• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպումը կայացավ Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան պ-ն Ջոնաթան Ավեսի առանձնատանը

Հանդիպման առիթը անգլիացի ականավոր լեզվաբան, բառարանագիր, շեքսպիրագետ, անգլերեն լեզվի քեմբրիջյան հանրագիտարանի հեղինակ Դեյվիդ Թրիսթալի այցն էր Երևան:Հանդիպմանը հրավիրված էին Երևանի Պետական համալսարանի անգլերեն լեզվի երկու ամբիոնների վարիչները`Սեդա Գասպարյանը և Ելենա Երզնկյանը, Միացյալ թագավորությունում Հայաստանի նախկին դեսպան Վահե Գաբրիելյանը, Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը, Կրթության ազգային ինստիտուտի անգլերենի բաժնի վարիչ Անուշ Խաչիկյանը և անգլերենի այլ մասնագետներ` ընդհանուր թվով 20 հոգի, իսկ տան տիրոջ դերում էին պ-ն դեսպանը` Ջոնաթան Ջեյմս Ավեսը և նրա կինը` տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Երբ ներս մտա, պ-ն դեսպանը ուրախ ողջունեց ինձ և ներկայացավ: Ես նույնպես ներկայացա և երբ ասեցի, որ աշխատում եմ "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրում, նա հարցրեց ինձ, թե արդյոք մեր դպրոցը գտնվում է Մալաթիա Սեբաստիա համայնքում: Պարզվեց, որ նա արդեն հասցրել է որոշ բաներ լսել մեր կրթահամալիրի մասին:Այդ ժամանակ ես սկսեցի պատմել նրան մեր կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության մասին և երբ նրան ցույց տվեցի "Մեկ հեղինակ + մեկ բանաստեղծություն" անգլերեն-հայերեն թարգմանություններով մեր կրթահամալիրում հրատարակած գիրքը, նա շատ զարմացավ, որ այդ աշխատանքը կատարել են խորացված ուսուցման դասարանի սովորողները: Ցանկացած երկրում այլ երկրների դեսպանների առաջնահերթ գործերից մեկը միջմշակութային կապերի ստեղծումն է, իսկ մեր ստեղծածն էլ հենց դա էր: Դեսպանն ասաց, որ այդ գիրքը բացառիկ լավ գաղափար ունի: Իսկ ամենակարևոր զրույցը դեռ առջևում էր:Ցածր սեղաններին դրված էին տարբեր տեսակի փոքրիկ խմորեղեններ և ուտեստներ, իսկ մատուցողներն էլ սկուտեղների վրա բերում էին տարբեր տեսակի ըմպելիքներ: Ուրախ և ջերմ մթնոլորտ էր: Ես սպասում էի այն հարմար պահին, երբ կկարողանամ մոտենալ Դեյվիդ Քրիսթալին և եկավ այդ պահը: Մոտեցա նրան ու ներկայացա, և երբ պատմեցի նրան Շեքսպիրի "Ինչպես կամենաք" պիեսի   "Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ`դերասաններ" մենախոսության հիման վրա ստեղծված մեր բեմադրության և այնուհետև հրատարակված գրքի մասին, նվիրելով նրան այդ գիրքը իր ձայներիզով և մեր բեմադրության տեսաերիզով, նա ասաց, որ նույնիսկ Անգլիայում չէր կարող ծնվել Շեքսպիրի գործի այդպիսի մեկնաբանություն և ավելացրեց, որ Շեքսպիրին ներկայացնելու այդ գաղափարն իմանալը Հայաստան գալու իր բոնուսը եղավ:Նա հարցրեց, թե արդյոք ես այլ աշխատանքներ ունեմ և հորդորեց ինձ նամակագրական կապ սկսել իր հետ: Ինչպես դիվանագետներն են ասում` հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, իսկ ինձ համար`մի քիչ էլ ավելին: