• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն ԱՅԲ ավագ դպրոց

 

Այսօր Արտակ Զարգարյանը, ես և մեր Ավագ դպրոց-վարժարանի վեց սովորողներ այցելեցինք ԱՅԲ ավագ դպրոցը: Մեզ ջերմորեն դիմավորեցին և դպրոցի մի քանի սովորողներ սկսեցին հպարտությամբ ցույց տալ իրենց դպրոցը: Այստեղ ամեն ինչ նոր է`պատվիրված և բերված արտասահմանյան երկրներից: Զգացվում է, որ հսկայական ներդրումներ են արված, և դպրոցի աշխատակազմը ամեն ինչ ստացել է միանգամից որպես նվեր: Հնարավոր չէր մի այցելությամբ պատկերացում կազմել նրանց ուսուցման արդյունավետության մասին, բայց առաջին հայացքից և սովորողների հետ շփումից զգացվեց, որ այստեղ սովորողների ու դասավանդողների միջև ջերմ հարաբերություններ են ստեղծվել և դա շատ բարձր է գնահատվում: Տպավորիչ էր այն, որ շենքի նախագիծը և ձեռք բերված կահավորանքը ստեղծում են երեխաների համար մաքուր էկոմիջավայր: Օրինակ, քիմիայի լաբորատորիան ունի տարբեր քիմիական նյութերի համար հատկացված օդորակիչով առանձին պահասենյակ, որը կարող է  բացել միայն քիմիայի դասավանդողը և նրա օգնականը, իսկ սովորողի յուրաքանչյուր աշխատասեղան կահավորված է ջրի ծորակով:  

Յուրաքանչյուր սովորող ունի իր պահարանը, որը մետաղյա է և էլեկտրոնային փականով: Հետաքրքիր ու երեխաների համար զվարճալի լուծում է երկրորդ հարկից ճաշարան իջնելը թունելատիպ սղարանով: Դպրոցում մի քանի սպիտակ ու ողորկ մակերոսով պատեր օգտագործվում են որպես հայտարարությունների, հետաքրքիր մտքերի, մաթեմատիկական խնդիրների լուծման համար յուրօրինակ գրատախտակներ: Դասարանները, միջանցքները  ողողված են բնական լույսով: Էկոմիջավայրի մի կարևոր բաղկացուցիչն էլ դպրոցի համար անսովոր լռությունն էր, ինչ-որ չափով` ճնշող լռությունը, որը դուր չեկավ մեր Հովհաննեսին ու Վահեին: Մեր էքսկուրսավար-սովորողները պատասխանեցին մեր մի քանի հարցերին, որոնք ուղղված էին իրենց ուսմանը: Պարզվեց, որ դպրոցի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ԱՅԲ-ում խորացված ուսուցման առարկաները դասավանդվում են անգլերենով:

Վերջում մենք սովորողներին և դասավանդողներին բաժանեցինք  Edudigitech-2013-ի բուկլետները և հրավիրեցինք նրանց մասնակցելու այդ ստուգատեսին: 

Կարծիք

Շատ շնորհակալ եմ մանրամասն պատմության համար: Շատ հետաքրքիր էր:

Կարծիք ավելացնել