Երկուշաբթի
Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։
Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։
Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում:
Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։
Միջավայր
Բովանդակություն