Երկուշաբթի
Կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված է, որ «Հանրակրթական ծրագրի բովանդակությունը կազմող տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ), համակարգչային գիտություններ» ուսումնական բնագավառի բովանդակությունը, ներկայացվող պահանջները ներառվում են մյուս բնագավառներում:
Ուսուցումը 1-ին դասարանից կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Կրթահամալիրի բազմալեզու mskh.am կայքը, ենթակայքերը, մեդիագրադարանը, «Սեբաստացիներ» TV-ն, ռադիոն, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգները, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրերը ՏՀՏ հմտությունների զարգացման լիարժեք միջավայր են։
1-3-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
4-5-րդ դասարան: Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր (օրինակ՝ Microsoft Power Point): Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox... օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
6-9-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox: Վարում է սեփական ուսումնական բլոգը, որում սահմանված կարգով արտացոլվում է ուսումնական գործունեությունը: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել: Ծանոթանում է տեղեկատվության օգտագործման բարոյական նորմերին:
10-12-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ, ֆիլմ, ռադիոնյութ. սովորում է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:
Ուսումնական պարապմունքի, տնային աշխատանքի, լրացուցիչ կրթության մեջ օգտագործվող թվային միջոցներ (անհրաժեշտ, բավարար, ցանկալի): Պահանջների պարզաբանում