիագրադարանի համագործակցության համար:
  8. Ղեկավարը պատասխանատու է Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված՝ Կենտրոնի կողմից սպասարկվող ստուգատեսների, մրցույթների, ցուցահանդեսների, համերգների,  ֆլեշմոբերի, առարկայական օլինպիադաների կազմակերպման համար:
  9. Ղեկավարը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել Կենտրոնի գործունեության կիսամյակային հաշվետվությունը:
  10. Ղեկավարի անհատական պլանը (այսուհետ՝ Պլան) հաստատում է Տնօրենը:
  11. Ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է Տնօրենի նշանակած անձը:
  12. Ղեկավարի աշխատաժամանակի դասավանդումից ազատ մասը ներառում է.
  • մասնակցություն կրթահամալիրի մասնաժողովի, Խորհրդի նիստերին.
  • մասնակցություն կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմմանը.
  • մասնակցություն Կենտրոնի դասավանդողների ուսումնական ծանրաբեռնվածության որոշմանը.
  • Կենտրոնի աշխատանքային պլանի մշակում, ըստ դրա՝ Կենտրոնի դասավանդողների աշխատանքի կազմակերպում.
  • Կենտրոնի դասավանդողների սեմինար պարապմունքի կազմակերպում.
  • դասավանդողների հետ ծրագրային և մեթոդական հարցերի քննարկում.
  • դասավանդողի հաջողված փորձի տարածում.
  • Կենտրոնի կողմից սպասարկվող առարկաների գծով ծրագրային և մեթոդական հետազոտությունների կազմակերպում.
  • Կենտրոնի դասավանդողների համար մասնագիտական զարգացման ծրագրերի ձևավորում
  • Կենտրոնի բլոգի (կայքի) ղեկավարում, դասավանդողի ուսումնական բլոգի ուսումնասիրություն.
  • Կենտրոնի դասավանդողների հետ նրանց անհատական պլանների և ամսական կատարողականների քննարկում, աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացնում.
  • օգնություն դպրոցի ղեկավարին՝ բացակայող դասավանդողին փոխարինման հարցում, դասացուցակային հարցերի կոորդինացում.
  • նոր ընդունվող դասավանդողի մասնագիտական փորձաքննություն.
  • դասավանդողների և սովորողների կողմից հետազոտական աշխատանքների կազմակերպում.
  • Տնօրենի այլ հանձնարարությունների կատարում:
  1. Ղեկավարը, սահմանված կարգով, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի շրջանակում և կրթահամալիրից դուրս կարող է կատարել նաև այլ՝ գիտական-ստեղծագործական, նախագծային, հետազոտական, թարգմանական, խմբագրական աշխատանք: