• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեռնուհին

   Յոթերորդ դասարանում, երբ կարդում էի Հենրիկ Սենկևիչի «Յո Երթաս» վեպը, մի կերպար ինձ դյութեց: Դա լիգուրների արքայադուստր Լիդիան էր: Լեռների անսանձ ցեղերի արքայի դուստրը, ով գերվել էր ներոնյան Հռոմի կողմից և պետք է դառնար Ներոն կայսեր վայրագությունների օբյեկտ: Այդ վեպը կարդալիս մի տեսակ համակրանք առաջացավ հերոսուհու՝ Լիդիայի հանդեպ: Այնքան գեղեցիկ ու թովիչ է ներկայացնում Սենկևիչն այդ աղջկան, որ նրան անհնար է չսիրել: Բայց դա խորքային սեր չէ, դա պարզապես սեր է հերոսի նկատմամբ, այնպես ինչպես կսիրես Աթոսին կամ Նավզիկեին:

   «Ադամանդ որոնողները» փոխարինելով «ինտերնետ որոնողներ» հասկացությամբ, ճանապարհը ինձ ու տիար Գևորգին տարավ գյուղի մանկավարժներից մեկի՝ Անահիտի տունը: Անահիտն ինձ ճանաչեց միանգամից, պարզվեց նա եղել է մեր կրթահամալիրում: Հանդիպումը, ընթացքը և հյուրասիրությունը բացառիկ էր: Հրաշք ընտանիք և երեք դուստրեր: Փոքրը՝ Լիլիան, նոր էր փոխվում չորրորդ դասարան, չնայած այն հանգամանքին, որ ընդամենը ութ  տարեկան էր: Նա մեզ ապշեցրեց իր շփվելու արվեստով: Ավագը՝ Մելինե, ով Ստեփանակերտի Երաժշտական ուսումնարանի ուսանողուհի էր, փայլեց իր ելույթով: Հանդիսականներս՝ տիար Գևորգը և ես, պարզապես հիացած էինք:

   Ու ահա, Նոր Այգեստան գյուղում, ես տեսա այս լեռների Լիդիային, ով ներխուժեց հողմերի պես վայրագ: Աղջիկն իր լեռների իրական դուստրն է: Նրա մեջ չկար այն Լիդիայի հեզությունը և մաշկի դալկությունը, ինչն առկա էր Հենրիկի Լիդիայի մոտ: Բայց փոխարենը, Արցախի Լիդիան դյութիչ էր իր քամահրանքով անգամ: Զրնգուն ծիծաղը և հայացքի խաղացող չարությունն ունիկալ հմայք էին հաղորդում այդ աղջկան: Արտաքնապես ոչնչով չփայլելով, նա ընդամենը կրում էր իր բնաշխարհի դրոշմը, որն այնքան սազում էր նրա կյանք պարգևող դեմքին: Փոխարենը լեցուն էր կյանքով, անսանձ բուրմունքով, որն առկա էր նրա ամեն մի խոսքում: Արտաքին շփման և անբռնազբոս երջանկության շուքի ներքո, նա թաքցնում էր գեղջկական ամոթխածությունը, որն այնքան խորքային էր նրա մեջ, բայց անուշադիր մարդը երբեք չի նկատի: Իսկ երբ կատարում էր Սայաթ-Նովա և դա անում էր պատուհանից այն կողմ՝ բազրիքին հենված, Սայաթի փենջարային բացատրական տիրույթում, տեսարանն ամբողջացավ: Նա ընդգծվեց իր ողջ հմայքով:

   Ահա այսպիսին էր ծիծաղաշատ ու հայացքը միշտ երազանքի անհունին հառած Լեռնուհին:

Կարծիք

Վահրամ ջան, ամեն ինչ հասկանալի էր: Քո գրելու եզակի ոճին էլ արդեն ծանոթ ենք: Ամեն ինչ հիանալի է, բայց հասկանալի չէ, թե որտեղ եք այդպես գլխիկոր կանգնած:

Վահրամ ջան, բայց իրոք շատ լավ նկար է, բայց կներեք ոչ տեղին... Գրվածք շատ հիանալի է, բայց որ մկնիկի սլաքը դնում եմ նկարի վրա գրվում է Լեռնուհին սիրտս մղկտում է: Կներես...
By Անահիտ Շումանյան

Վահրամ ջան, բայց իրոք շատ լավ նկար է, բայց կներեք ոչ տեղին... Գրվածք շատ հիանալի է, բայց որ մկնիկի սլաքը դնում եմ նկարի վրա գրվում է Լեռնուհին սիրտս մղկտում է: Կներես...
By Անահիտ Շումանյան

Հարգելի Անահիտ, սիրով կփոխեմ նկարը: Պետք է խնդրեմ Ձեզ, Լեռնուհուց մի նկար ուղարկել, քանի որ նկար չունեմ: [email protected] Էլ. հասցեով: Կանխավ շնորհակալություն:

Կարծիք ավելացնել