• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մեր գյուղերը. Եղեգիս

Նկարագրություն: 
Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ քաղաքներից մեկն է եղել։ 13-14-րդ դդ. այն Օրբելյան (Պռոշյան) իշխանական տան նստավայրն էր։ Երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքը լքել է Պարսկաստան աքսորված հայ բնակչությունը, իսկ ավելի ուշ շրջանի բնակիչներն այն վերանվանեցին Ալայազ։ Սումգայիթի փախստականները բնակեցրեցին գյուղը 1988 թ.` վերադարձնելով գյուղին իր սկզբնական անունը։ Եռանավ Սբ. Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թ.` ավելի հին եկեղեցու ավերակների վրա։ Արևմտյան պատի լուսամուտի բարավորի կամարի տակ հին խաչքար է քանդակված։ Դռան բարավորի կամարի երկու կողմերից պատկերված են թագակիր ծովահարսեր։ Այդ պատկերը լայն տարածում ուներ միջնադարում` հավանաբար խորհրդանշելով թագավորական իշխանություն։ Յուրաքանչյուր պատկերի հետևում կերտված են Կենաց ծառի տերևներ։ 13-րդ դ. Սբ. Կարապետ եկեղեցին լավ պահպանված գմբեթավոր խաչաձև փոքր կառույց է։ Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր։ Ինչպես վկայում են արձանագրությունները, եկեղեցին կառուցել է Ներսես Նահատակը։ Զորաց եկեղեցին գտնվում է գյուղի արևելյան կողմում։ Գյուղի կենտրոնում պահպանվել են հնադարյան թաղածածկ կաթողիկե փոքր եկեղեցու ավերակները` 10-րդ դարով թվագրվող, թեև ավելի վաղ կառույցից կերտված լինելու նշաններ է կրում։ Գետի մյուս կողմում, ուր կարելի է հասնել ներքևի ճանապարհով և կամրջով, Եղեգիսի հրեական համայնքի գերեզմանատունն է։