• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գրաբարյան օրեր» ծրագիր

Ծրագրի նկարագրությունը

«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր դպրոցում կազմակերպել միջոցառումներ, գրաբարով տարբեր տեքստերի ընթերցումներ, գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն, նախապատրաստում փոքրիկ թեստային մրցույթի:

Ծրագրի ընթերցումների փուլի ավարտին դպրոցներից ներկայացված հայտերով աշակերտները կհավաքվեն ԱՀԹ առաջնորդանարնում, նրանց կտրմադրվեն պարզ թեստեր, որոնց արդյուքնում լավագույնը ճանաչված երեք աշակերտներ կպարգևատրվեն (Արարատյան Հայրապետական թեմ «Գրաբարյան օրեր»  գրառումով մեդալ, պատվոգիր, գրքեր, հուշանվեր):

Բոլոր մասնակիցների համար ծրագրի ավարտին կկազմակերպվի ուխտագնացություն:

Ծրագիրը կդառնա ամենամյա: Հաջորդ տարի «Գրաբարյան օրեր» ծրագիրը կմեկնարկի առավել վաղ, որպեսզի տոնին ամփոփվեն արդյունքները: 

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է մատաղ սենդին կապել գրաբարի հետ, ցույց տալ, որ այն սովորելու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան, որ այն մեր գեներով ու արյունով է փոխանցվում սերնդե սերունդ և յուրաքանչյուրիս դարձնում է նախնյաց ժառանգության կրողը: Գրաբարը այն կամուրջն է, որ դեպի Աստված տանող ճանապարհն է հարթում, Աստծո հետ մեր խոսքն առավել հստակ ու հասկանալի է դարձնում:

Սա մեր մշակույթի այն կարևոր հանգրվանն է, որ իրավունք չունենք կորցնելու և մոռացության մատնելու: Գրաբարը պիտի փորձենք դարձնել մեր կենսակերպի մի մասը:

Գրաբարի վերհառնումը կխոսեցնի Մատենադարանը, կծնի վիմագիր արձանագրությունների նոր  ընթերցողներ, վերլուծողներ ու գիտնականներ: Եվ գրաբարի միջոցով, ինչպես Ս. Եղիշե վարդապետն է նշում, «մենք կճանաչենք աշխարհի բոլոր հին լեզուները»:

Այս սերունդը, որ խոստումնալից ապագա ունի, պիտի դառնա հայրերի ժառանգության կրողն ու պատասխանատվություն ստանձնի ճշմարտությունը ներկայացնելու՝ օտար հոսանքներից ու կեղծ գիտական ուսմունքներից բոլորիս զերծ պահելու համար:

Աղբյուրը՝  Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին